ԵՄ մեր գործընկերները շատ օպերատիվ են արձագանքել. Փաշինյանը՝ ԵՄ դիտորդական առաքելության աշխատանքի մեկնարկի և ժամկետների մասին
«Ես ուզում եմ արձանագրել և ողջունել Եվրամիության քաղաքացիական դիտորդական առաքելության աշխատանքի մեկնարկը Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով»,- այսօր՝ հոկտեմբերի 20-ին, Կառավարության հերթական նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը և հիշեցրեց, որ համապատասխան պայմանավորվածությունը ձեռք է բերվել Պրահայում տեղի ունեցած քառակողմ հանդիպման ընթացքում:

Նրա խոսքով՝ ԵՄ գործընկերները շատ օպերատիվ են արձագանքել և որոշումներ կայացրել. «Նախապատրաստող խումբը արդեն Հայաստանում է և արդեն աշխատում է: Հիմնական խումբը՝ 40 հոգուց կազմված դիտորդական առաքելությունը, առաջիկայում կժամանի Հայաստան»:

Անդրադառնալով դիտորդական առաքելության ժամկետներին՝ վարչապետը նշեց, որ ի սկզբանե պայմանավորված է, որ դիտորդական առաքելությունը պետք է աշխատի 2 ամիս. «Մեր փորձագիտական դաշտում կարծիքներ են հնչում, որ պետք է երկարացնել դիտորդական առաքելության ժամկետը կամ դարձնել մշտական: Ես համոզված չեմ դրանում, բայց դա մի թեմա է, որ մեր հանրության և փորձագիտական դաշտում քննարկվում է: Եթե մենք տեսնենք նման հնարավորություն և անհրաժեշտություն, չենք բացառում, որ ավելի խորը կուսումնասիրենք խնդիրը»: