Ադրբեջանական կողմը մինչև այս պահը խոչընդոտում է ՀՀ օկուպացված տարածքներում որոնողական աշխատանքների իրականացմանը,
«Ազատությանը» փոխանցեց պաշտպանության նախարարության խոսնակ Արամ Թորոսյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք հստակ է՝ երբ կսկսվեն որոնողական աշխատանքները, որ ուղղություններով և ինչու մինչև հիմա հնարավոր չէր սկսել այդ աշխատանքը։
Թորոսյանն ասաց, որ Հայաստանի կառավարությունը, պաշտպանության նախարարությունը, միջնորդների և միջազգային գործընկերների ներգրավմամբ ամենօրյա աշխատանքներ են իրականացնում այդ ուղղությամբ:
«Ադրբեջանական կողմի հետ այս կապակցությամբ ձեռք են բերվել որոշ նախնական պայմանավորվածություններ։ Պիտի արձանագրենք նաև, որ մինչև այս պահը ադրբեջանական կողմը խոչընդոտում է ՀՀ օկուպացված տարածքներում որոնողական աշխատանքների իրականացմանը», - ասաց Թորոսյանը։
Աստանայում, հոկտեմբերի 14-ին, ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր հայտարարել, թե Ադրբեջանը մինչ այժմ խոչընդոտում է վերջին ագրեսիայի ժամանակ զոհվածների դիերի դուրսբերմանը, իսկ մեր մի քանի տղաների աճյունները շարունակում են գտնվել միջդիրքային գոտիներում, որոնք գտնվում են Հայաստանի սուվերեն տարածքում։
«Պայմանավորվածություն կա կազմակերպել դիերի դուրսբերումը մոտ օրերս։ Հուսով եմ, որ այս պայմանավորվածությունը կկատարվի», - ասել էր գործադիրի ղեկավարը։
Վերջին տվյալներով՝ սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով անհետ կորած է 29 մարդ։