Համայն հայության հովվապետե՞ր, թե՞ ՀՅԴ-ական հովանավորների հրահանգով գործող անձինք․ Ինչպես են եկեղեցին ծառայեցնում քաղաքական վրեժխնդրությանը
Այս տարվա հոկտեմբերի 28-31-ը Երևանում կկայանա Համաշխարհային հայկական գագաթնաժողովը։ Նպատակը Սփյուռքի հետ միասին ընդհանուր օրակարգ ձևավորելն է։ Քննարկվելու են տարբեր ոլորտներին առնչվող խնդիրներ, մշակվելու է ռազմավարություն, կայանալու են սեմինարներ, պանելային քննարկումներ։ Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը դեռ ամիսներ առաջ Սփյուռքի տարբեր կառույցների, անհատների գագաթնաժողովին մասնակցելու հրավերներ էր ուղարկել, այդ թվում՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսարաններին, որից հետո գործին խառնվել էր ՀՅԴ Բյուրոն։

Օգոստոսին Civic.amձեռքի տակ էր հայտնվել ՀՅԴ բյուրոյի կողմից Սփյուռքի տարբեր կառույցներին ուղարկված շրջաբերականը, որով վերջիններս հորդորում և պահանջում էին հրավիրյալներից չմասնակցել գագաթնաժողովին։ Բյուրոյի՝ Սփյուռքի կառույցներին ուղարկված շրջաբերականում նշված էր նաև, որ խորհրդակցել են Հայ առաքելական եկեղեցու զույգ կաթողիկոսների հետ, որոնք ևս, ըստ Բյուրոյի, խանդավառված չեն մասնակցելու այս գագաթնաժողովին։ «Բիւրոն նաեւ խորհրդակցած է Հյաց.Առաք. Եկեղեցւոյ զոյգ կաթողիկոսներուն հետ, որոնք յայտնած են թէ ներկայ պայմաններու տակ խանդավառ չեն մասնակցելու այսպիսի ժողովի»,- ասված էր դեռ օգոստոսին բացահայտված շրջաբերականում։ 

Այդ ժամանակ Civic.am-ը պարզաբանման համար դիմեց Մայր Աթոռ, սակայն որևէ արձագանք չստացանք։ Այսօր, սակայն, պարզ է դառնում, որ Մայր Աթոռը և Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսարանները տեղի են տվել ՀՅԴ Բյուրոյի հորդոր-պահանջին, և եկեղեցին չի մասնակցելու գագաթնաժողովին։ Եկեղեցին, որը կոչված է և հայտարարում է, որ հատկապես հիմա Հայաստանը և ժողովուրդը կարիք ունեն միավորման, միասնականության, համախմբման, Կաթողիկոսն էլ այդ նպատակով նախկին նախագահներին է հրավիրում իր նստավայր՝ երկրի առջև ծառացած խնդիրները քննարկելու և իրավիճակից ելքեր գտնելու համար, հիմա ՀՅԴ Բյուրոյի հետ ձեռք ձեռքի տված հրաժարվում է մասնակցել այդ նպատակին միտված գագաթնաժողովին։ 

«Հոկտեմբեր 28-31-ի գագաթնաժողովը տարակուսանքներ է առաջացնում մասնակիցների ընտրութեան հարցում, մասնաւորաբար, համահայկական աւանդական կազմակերպութիւնների եւ ազգային կեանքում նշանակալի աւանդ ունեցող անձանց ներկայացուածութեան առումով: Հայաստանի եւ Արցախի առջեւ ծառացած մարտահրաւէրների համատեքստում անընկալելի են նաեւ քննարկման համար ընդգրկուած նիւթերը: Կազմակերպական այս մօտեցումներով նման միջոցառումը կարող է նոր զգայնութիւններ եւ լարուածութիւններ առաջացնել ազգային մեր կեանքում եւ արդիւնաւէտ չլինել: Եկեղեցին հնարաւորութիւն չի ունեցել իր յիշեալ եւ այլ դիտարկումները ներկայացնելու գագաթնաժողովի կազմակերպիչներին՝ ներգրաւուած չլինելով կազմակերպչական աշխատանքներում, թէեւ Եկեղեցին միշտ էլ կարեւորել է համահայկական համախմբմանն ուղղուած նման համաժողովների ու միջոցառումների անցկացումը։ Վերոյիշեալ նկատառումներից ելնելով՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը նպատակայարմար չի նկատում Եկեղեցու մասնակցութիւնը գագաթնաժողովի աշխատանքներին», - ասված է Մայր Աթոռի հայտարարության մեջ։ 

Համախմբող առաքելություն ունեցող եկեղեցին ակնհայտորեն հակառակ դեր է ստանձնել հայ իրականությունում, և սա մեր գնահատականը չէ, այլ փաստ։ Հիշենք, որ դեռ 2020 թվականի պատերազմից հետո Եկեղեցին միացավ իշխանությունների հրաժարականի պահանջին, ապա Մայր Աթոռում կաթողիկոսը հանդիպման հրավիրեց նախկին նախագահներին՝ իբր ստեղծված բարդ իրավիճակից դուրս գալու ելքեր փնտրելու համար, որին հրավիրված չէր երկրի գործող ղեկավարը։ Եկեղեցին Հայաստանում վաղուց դարձել է քաղաքական գործիք կամ գործոն և որևէ կապ չունի ազգի, ժողովրդի համախմբման հետ, ինչքան էլ հռետորաբանությունը միավորման անհրաժեշտության մասին լինի։ Համախմբման հաջողություններ Մայր աթոռը կարող է գրանցել ընդդիմադիր դաշտը համախմբելու գործում միայն, այն էլ փաստ չէ, որ գոնե այդտեղ կհաջողի։ 

Վովա Հակոբյան