«Մարդն իր ներքին տաբուները, վիրավորանքներն ու չկայացած լինելը այսպես է դրսևորում»․ ինչո՞ւ են մարդիկ հայհոյում սոցցանցերում
Սոցիալական ցանցերը վաղուց դուրս են եկել ուղղակի միմյանց հետ կապ հաստատելու գործառույթից և օգտագործվում են ամենատարբեր նպատակներով։ Խոսքի ազատությունն ՝  իր դրական և բացասական դրսևորումներով, նույնպես, շատ վառ կերպով արտահայտվում է այս հարթակներում և թույլ տալիս հասկանալ հանրային տրամադրությունները՝ ցանկացած հարցի շուրջ։
 
Այս երևույթն ունի նաև իր բացասական կողմը։ Մարդիկ հաճախ են անցնում էթիկայի բոլոր հնարավոր սահմանները՝ ցուցաբերելով կատարյալ անհանդուրժողականություն միմյանց նկատմամբ, ինչն արտահայտվում է իրար հասցեին վիրավորանքներ, անեծքներ և հայհոյախառն մեկնաբանություններ գրելով։ 
 
Մեդիափորձագետ Գեղամ Վարդնայանի խոսքով՝ այն, որ սոցիալական մեդիայում մարդիկ խոսում են, բանավեճի են բռնվում, վիճում են, փաստարկներ օգտագործում և հաճախ տպավորություն է, նույնիսկ, փորձում են իրար «ոչնչացնել», միշտ է այդպես եղել։ Սակայն այսօր՝ պատերազամական իրավիճակից ելնելով, ֆեյսբուքում մարդկանց համար հաղորդակցվելն ավելի բարդ է դարձել․ «Մարդիկ ավելի շատ փորձում են, բառի բուն իմաստով, հաղթել իրար, ինչը, գուցե, կապված է էմոցիոնալ ֆոնի՝ պարտությունից հետո տիրող հիասթափության հետ»։ 
 
Հատկանշական է, որ այսպիսի օգտատերերի մեծ մասն իրական կյանքում ավելի զուսպ է, դիմացինի հետ հաղորդակցվելիս երբեք չի ցուցաբերի նույն պահվածքն ու չի օգտագործի նույն բառամթերքը՝  որն օգտագործում է սոցիալական հարթակներում։
 
Այս երևույթը, հոգեբան Աննա Բադալյանի բնութագրմամբ, անձի երկատման արդյունք է և պայմանավորված է նաև մարդկանց տարիքի և հոգեկերտվածքի հետ։
 
«Մարդն իր  ներքին տաբուները, վիրավորանքներն ու չկայացած լինելը այսպես է դրսևորում և դուրս հանում ներքին ագրեսսիան։ Սակայն, երբ անհրաժեշտ է լինում, նա կարողանում է ցույց տալ իր դեմքը՝ որպես հանգիստ ու պարկեշտ մարդ», - նշում է հոգեբանը։
 
Նրա խոսքով՝ պատահական չէ, որ սոց․ցանցերում մարդկանց վիրավորող կամ հայհոյող անձիք իրենց սեփական դեմքով չեն ներկայանում։ Դա ոչ թե պաշպանական մեխանիզմ է, այլ նրանց երկրորդ «ես»-ն է, որը հենց իրենց չի գոհացնում․ «Եթե մարդը չափահաս է, օրինակ, տարիքով կին, ապա դեր կարող են խաղալ անձնական խնդիրները, հոգեբանական բարդույթները, չկայացած լինելն ու սեռական անբավարավածությունը։ Հայհոյանքներն, օրինակ, բացեբաց չբավարարված լինելու արդյունք են»։
 
Այս երևույթն, իհարկե, բնորոշ չէ միայն հայ հասարակությանը։ Ուսումնասիրելով սոցիալական ցանցերում օտարազգի օգտատերերի վարքը՝ ակնհայտ է դառնում, որ սա բնորոշ է ամենատարբեր հոգեկերտվածք ունեցող հասարակություններին։
 
Հոգեբանի  խոսքով՝ այս ամենից հասկանում ենք, որ սոցիալական մեդիան, իր բոլոր դրական կողմերի հետ մեկտեղ, չարիք է բերում հասարակություններին․ «Եթե դա չլիներ, անձը, համենայնդեպս, կսկսեր աշխատել  իր ագրեսսիայի դեմ, քանի որ նա իր դեմքը ցույց տալու խնդիր կունենար և կաշխատեր խնդիրը վերացնել։ Բայց արդյուքում ստեղծվում է անձի երկատում, և մարդն ամենևին էլ չի աշխատում իր խնդիրների վրա։ Նա ստեղծում է 2 «ես»՝ մեկը հանրության համար ընդունելի, երբեմն ոչ բնական տեսակ, մյուսն էլ՝ ագրեսիվ, հաճախ՝ շատ անթաքույց ագրեսիայով լի»։
 
Շատ են նաև այն դեպքերը, երբ անձն իր դեմքը թաքցնելու տարբերակ չունի, քանի որ այս նույն վարքը դրսևորում է իրեն ծանոթ մարդու հանդեպ, և կրկին, միմիայն սոցիալական հարթակներում։ Հոգեբանի մեկնաբանությամբ այս երևույթն արդեն պայմանավորված է խոսքի հարալեզվական միջոցների ազդեցությամբ․ «Դեմ առ դեմ խոսելիս դիմացինի դեմքի արտահայտությունը, ձեռքի շարժումը, ռեակցիաները կարող են ազդել մարդու վրա, զսպել նրան, ստիպել, որ ինչ-որ բաներ այլ կերպ արտահայտի, իսկ վիրտուալ աշխարհում ինքն է տերը իրավիճակի, ինքն է մկնիկի կառավարողը։ Ավելի շուտ ոչ թե ինքն է, այլ իր էմոցիաներն են» ։
 
Մեդիափորձագետ Գեղամ Վարդանյանի խոսքով՝ այս երևույթը կարգավորելու մեխանիզմներ, իհարկե կան։ Օրինակ՝  ֆեյսբուքի ներքին կարգավորումները կամ, երբեմն էլ՝ վիրավորանքի և զրպարտության դեպքում, խնդիրը կարող է անցնել իրավական դաշտ։ Սակայն, մեծամասամբ, սա պետք է կարգավորվի մարդկանց ներքին էթիկետի ճիշտ դրսևորմամբ․ «Պատերազմը փոխել է հաղորդակցման կանոնները, ու մենք տեսնում ենք և՛ մեր առօրյա, և՛ սոցիալական կյանքում, քանի որ հիմա ունենք հասարակություն, որը շատ լարված վիճակում է, պարտությունից ուշքի չի եկել ու սթրեսի մեջ է, ինչը  սոցիալական ցանցերում ավելի սրված վարքի դրսևորման պատճառ կարող է հանդիսանալ»։ 
 
Սյուզի Սիրականյան