«Իրենց քայլերով վնասում են ոչ թե իշխանությանը, այլ պետությանը»․ Համբիկ Սարաֆյանը՝ ՀՅԴ-ի ընդդիմադիր գործունեության մասին
Արդեն երրորդ օրն է՝ Երևանում ընթանում է Համաշխարհային հայկական գագաթնաժողովը, որի շրջանակում սփյուռքի տարբեր գաղթօջախներից հրավիրված շուրջ 600 ազդեցիկ անհատները, տարբեր կառույցների, կուսակցությունների ներկայացուցիչները հնարավորություն ունեն տեղի մասնագետների, պետական պաշտոնյաների հետ ամենաբարձր մակարդակով քննարկելու Հայաստանի առանցքային կարևորության խնդիրները, Հայաստան-Սփյուռք-Արցախ փոխգործակցության ընդլայնմանը, միմյանց  առաջնահերթությունները, դրանցում Սփյուռքի ներուժի ընդգրկման մեծացմանը, հայրենադարձությանը վերաբերող հարցերը և այլն, ինչպես նաև ապագայի համար միասնական նոր ծրագրեր կազմել: 

Նշենք, որ այս տարվա գագաթնաժողովը առանձնանում է նաև նրանով, որ դրան հրաժարվել են մասնակցություն ունենալ Սփյուռքի ավանդական կուսակցության՝ ՀՅԴ-ի և դրան փոխկապակցված կառույցների ներկայացուցիչներն ու Հայոց երկու կաթողիկոսությունները՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն ու Մեծի տանն Կիլիլիկո կաթողիկոսությունը: Թեմային առնչվող հարցերի շուրջ զրուցել ենք Սփյուռքի ավանդական կուսակցություններից մեկի՝ Ս.Դ.Հ.Կ. կենտրոնական վարչության ատենապետ Համբիկ Սարաֆյանի հետ: 

Ս.Դ.Հ.Կ. կենտրոնական վարչության նախագահ Համբիկ Սարաֆյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ՀՅԴ-ի և կաթողիկոսների՝ գագաթնաժողովին մասնակցության հրավերը բոյկոտելու երևույթը շատ տհաճ է, սակայն այն էական ազդեցություն չի կարող ունենալ ոչ գագաթնաժողովի աշխատանքի, ծրագրերի վրա, ոչ էլ սփյուռքահայության տրամադրությունների վրա: Սակայն Սարաֆյանը կարծում է, որ մերժման պատճառը միայն քաղաքական տարաձայնությունները չեն, այլ իրավամբ գագաթնաժողովի ձևաչափի փոփոխությունն է. «Խնդիրն այն է, որ հանձնակատարի գրասենյակն այս անգամ որոշել է ոչ միայն անհատական հրավերների ձևաչափով կազմակերպել, այլև հանել է նախկինում առկա նախնական տեղեկատվության տրամադրումը, ներգրավումը օրակարգի թեմաների կազմման, նիստավարների ընտրության հարցում»,- պարզաբանեց նա:

Նրա կարծիքով՝ միայն ժամանակը ցույց կտա՝ ձևաչափը արդյունավետ է՞, թե՞ ոչ, սակայն նախորդ տարիների փորձը ցույց է տալիս, որ պետք չէ նման գագաթնաժողովներից գործնական մեծ արդյունքներ սպասել. «Այնուամենայնիվ, ինչքան էլ արդյունավետությունը դեռևս բավարար չէ, այսպիսի համաժողովները շատ կարևոր են նրանով, որ հնարավորություն են տալիս Սփյուռքի և Հայաստանի գործիչներին համատեղվելու, միմյանց խնդիրներն ու առաջարկները ևս մեկ անգամ ներկայացնելու, մտքեր լսելու, փոխանակելու և հետագա համագործակցության ուղիները հստակեցնելու, ծրագրեր կազմելու,և եթե հետագայում այդ մտքերը բյուրեղանան, գործնական դառնան, կլինի գագաթնաժողովի կարևոր ձեռքբերումը»,- նշեց Սարաֆյանը:
 
Վերջինս անդրադառնալով Դաշնակցության ընդհանուր գործունեությանը, այդ թվում նաև պայքարի ձևերին, Սփյուռքում Հայաստանի պաշտոնյաներին վարկաբեկող ակցիաների կազմակերպմանը, ասաց. «Իհարկե, յուրաքանչյուր կուսակցություն, շարժում ինքն է որոշում իր անելիքները, գործունեության, պայքարի եղանակը, և ժողովուրդն է տալիս իր գնահատականը: Մեզ համար, սակայն, տարակուսելի է թե այսպիսի վարքագիծը, թե այն, որ իրենց քաղաքական պայքարը կարող են մղել այսպիսի օրհասական ժամանակներում: Վերջ ի վերջո պայքարի, խաղի կանոններ կան: Երբ դու ընդդիմադիր ես, կարող ես իշխանության բոլոր թերությունները վերառնել, ընդգծել բացասականը, սխալները և դրա փոխարեն առաջարկել իրենց այլընտրանքային ավելի դրական, կատարյալ ծրագիրը, ինչպես ընդունված է ամբողջ աշխարհի քաղաքական պրակտիկայում: Մինչդեռ մենք շարունակաբար տեսնում ենք, որ խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները սիրում են միայն մերկապարանոց հայտարարություններ անել՝ առանց որևէ ռեալ ծրագրի, նրանց բացարձակ չի հուզում, որ իրենց քայլերով վնասում են ոչ թե իշխանությանը, այլ պետությանը և դա դժբախտաբար մի ժամանակում, որը մեր միակ հայրենիքի՝ Հայաստան պետության համար ամենաճակատագրականն ու անկյունաքարայինն է, չափից ավելի լուրջ մարտահրավերների առջև ենք կանգնած, և նեղ կուսակցական պայքար մղելու շռայլությունը չունենք, և հստակ է, որ այս իրավիճակում մեզ համար բացարձակ անհրաժեշտություն է քաղաքական նկատառումներից վեր գտնվելը, ի շահ պետության, ինքնիշխանության պահպանման՝ հավաքական, համագործակցային աշխատանքը՝ միասնական լուծումներ գտնելը, ճանապարհային քարտեզ գծելը»,- ընդգծում է մեր զրուցակիցը: 

Հարցին, թե սփյուռքում ի՞նչ ազդեցություն է ունեցել ներհայաստանյան քաղաքական բևեռացվածությունը, անհանդուժողական և անառողջ պայքարը, արդյո՞ք դա ազդում է հայրենիքի հանդեպ վերաբերմունքի վրա, Սարաֆյանը պատասխանեց, որ ամբողջ սփյուռքի անունից դժվար է խոսել, բայց տեսանելի է, որ գերակշռում է կուսակցական կաղապարներից դուրս մտայնությունը և չկա այն պառակտվածությունը, բևեռացվածությունը, ինչ որ կա Հայաստանում: «Սփյուռքում մտահոգությունն ավելի մեծ է,ավելի լայն մտահորիզոնով են դիտարկում խնդիրները: Մեզ համար Հայաստանի հոգսերի մեծության համապատկերում նույնիսկ շատ ճղճիմ, վնասաբեր է թվում ներհայաստանյան քաղաքական այս մակարդակի պայքարը: Սփյուռքահայերին շատ չի հետաքրքրում կուսակցական հարցերը, ինչ-որ նախընտրություններ չունեն, նրանց հետաքրքիր է Հայաստանի, Արցախի ճակատագիրը, որը հիմա մշուշով է պատված և շատ բաներ անհասկանալի են և կարևորում են առաջին հերթին միասնական ոգու ստեղծումը և այս իրավիճակից հնարավորինս շուտ դուրս գալը»,- նշում է նա:

Վերջինիս տեսանկյունից՝ քաղաքական դաշտի այս անառողջ վիճակը մեր թշնամուն է նվեր, որովհետև իշխանությունը տարածաշրջանային և համաշխարհային քաոտիկ տեղաշարժերի՝ Հայաստանի վրա ունեցած ազդեցությունները չեզոքցնելու վրա կենտրոնանալու փոխարեն, ստիպված են ժամանակ ծախսել ներքին խնդիրների վրա:

«Ցավոք, այս տեսանկյունից լուրջ մտահոգություն է Հայաստանի և սփյուռքի մեդիադաշտում ապատեղեկատվության լայն տարածումը, մարդկանց ապակողմնորոշելու, իրականության չհամապաատասխանող պատկեր ներկայացնելը: Այստեղ անելիք ունեն մի կողմից՝ անկախ, ազատ, օբյեկտիվ ԶԼՄ-ները, մյուս կողմից՝ իշխանությունն ու դեսպանատները, որպեսզի այդ ապատեղեկատվությունը բացառեն, որովհետև վստահ եմ՝ շատ մարդիկ այդ ազդեցության տակ են և թյուր պատկերացում ունեն շատ կարևոր հարցերի վերաբերյալ: Շատ դեպքերում այդպես էլ ճշմարտությունը պարզ չի լինում իշխանական-հակաիշխանական մեդիաների պայքարի արդյուքնում, չենք տեսնում իրավիճակը ներկայացնող բովանդակային, չխեղաթյուրված քննարկում, տեղեկատվություն, ինչը չի կարող ընդհանրապես բացասական ազդեցություն սփյուռքի վրա չունենալ, բայց թե ինչ չափի ու որակի, հետագայում կերևա»,- նկատում է Սարաֆյանը:

Իսկ ինչ վերաբերում է տարբեր պետական պաշտոնյաների դեմ սփյուռքի մի քանի անհատների ամոթալի ակցիաներին, նրա կարծիքով՝ այդ փոքր միջադեպերը չեն ցույց տալիս ամբողջ սփյուռքի տրամադրությունները: 

Սարաֆյանը համոզված է՝ այս լարվածությունը չի ազդելու, որ սփյուռքի նշանակալի անհատներ, կառույցներ հրաժարվեն համագործակցել իշխանության հետ՝ Հայաստանին օգնելու նպատակով. «Սփյուռքի հայերը բոլոր իշխանությունների ժամանակ օգնել և շարունակելու են օգնել իրեն հայրենիքին՝ անկախ նրանից,ինչ ուժն է իշխանության: Սփյուռքում իշխանությունը կամ կուսակցությունը չի կարող նույնցավել հայրենիքի հետ: Սփյուռքի մեծ մասը մտածում է գլխավորապես Հայաստանի շահի մասին»,- հավելում է մեր զրուցակիցը: 

Խոսելով սփյուռքահայերի ներդրումային ներգրավվածության, բիզնեսի ծավալման  հնարավորություններից՝ նկատեց, որ այս հարցում կարևոր է երկու հանգամանք՝ կոռուպցիոն և Հայաստանի անվտանգային ու ռիսկերի չեզոքացումը: Ըստ նրա՝ կոռուպցիայի առումով, այսօր սփյուռքահայը շատ մտավախություն, տագնապներ չունի՝ ի պատիվ ներկա իշխանության, որ համառ պայքար է մղում կոռուպցիայի դեմ, սակայն հիմա կա անվտանգային խնդիր: «Հետևաբաար ինչքան շուտ խաղաղություն, կայունություն հաստատվի տարածաշրջանում, այնքան շատ կլինեն սփյուռքահայերի, ինչպես նաև օտարերկրյա ներդրումները»,- համոզված է նա: 

Անդրադառնալով սփյուռքի մասնագիտական ներուժի օգտագործման մակարդակը բարձրացնելու խնդրին՝  նա ասաց, որ իրենց կուսակցության դիրքորոշումն այն է, որ պետք է վերացվեն օրենսդրական խոչընդոտները առաջին հերթին և հետո մտածել սփյուռքի մասնագետներին գրավելու և Հայաստանում պահելու մասին. « ՍԴՀԿ-ն իշխող վարչակարգին, վարչապետին քանիցս առաջարկել է փոխել ՀՀ սահմանադրության հոդվածը, որը սահմանափակում է սփյուռքահայերին պետական ապարատում պաշտոն ստանձնելու հնարավորությունը, և պետք է վերանայել այդ դրույթը, որովհետև շատ մասնագետներ չեն կարող և չեն ցանկանում երեք տարի սպասել: Ուրախ ենք, որ իշխանությունը ականջալուր է եղել և արդեն ընթացք է տալիս այդ փոփոխությանը:

Նրա համոզմամբ սփյուռքի մասնագիտական ներուժի օգտագործման արդյունավետության բարձրացման վրա կարող է շատ դրական ազդել ամենակարևորը դատաիրավական համակարգի բարեփոխումը, որը դժբախտաբար դեռ բավարար չափի չէ, նաև տնտեսական մենաշնորհի իսպառ բացառումը, որի հարցում դրական փոփոխությունն ակնհայտ է: «Այստեղ մի բան պետք է հստակեցնել, որ սփյուռքի ավանդական կառույցներին շրջանցելով՝ գործնական քայլեր չեն կարոող անել: Հետևաբար չպետք է  շրջանցել այս կառույցներին, բայց նաև պետք է գտնել անհատների, կազմակերպությունների, երիտասարդների և հրապուրելով ներգրավվել Հայաստանի տարբեր ոլորտներում աշխատանքի մեջ: Այստեղ մնալու հնարավորություն տալ այն մասնագետներին, մարդկանց, ովքեր կունենան նման ցանկություն»,- ընդգծում է նա: 

Հարցին, թե ինչ հնարավորություններ է տեսնում հայրենադարձության ծրագրեր իրագործելու առումով, նա ասաց, որ այսօր կա հնարավորություն հայրենադարձություն կազմակերպելու սփյուռքի որոշ համայնքներից, մասնավորապես մայր գաղթօջախներից՝ Լիբանանից, Սիրիայից ,որտեղ Միջին Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով շատ ծանր քաղաքական-տնտեսական կացություն է, որոշ հայեր ցանկանում են արտագաղթել և այստեղ Հայաստանը պետք է այնպես անի, որ նրանք գան Հայաստան, ոչ թե այլ երկիր գնան: Բայց դա բավարար չէ, պետք է նաև Հայաստանը հոգա, որ այստեղ գալուց հետո մեկ տարի անց այդ հայրենադարձվածները չգնան ուրիշ տեղ: Դրա համար կազմակերպված ներգաղթի ծրագիր պետք է կազմվի: Ըստ Սարաֆյանի՝ հաշվի առնելով Հայաստանի սուղ հնարավորությունները, այսօր այլ առաջնահերթություններ ունենալը, բանակի սպառազնիման կարիքները, նաև այն, որ սփյուռքահայերի աջակցության պատճառով Հայաստանի կարիքավոր քաղաքացիները չտուժեն, չստեղծվի անհավասար սոցիալական պայմաններ, անհրաժեշտ է Սփյուռքի հետ համագործակցություն: Այդպես նաև պետական ռեսուրսները կխնայվեն: «Եթե սպասենք պայմանների լավանալուն, կարող է պատահի ուշանանք, ավելի լավ է այժմվանից սկսել ներգաղթի ծրագիր կազմել և իրագործել», -եզրափակեց նա: 

Թամարա Ղազարյան