ԵԽԽՎ 47 պատգամավորներ հանդես են եկել գրավոր հայտարարությամբ՝ դատապարտելով Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի դեմ։
Հայտարարության մեջ ասվում է, որ Ադրբեջանը 2022 թվականի սեպտեմբերին խոշորամասշտաբ ռազմական ագրեսիա է նախաձեռնել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի դեմ։ Այդ չհրահրված ագրեսիայի ընթացքում Ադրբեջանը հրետակոծել է քաղաքացիական ենթակառուցվածքները Հայաստանի խիտ բնակեցված շրջաններում, ինչը հանգեցրել է հարյուրավոր մարդկային կորուստների՝ ներառյալ քաղաքացիական անձանց:
Եվրախորհրդարանականները նշում են խոշտանգումների, գերեվարված և մահացած զինվորներին (ներառյալ կանանց) խեղանդամ դարձնելու դեպքերի առկայությունը:
Եվրախորհրդարանականները դատապարտել են Ադրբեջանի ագրեսիան՝ ՄԱԿ-ի կանոնադրությունը, Հելսինկյան եզրափակիչ ակտը, Միջազգային մարդասիրական իրավունքը և օրենքները, Եվրոպայի խորհրդին Ադրբեջանի անդամակցության պարտավորությունները խախտելու համար:
ԵԽԽՎ անդամները դատապարտել են նաև ադրբեջանական զինված ուժերի կողմից հայ ռազմագերիների կանխամտածված սպանությունները, խոշտանգումները և անմարդկային վերաբերմունքը, որոնց տեսանյութերը հրապարակվել են սոցիալական ցանցերում։ ԵԽ պատգամավորները Ադրբեջանին կոչ են արել զերծ մնալ Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ագրեսիայի ցանկացած հետագա ակտերից և մասնակցել բանակցությունների խաղաղ գործընթացին։
Նրանք պահանջել են ադրբեջանական զինված ուժերի անհապաղ և անվերապահ դուրսբերում Հայաստանի ինքնիշխան տարածքից և բոլոր ռազմագերիների և մյուս գերիների շտապ հայրենադարձում։