Ամենամյա Կլիմայական համաշխարհային համաժողովին ընդառաջ Հայաստանը հյուրընկալել է 3-օրյա աշխատաժողով՝ ավելի քան 40 երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի և Արևելյան Եվրոպայի փորձագետների խորհրդատվական խմբի տարածաշրջանային հանդիպումն է այսօր՝ հոկտեմբերի 19-ին, կայանում Երևանում։
«Հայաստանը հայտ է ներկայացրել, որ այսուհետ կարող է հյուրընկալել աշխատաժողովներ, որոնք հաջորդում են 2015թ. կնքված Փարիզյան համաձայնագրին և կլիմայական համաժողովներին ընդառաջ։ Յուրաքանչյուր տարի իրականացվում են կլիմայական համաժողովներ, դրանք կոչվում են COP 25, COP 26 և այլն։ Այս տարի կլինի COP 27-ը։ 190-ից ավելի երկրներ վավերացրել են կլիմայական փոփոխության շրջանակային կոնվենցիան և տարին մեկ անգամ ներկայացված են լինում համաժողովներին։ Իսկ մինչ այդ տեղի են ունենում աշխատանքային փորձագիտական քննարկումներ՝ դրանք իրենց մեջ ունեն ուսուցման, իրազեկման տարրեր և նախապատրաստում դեպի COP»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը։
Նա նաև ընդգծեց, որ նախորդ տարի Գլազգոյում է եղել համաժողովը, որտեղ համաձայնագրեր են կնքվել և պարտավորություններ են ստանձնել երկրները. «Եթե մենք ոչ մի գործողություն չանենք, մինչև 2100թ. ջերմաստիճանը կարող է 4-5 աստիճան բարձրանալ։ Իսկ մենք պետք է այնպես անենք, որ 1,5 աստիճանը լինի վերին սանդղակը։ Մենք ունենք նաև 0 ածխածնային արտանետումների պարտավորություն մինչև 2050թ.»։
Աշխատաժողովի բացումն այսօր էր՝ հոկտեմբերի 19-ին, որին ներկա էր նաև ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը։
Civic.am-ը թեմայի շրջանակներում մի քանի հարց է ուղղել նախարարին։
- Պարոն Սիմիդյան, Հայաստանը գործնական ի՞նչ քայլեր է ձեռնարկում, որպեսզի կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը չեզոքացնի։
- Հայաստանը կոնվենցիայի (Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի) շրջանակում իր պարտավորությունների կատարման օրակարգը փորձում է ամենաբարձր մակարդակով առաջ տանել՝ սկսած մասնագետների կարողությունների հարթությունից, ավարտած մինչև ուղիղ աշխատանքներ՝ դաշտային անտառների, ջրային ռեսուրսների վերականգնում և այլն։ Մեր միջազգային գործընկերների հետ միջազգային փորձի փոխանակման արդյունքում ցանկանում ենք բարձրացնել մեր աշխատանքների մակարդակը
- Կլիմայի փոփոխությունը Հայաստանի ո՞ր տարածաշրջանում ի՞նչ ձևով է արտահայտվում, օրինակ՝ Պակիստանում տևական ժամանակ ջրհեղեղներ էին։
- Հայաստանում արտահայտվում է ջերմաստիճանի բարձրացմամբ, օրինակ՝ Սևանի գոլորշիացումը վերջին տարիներին մեծ թափ է ստացել, և այդ պրոցեսն ուղիղ կապ ունի նաև կլիմայական փոփոխությունների հետ։ Բայց ջրհեղեղները Հայաստանն էլ չեն շրջանցում, ուղղակի մակարդակի, չափերի խնդիր կա։ Այսինքն՝ եթե մենք զուտ լեռնային լանդշաֆտի տրամաբանությամբ նայենք՝ Հայաստանն այդ բոլոր ռիսկերն ունի։ Կարող է երկրներ են, որտեղ հարթավայրային են, անապատային լանդշաֆտ ունեն՝ այնտեղ ռիսկերը փոշու, ավազների, փոթորիկների տեսքով լինեն։
- Ի՞նչ հարցեր են քննարկվելու աշխատաժողովի ընթացքում։
- Նոյեմբեր ամսին կլիմայի փոփոխությունների համաժողովում՝ COP 27-ի շրջանակում, որտեղ հավաքվում են բոլոր երկրների տարբեր մակարդակով ներկայացուցիչները, դրան նախորդում են տարածաշրջանային աշխատաժողովներ։ COP 27-ի շրջանակում մեր տարածաշրջանի աշխատաժողովը կարողացել ենք կազմակերպել Երևանում, կարծում եմ՝ դա կարևոր է մեր ներգրավվածության և մեր պարտավորությունների մասով՝ թե ինչքան ենք պատրաստ համագործակցել կլիմայի փոփոխության ռիսկերը կառավարելու ուղղությամբ։
- Ո՞ր երկրներից են ժամանել ներկայացուցիչները։
- 40 պետությունից ներկայացուցիչներ ունենք, և կարծում եմ՝ շրջակա միջավայրի մեր մասնագետների կարողությունների բարձրացման իմաստով այս քննարկումները շատ կարևոր են, և մենք կփորձենք նախաձեռնել նմանատիպ աշխատաժողովներ։
- Ավտոմեքենաների քանակը գնալով ավելանում է, դա չի՞ ազդում կլիմայի փոփոխության վրա։
- Հուսամ՝ այդ ավելացված թվի մեջ ավելի շատ էլեկտրամոբիլները կսկսեն դեր ունենալ։ 2022թ. այդ իմաստով աննախադեպ է՝ մի քանի հազար էլեկտրամոբիլ է ներկրվել Հայաստան, որոնք գնել են քաղաքացիներն ու շահագործում են։ Հուսանք՝ այդ բալանսի մեջ կսկսեն գերակշռել էլեկտրամոբիլները, որն ըստ էության կփոխի իրավիճակը։ Մթնոլորտ արտանետած մեքենաների վտանգավոր գազերը ամենամեծ ծավալներն ունեն Հայաստանում, և այստեղ մենք շատ անելիքներ ունենք՝ հիմա օրենսդրական որոշակի լուծումների մասով քննարկումներ կան ՏԿԵ նախարարության հետ։
Նշենք, որ արդեն իսկ ԱԺ-ում է գտնվում «Մթնոլորտային օդի պահպանության» մասին օրենքի փոփոխության նախագիծը։ Շրջակա միջավայրի փոխնախարար Գայանե Գաբրիելյանի խոսքով՝ Հայաստանում ամենամեծ խնդիրն այսօր վառելիքի արտանետումներն են, շինարարության փոշին է։ Նա ընդգծեց, որ ԱԺ ներկայացված նախագծով փոխվելու են այն նորմատիվները և այն տեխնոլոգիաները, որոնցով պետք է հաշվարկվի, թե մարդու համար որն է այն շեմը, որից այն կողմ արդեն վտանգավոր են դառնում փոշին ու արտանետումը։
Փոխնախարարը շեշտեց՝ եթե նախագիծն ընդունվի, հնարավոր է կասեցվի այն անշարժ՝ մասնավորապես գործարանների, ինչպես նաև շարժական օբյեկտների գործունեությունը, որոնք սահմանված արտանետումներից շատ արտանետում կունենան և տարվա ընթացքում մեկ անգամ կպատժվեն ու չեն շտկի թերությունները, մինչդեռ գործող նորմերով կարող է ֆիզիկական կամ իրավաբանական անձն անընդհատ պատժվի՝ տույժ մուծի և շարունակի իր գործունեությունը։
Նարա Մարտիրոսյան