Եթե քննիչ հանձնաժողովի համար ճիշտ ժամանակ չընտրվի, հավանական է, որ կարող է առհասարակ տապալվել պրոցեսը
Գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը դիմել է ՀՀ ազգային ժողովի նախագահին և խմբակցությունների ղեկավարներին՝ պահանջելով անհապաղ նախաձեռնել 2020 թվականի 44-օրյա պատերազմի հանգամանքների ԱԺ քննիչ հանձնաժողովի ստեղծում։ «Համոզված եմ, որ այդպիսի հանձնաժողովի աշխատանքը հնարավորություն կտա բացահայտել անցած պատերազմի հետ կապված հիմնական հանգամանքները, կարևոր դասեր քաղել ապագա հնարավոր ռազմական գործողություններին առավել արդյունավետ նախապատրաստվելու նպատակով, ինչպես նաև լիցքաթափել շիկացած հանրային մթնոլորտը։ Իմ կողմից պատրաստակամություն եմ հայտնում առավելագույնս օժանդակել ապագա քննիչ հանձնաժողովի աշխատանքներին»,-ԱԺ ուղարկված դիմումում գրել է Օնիկ Գասպարյանը։

Հիշեցնենք, որ նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ազգային ժողովում անդրադառնալով պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտությանը նկատել էր, որ որևէ ընդունելի ֆորմատով պետք է փաստահավաք առաքելություն իրականացվի պատերազմի բոլոր հանգամանքների, այդ թվում բանակցային գործընթացի վերաբերյալ, սակայն դրա համար անհրաժեշտ մթնոլորտ է հարկավար և, թերևս միայն արտահերթ ընտրություններից հետո դա ահնարավոր կլինի անել.«Այն մթնոլորտը, որը մենք ունեինք նոյեմբեր-դեկտեմբեր նույնիսկ հունվար ամիսներին օբյեկտիվորեն հնարավոր չէր լինի դա անել։ Իսկ ընտրություններից հետո կարող ենք վերադառնալ այդ օրակարգին»,-ասել էր վարչապետը։

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանը, Civic.am-ի հետ զրույցում անդրադառնալով Օնիկ Գասպարյանի առաջարկին, ասաց, որ քննիչ հանձնաժողովի ստեղծումը պարտադիր է, մի օր այն ստեղծվելու է, պարզապես պետք է  դրա համար ճիշտ ժամանակ ընտրել։ Եթե  ճիշտ ժամանակ չընտրվի հանձնաժողովը  ստեղծելու համար, ապա հավանական է, որ կարող է առհասարակ տապալվել պրոցեսը։ 

«Հիմա քննիչ հանձնաժողով ստեղծելու համար ճիշտ ժամանակ չեմ համարում այն պատճառով, որ նախ հարուցվել են տասնյակ հարյուրավոր  քրեական գործեր պատերազմի հետ կապված։ Այդ քրեական գործերով ձեռք են բերվելու ահռելի քանակությամբ ապացույցներ, փաստեր։ Այդ փաստերը պետք է վերլուծվեն, դրանց պետք է գնահատական տան իրավապահ մարմինները։ Նոր դրանից հետո կարելի է ստեղծել քննիչ հանձնաժողով, որպեսզի մենք կարողանանք որպես ինֆորմացիայի աղբյուր այդ քրեական գործերում առկա նյութերը վերցնել։ Իսկ այս պահին մենք չենք կարող որևէ տեղեկատվություն ստանալ, որովհետև քննիչ հանձնաժողովը իրավասություն չունի մարդկանց պարտադրել ցուցմունք տալ, ներկայանալ հանձանժողովին։ Հետևաբար, մենք այս պրոցեսը կտապալենք, եթե հիմա դա անենք»,- ասաց պատգամավորը՝ ավելացնելով. «Օնիկ Գասպարյանը պետք է հասկանա, որ քննիչ հանձնաժողովն այս պահին չի կարող քրեական գործերի նյութերից օգտվել հատկապես որ այդ նյութերի մեծ մասը գաղտնիության ռեժիմում են։ Հետևաբար, պետք է սպասել քննություններն ավարտվեն, որից հետո մենք դրանցից կվերցնենք մեզ անհրաժեշտ տվյալները և դրան կգումարենք հրավիրյալների միջոցով բացատրություններ ստանալու միջոցով տեղեկատվությունը ու նոր եզրահանգման կգանք։ Այս պահի դրությամբ ցանկացած ուսադիր կրող մարդ պետք է հասկանա այդ պրիմիտիվ խնդիրը։ Եթե կան քրեական գործեր, քննիչ հանձնաժողովը չի կարող արդյունավետ գործել։ Շահերի բախում կարող է առաջանալ»։

Խաչատրյանը մտահոգություն չունի ներկայիս քննչական մարմինների կողմից այդ քրեական գործերի քննության վերաբերյալ։ «Այն, որ քրեական գործերը օբյեկտիվ քննվում են, դա միանշանակ է։ Քրեական գործի կողմ է հանդիսանում պաշտպանական կողմը և այդ մրցակցութունը թույլ չի տա, որպեսզի կեղծիքներ լինեն։ Քննությունը միանշանակ օբյեկտիվ է լինելու»,-ասաց իշխանական պատգամավորը։ 

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը Civic.am-ի հետ զրույցում ասաց, որ ինքը տեսնում է ԱԺ քննիչ հանձնաժոով ստեղծելու անհրաժեշտություն և բնավ կարևոր չէ, թե ինչպիսի նախադրյալներ կան դրա համար։ Կարևորը, որ իշխանության մոտ լինի ցանկություն բացահայտելու 44-օրյա պատերազմի հանգամանքները։ Մեր զրուցակցի խոսքով՝ հանձնաժողովը հարկավոր է արդարության մթնոլորտի վերականգնման համար։ 

«Այո, ես տեսնում եմ հանձնաժողովի անհրաժեշտությունը։ Ավելին՝ կարծում եմ, որ ավելի շուտ պետք է ստեղծվեր այդ հանձնաժողովը։ Երբ որ վարչապետը պարբերաբար դուրս է գալիս Ազգային ժողովի ամբիոնի մոտ ու առանձին դրվագների մասին է խոսում, հետո դրանք կամ հերքվում են, կամ չեն հերքվում, իրենք ստիպված են լինում ապացույցներ հրապարակել։

Որպեսզի այդ հատվածային, դրվագային վիճակները չլինեն, պետք է, որ իրականում պարզվի, թե ինչ է  կատարվել։ Իսկ դրա համար հարկավոր է, որ քննիչ հանձնաժողով ձևավորվի։ Բայց ես այս հարցում լավատես չեմ։ Իրենք մինչև հիմա Ապրիլյան պատերազմի վերաբերյալ պատրաստի զեկույցը չեն հրապարակում, ուր մնաց նախաձեռնեն նոր քննիչ հանձնաժողովի ձևավորում»,- ընդգծեց Ալեքսանյանը՝ ավելացնելով, որ անկախ ամեն ինչից հանձնաժողովը պետք է ձևավորվի, այն հարկավոր է արդարության մթնոլորտի վերականգնման համար և պետք է դրա հիման վրա քննություն գնա, ու բոլոր մեղավորները պատժվեն։ «Ցավոք իշխանության մոտ դեռևս այդ մղումը չկա»,- ասաց իրավապատշպանը։ 

Ալեքսանյանն արդյունավետ չի համարում պատերազմից հետո առանձին դրվագների վերաբերյալ հարուցված քրեական գործերի քննությունը։ Նրա խոսքով՝ անհնար է, որ այդպիսով հնարավոր լինի վերհանել ամբողջ 44-օրյա պատերազմի հանգամանքները, մեղավորներին, պատասխանատուներին։  «Մեր կազմակերպությունը ներգրավված է մի քանի գործերի քննություններին, բայց գործերը ընթանում են կեղծ քննությամբ։ Դատախազությունը, ՔԿ-ն մենակ կենացներ են խմում։ Բացահայտ անտարբերություն է, գործերը կեղծվում են։ Այո, կան հարուցված գործեր, բայց ոչ ոք չի կարող ասել, որ այդ գործերով օբյեկտիվ քննություն է գնում։ 5 ամիս է անցել, բայց տարբեր գործերով ոչ ձերբակալվածներ կան, ոչ կալանավորվածներ կան։ Ես չեմ հավատում ոչ քննչական մարմիններին, ոչ գլխավոր դատախազությանը։ Իշխանությունն էլ ոչինչ չի անում, որ այդ գործերը օբյեկտիվ քննվեն»,-եզրափակեց իրավապաշտպանը։

 Civic.am-ը հարցում է արել իրավապահ մարմիններից, թե պատերազմից հետո տարբեր դրվագների վերաբերյալ քանի քրեական գործ է ներկայումս քննվում և ինչ փուլում ենք դրանք։ Պատասխանը ստանալուն պես կհրապարակենք։

Արփի Հարությունյան