Հայաստանում շինարարությունն այն ծավալի է, որ շուկայում ցեմենտի դեֆիցիտ է առաջացել. ցեմենտի վաճառքից գերշահույթ ստանալու ախորժակը պետք է զսպվի. վարչապետ
«ՀՀ շինարարական ընկերությունների հզորությունները ակնհայտորեն չեն բավականացնում կառավարության կողմից ֆինանսավորվող կապիտալ ծախսերն իրականացնելու համար: Շինարարական ընկերությունների կարողությունները չեն համապատասխանում կառավարության սահմանած նշաձողերին»,- այսօր՝ հոկտեմբերի 20-ին, Կառավարության հերթական նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նշեց, որ Հայաստանում պետական շինարարական ընկերություններ ընդհանրապես գոյություն չունեն արդեն տասնյակ տարիներ:

Ըստ այդմ՝ նա հրավիրեց մասնավոր ներդրողների ուշադրությունը, որ այստեղ կա մի ոլորտ, որտեղ կարելի է ներդրում անել և շահույթներ ստանալ:

«Ինձ համար զարմանալի էր, որ շուկայում ցեմենտի որոշակի դեֆիցիտ կա: Սա նշանակում է, որ Հայաստանում շինարարությունն այն ծավալի է, որ շուկայում դեֆիցիտ է առաջացել, և մեր տեղի արտադրողները չեն հասցնում շուկային մատակարարել: Դրա համար հոկտեմբերի 10-ից ուժի մեջ է  մտել մեր որոշումը, որով ներմուծվող ցեմենտի ներմուծման տուրքն իջեցրինք: Բայց մենք էլի ազդակներ ենք ստանում, որ խնդիր կա: Սա մի կողմից՝ լավ է, որը նշանակում է, որ այդ ծավալի շինարարություն է ընթանում, մյուս կողմից՝ վատ է, որ դրա պատճառով կարող է շինարարությունը դանդաղել»,- նկատեց վարչապետը:

Արձագանքելով ՏՄՀ նախագահի դիտարկմանը, թե ցեմենտի գները նաև արհեստականորեն են բարձրացել, վարչապետն ասաց. «Դե վարույթ հարուցեք: Դա ընդհանուր գնահատականը չի փոխում. դա նշանակում է, որ իրենք վաճառքի պրոբլեմ չունեն, ընդհակառակը՝ ուզում են առիթից օգտվել և ավելի մեծ շահույթ ստանալ: Ձեր ասածը իմ ասածի տրամաբանությունը չի փոխում, բայց ճիշտ է, որ ՏՄՀ-ն ուշադիր լինի, որպեսզի գերշահույթ ստանալու ախորժակները զսպվեն»: