44-օրյա պատերազմում զոհված Ազատ Մաջարյանը կդառնար 22 տարեկան. Ազատի ընկերը նրան խոստացած և նոր ստացած լեյտենանտի ուսադիրները նվիրեց ընկերոջը․ տեսանյութ
Հոկտեմբերի 30-ին 44-օրյա պատերազմում զոհված Ազատ Մաջարյանը կդառնար 22 տարեկան։ Ազատի ծննդյան օրը Եռաբլուր էին այցելել նրա հարազատներն ու ընկերները։ 

Նրա մայրը՝ Նարինե Գրիգորյանը, պատմեց, որ Ազատը շատ էր սիրում նշել իր ծննդյան օրը, իսկ ծննդյան տորթի մոմերը միշտ փչում էր եղբոր հետ, սակայն արդեն երկու տարի է՝ տորթի մոմերը փչում է միայն եղբայրը։

«Հայրենիքին նվիրյալ զավակ եմ կորցրել։ Շատ եմ կարոտել, շատ եմ ուզում նորից գրկել իրեն, բայց գրկում եմ իր սառը քարը ու սառը քարը գրկելով եմ շնորհավորում ծննդյան օրը։ Թեկուզ պատերազմի դաշտում նա ցույց չի տվել, որ պատերազմ է, և միշտ ժպտացել է, շատ ուրախ է իրեն պահել։ Ինձ կամավորական ջոկատի տղաներն են պատմում, որ միշտ ուրախ էր, ասում էին՝ մենք երբեք իրեն տխուր չենք տեսել։ Դպրոցում,  վարժարանում, համալսարանում ինքը երբեք ցույց չի տվել, որ տխուր է, և միշտ ժպտացել է»,- ասաց Նարինե Գրիգորյանը։
 Ազատը զոհվել է հոկտեմբերի 24-ին, «Մարտունի 2»-ից դեպի Ջրական տանող  ճանապարհին։ 

Նարինե Գրիգորյանի խոսքով՝ այդ օրն Ազատը զանգել է ընկերոջն ու ասել, որ գնում են մի տեղ, ու չգիտի՝ այդտեղից կվերադառնան, թե չէ, ասել է, որ իր մայրիկին լավ նայեն ու ծնունդին էլ կենացը խմեն։ 

«Էդպես էլ եղավ, հիմա Ազատի ծննդյան օրը առանց իրեն ենք խմում իր կենացը։ Ազատը Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի կողմից պարգևատրվել է արիության շքանշանով, Մանկավարժական համալսարանի կողմից պարգևատրվել է որպես հերոս, իսկ ԱՀ պաշտպանության նախկին նախարար Ջալալ Հարությունյանի կողմից՝ որպես քաջարի զինվոր։ Շատ այլ պարգևատրումներ էլ է ստացել, ու հիմա դրանք ուղղակի սրտի մխիթարանք են ինձ համար։ Ես ապրում եմ իր կատարած սխրանքների մասին լսելով, անգամ ինձ չճանաչող մարդիկ տեսնում են Ազատի նկարը, ասում են, որ երկու ժամ են շփվել Ազատի հետ, ու ասում են՝ գլուխդ բարձր քայլիր, որովհետև ոսկի որդի ունես, հպարտ եղիր, որովհետև քաջ տղա ունես։ Երնեկ ձեզ, որ դուք իրեն տեսել եք, իսկ ես չեմ տեսել այդպես տղամարդ դարձած»,- ասաց Նարինե Գրիգորյանը։

Մենք զրուցեցինք նաև Ազատ Մաջարյանի ընկերների հետ։ Նրանցից Վահե Սիմոնյանը, մոտենալով Ազատի շիրիմին, նրա շիրմաքարին դրեց լեյտենանտի աստղերով ուսադիրները, որ նոր էր ստացել, և դրանք նվիրեց իր ընկերոջը։    

«Երբ Ազատը մեկնեց պարտադիր ժամկետային զինվորական ծառայության, ես ընտրել էի «Պատիվ ունեմ» ծրագիրը, որի շրջանակներում ուսմանը զուգահեռ պետք է սովորեի «Վազգեն Սարգսյանի» անվան ռազմական ինստիտուտում և բարեհաջող ավարտելուց հետո պետք է զորակոչվեի բանակ, որպես դասակի հրամանատար՝ լեյտենանտի կոչումով։ Ծառայության տարիներին, երբ սկսվեց պատերազմը, իմ ընկերը շատ էր խոսում այն մասին, որ երբ ես վերադառնամ, անպայման քեզ իմ համազգեստը կնվիրեմ, որպեսզի իմ համազգետսով դու շարունակես արդեն քո ծառայությունը: Այդ ժամանակ ես չէի հասկանում, թե ինքն ինչ էր ասում, որովհետև հասակներով ու կառուցվածքով տարբեր էինք, բայց երբ տեղի ունեցավ այդ չարաբաստիկ դեպքը, երբ իմացա իմ ընկերոջ կորստի մասին, ծանր վշտից հետո ուժ գտա իմ մեջ, շարունակեցի իմ ուսումը ավելի պատասխանատվությամբ, քանի որ արդեն երկու հոգու փոխարեն պետք է ծառայեմ ու Ազատի կիսատ թողած գործը պետք է լրացնեմ։ Եվ ահա, ուսումս շարունակելուց հետո ընդգրկվեցի եռամսյա հավաքների մեջ, անցա պատրաստությունը և ընդգրկվեցի Զինված ուժերում»,- ասաց Վահե Սիմոնյանը։ 

Նա նաև ասաց, որ իր հաշվարկով՝ իր՝  լեյտենանտի կոչում ստանալու օրը համընկնում էր Ազատի ծննդյան օրվան, ու որոշեց իր մեջ ուժ գտնել, հաղթահարել վերջին փուլը, որպեսզի կարողանա իր ընկերոջը լավագույն նվերը պարգևել, և այդպես էլ արեց։

 Ազատի մյուս ընկերը՝ Տիգրան Գրիգորյանն էլ ասաց, որ ինքը, Ազատը և  Վահեն եղել են նույն դպրոցից, ընկերներ են եղել վարժարանում։
«Ազատը միշտ աչքի է ընկել իր բարի ու ժպտերես կերպարով։ Ազատը միշտ փայլել է իր մարդկային հատկանիշներով, ինքն ահավոր ընկերասեր մարդ էր ու կարող էր բոլորին օգնել և օգնում էր առանց որևէ ակնկալիքի։ Ազատի մասին խոսելիս անհնար է հիշել որևէ վատ բան։ Իր ծառայության վերջին օրերին Ազատը հաճախ էր զանգում ինձ ու Վահեին, պատերազմի օրերին այնքան ծիծաղելով էր խոսում, մեզ հույս էր տալիս։ Շատ ծանր պատերազմ էր, բայց  ինքը չէր կոտրվում ու մեզ ուժ էր տալիս. փոխանակ մենք  իրեն ուժ տայինք, ինքն էր մեզ ուժ տալիս»,- ասաց Տիգրան Գրիգորյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան