Անվտանգության հետ կապված ծառայություններում աշխատավարձերը առաջիկա տարիներին կրկնապատկվելու են. վարչապետ
«Մենք անցյալ տարի ԵՄ-ի հետ պայմանավորվածություն ձեռք բերեցինք, որ ներդրումային և տնտեսական ծրագրով Եվրամիությունը Հայաստանին մինչև 2026 թվականը 2.4 մլրդ եվրոյի աջակցություն է ցուցաբերելու»,- այսօր՝ հոկտեմբերի 20-ին, Կառավարության հերթական նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի կողմից ներկայացված՝ ԵՄ-ի կողմից ֆինանսական աջակցության ծրագրերի հարցի քննարկմանը:

Վարչապետի խոսքով՝ խոսքը նաև ՆԳՆ ձևավորմանը ֆինանսական աջակցության մասին է: «ՆԳՆ ձևավորման հարցում մենք արդեն մոտ ենք վերջնական որոշումների կայացմանը և արդեն լիարժեք ձևակերպված ծրագիր ունենք: Նաև բուն ոստիկանության բարեփոխումների գործընթացն ենք մեկնարկել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը և ընդգծեց, որ առաջնահերթ է ոստիկանության, ԱԱԾ-ի, փրկարար ծառայության, պետական պահպանության ծառայության նոր ստանդարտների հաստատումը, որի մեջ նկատի է առնվում նաև աշխատավարձը:

«Ես խնդիր եմ ձևակերպել, որ բոլոր հատուկ ծառայություններում, որոնց գործունեությունը կապված է անվտանգության հետ, ինչպես նաև Զինված ուժերում (ըստ էության Զինված ուժերում բյուջետավորման խնդիրը լուծվել է) այս փոփոխությունների արդյունքում մենք պետք է առաջիկա տարիների ընթացքում կարողանանք արձանագրել աշխատավարձի կրկնապատկում, բայց զուգահեռ արձանագրելով, որ դա ինքնաբերաբար տեղի չի ունենալու, այլ ատեստավորման գործողությունների միջոցով, որպեսզի համոզված լինենք, որ բարձր աշխատավարձ ստացող մեր հատուկ ծառայությունների ներկայացուցիչները համապատասխանում են մեր ակնկալիքներին»,- ասաց Նիկոլ Փաշինյանը և հավելեց, որ նպատակը ինստիտուտի ստեղծումն է:

«Առաջիկա երեք տարիներին ցանկություն ունեցող բոլոր աշխատակիցներն անցնում են կամավոր ատեստավորման գործընթաց, որի արդյունքում աշխատավարձերը կրկնապատկվում են»,- ասաց վարչապետը և հավելեց, որ 3 կամ 5 տարին մեկ այդ ատեստավորման գործընթացը կրկնվելու է: