Բացառված է, որ ես աշխատանքների ընթացքում քննարկեմ միջանցքի հարց, նույնիսկ որպես տրասպորտային ուղի չի քննարկվելու․Մհեր Գրիգորյան
«Տարածքների ապաշրջափակման աշխատանքները ընթանում են ենթախմբերի կողմից, խնդիրները դետալ առ դետալ պետք է ուսումնասիրվեն»,-այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան տրասնպորտային ուղիների բացմանը։
Ինչ վերաբերում է վարչապետի այն խոսքին, որ Ադրբեջանը կխոչընդոտի երկաթգծերի բացման հարցում, փոխվարչապետը չբացառեց այդ ռիսկը, բայց և նշեց, որ ինքը երբեք չի քննարկելու Ադրբեջանի կողմից հնչեցրած Զանգեզուրի միջանցքի հարցը․ «Բացառված է, որ ես աշխատանքների ընթացքում քննարկեմ միջանցքի հարց, նույնիսկ որպես տրասպորտային ուղի չի քննարկվելու որևիցէ հարց։ Մենք քննարկում ենք ուղիներ, որոնց իրավական կարգավորումն իրականացվելու է բացառապես ԱՊՀ երկրների իրավական բազայով, կոնվենցիաներով, որոնց ՀՀ-ն միացած է, որևէ այլ ձևաչափով քննարկում ես չունեմ այդ հարթակում»։
Անդրադառնալով 2020թ սեպտեմբերի 30-ին ԱԽ նիստին, որտեղ Օնիկ Գասպարյանը ներկայացրել էր պատերազմում տիրող իրավիճակը, իսկ ԱԽ-ն հրապարակեց Օնիկ Գասպարյանի խոսքի ոչ ամբողջական հատվածը՝ Մհեր Գրիգորյանն ասաց, որ չի կարծում թե հրապարակված մասը կտրված է կոնտեքստից։ Եվ թեպետ փոխվարչապետը ներկա է եղել ԱԽ նիստին, այնուամենայնիվ հրաժարվեց լրացուցիչ մեկնաբանություն տալ՝ ընդգծելով, որ նիստի արձանագրությունները գաղտնի են, և հրապարակվածը բավարար չափով տեղեկատվություն է հարցերի պատասխանների համար։