Սպասել ենք, որ նախկին պայմանագիրն ավարտվի. Փաշինյանը՝ արագաչափերի ու տեսախցիկների համակարգը պետական կառավարման ոլորտ վերադարձնելու մասին
«Երթևեկության կանոնների նկատմամբ էլեկտրոնային հսկողության համակարգը՝ տեսախցիկներ, արագաչափեր, մասնավոր ընկերությունից վերադարձրել ենք պետական կառավարման ոլորտ, և ոստիկանությունում ստեղծվել է ՊՈԱԿ: Եվ այս օրվանից մենք արդեն հանձնման-ընդունման գործընթացը իրականացրել ենք»,- այսօր՝ հոկտեմբերի 20-ին, Կառավարության հերթական նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա ընդգծեց, որ իրենք չեն շտապել դա պետականացնել, որպեսզի տնտեսական դաշտում ամեն ինչ կանխատեսելի լինի. «Մենք սպասեցինք, որ նախկին պայմանագիրն ավարտվի, նաև մրցույթներ հայտարարեցինք՝ հասկանալու համար, թե ինչքանով ավելի լավ առաջարկ մենք կարող ենք ստանալ: Համոզվելով, որ այս փուլում մենք կարծես ավելի լավ առաջարկներ չենք ստանա, կայացրինք այս որոշումը»: