Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանը հայտարարել է Երևանի քաղաքապետ դառնալու մտադրության մասին
Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանը հայտարարել է Երևանի քաղաքապետի ընտրություններին մասնակցելու որոշման մասին։

Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում` գրելով. 

«Ողջույն հարգելի´ ընկերներ, վերջին շրջանում բազմաթիվ իրադարձություններ եղան, որոնց այլևս այս հարթակում չեմ ցանկանում անդրադառնալ, դրանց մասին կխոսեմ այլ ձևաչափով: Ես, որպես` «Երևան 2805» նախաձեռնության հիմնադիր, որոշում եմ կայացրել, որպես քաղաքապետի թեկնածու մասնակցել հաջորդ տարի կայանալիք` Երևանի ավագանու ընտրություններին:

Պատրաստվում եմ հանդիպումներ և կոնսուլտացիաների շարք սկսել տարբեր ՀԿ-ների, և քաղաքական կուսակցությունների ղեկավար ամդամների հետ, ինչպես նաև` մեր երևանցի հանրային գործիչների հետ, ուժեղ և ինտելեկտուալ ավագանու թեկնածուների կազմ ձևավորելու համար: Առավել մանրամասն կխոսեմ առաջիկայում, և Ձեր դատին կներկայացնեմ բոլոր այն ծրագրերը, որոնք` ես, և ինձ պես բազմաթիվ երևանցիներ ցանկանում եմ տեսնել մեր բոլորի մայրաքաղաք Երևանում:

Հարգանքներով` Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար, Երևան2805 նախաձեռնության հիմնադիր` Հովհաննես Շահինյան»։

Հիշեցնենք, որ ըստ ԱԱԾ մեղադրանքի՝ Արաբկիր վարչական շրջանի նախկին ղեկավարը 2005-2008 թվականների ընթացքում խմբային շահերից ելնելով, խարդախությամբ ու պաշտոնեական կեղծիք կատարելով՝ առանձնապես խոշոր չափերով գույքի նկատմամբ ձեռք է բերել իրավունք, նաև ավագանու անդամների հետ համաձայնությամբ վարչական շրջանի մի շարք անշարժ գույքեր ձևական աճուրդների ու ուղղակի վաճառքի միջոցով, շուկայական և կադաստրային արժեքից ցածր գնով օտարել է տարբեր քաղաքացիների, այսպիսով համայնքին պատճառելով 300 միլիոն դրամի վնաս։