ԵԽԽՎ լիագումար նստաշրջանի նիստը նախագահում էր թուրքական ազգային պատվիրակության ներկայացուցիչը ու Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ՀՀ պատվիրակության անդամի ելույթը փորձում էր խոչընդոտել: Հարցին՝ եթե անգամ ԵԽԽՎ բարձր ամբիոնից թույլ չեն տալիս արտահայտվել, այդ հարեւանների հետ հնարավո՞ր է հարեւանություն անել՝ ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանը, որը նոր է վերադարձել ԵԽԽՎ-ից, լրագրողների հետ զրույցում պատասխանեց. «Դուք էլ ապրում եք մի շենքում, որտեղ մի հարեւանի հետ լավ ընկերություն եք անում, մյուսների հետ առնվազն չեք վիճում: Վերջին միջադեպը, որը տեղի ունեցավ, պայմանավորված էր նրանով, որ նիստը վարում էր ի պաշտոնե Թուրքիայի պատվիրակության ղեկավարը եւ պայմանավորված էր նրանով, որ ի սկզբանե, սկսած դեռեւս Հունաստանի հետ կապված հարցով, նա փորձում էր իրեն պահել ոչ թե ԵԽԽՎ տվյալ նիստի նախագահող, այլ՝ որպես պատվիրակության ղեկավար: Առաջին միջադեպը Հունաստանի պատվիրակության հետ էր, երկրորդը՝ Հայկ Մամիջանյանի: Մեր ամբողջ պատվիրակությունը գտնվել է դահլիճում այդ ժամանակ, հստակ արձագանք է տվել ու այդ արձագանքից հետո նիստին մնացել էր ընդամենը 10 րոպե, բայց արագ դահլիճ վերադարձավ ԵԽԽՎ նախագահը, որ նիստը վարի, որովհետեւ նրանք էլ հասկացան, որ իրավիճակը շատ վտանգավոր է»: