Civic.am-ի զրուցակիցն է Ռումինիայի էկոնոմիկայի և առևտրի նախկին նախարար, Ռումինիայի հայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանը։
-Պարոն Ոսկանյան, Հայաստանն այս դժվարին պահին կազմակերպել է համաշխարհային հայկական գագաթնաժողով, սակայն ՀՅԴ-ն ու Կաթողիկոսը կտրականապես դեմ են արտահայտվել և չեն մասնակցում գագաթնաժողովին։ Ի՞նչ դիրքորոշում ունեք Դուք, արդյոք ճի՞շտ էր այդ մոտեցումը։
Սփյուռքի մեջ առաջարկներ կային, որ բոլորս անտեսենք՝ բոյկոտենք այս գագթնաժողովը։ Մենք ունեցանք խորհրդակցություն Ռումինիայի հայոց միության մեջ և վերջ ի վերջո որոշեցինք մասնակցել։ Պետք է հարգենք հայ ժողովրդի կամքը։ Հայ ժողովուրդը եթե քաղաքական ուժ է ընտրել՝ մենք պետք է հարգենք այդ կամքը։ Մենք ունենք մեր քննադատությունները, որոնց մասին կարող ենք խոսել, բայց այն ուժը, որը միջնորդ է մեր ու հայ ժողովրդի միջև՝ դա կառավարությունն է։ Երկխոսություն չես կարող ունենալ ոչ կառավարական կազմակերպությունների հետ, իշխանությունների հետ պետք է խոսել, և այդ պատճառով էլ որոշեցի մասնակցել գագաթնաժողովին։ Շատ եմ զղջում, որ եկեղեցին մասնակցություն չի ունենում, առաջին անգամն է, որ ոչ մի եկեղեցական ելույթ չի ունում, ինչպես նաև դժվար է նկարագրել Սփյուռքն առանց պատմական կուսակցությունների։ Բայց եթե մենք բոլորս բոյկոտեինք Հայաստանի թշնամիները կուրախանային, կասեին Հայաստանը մեկուսացած է և չեմ կարծում, որ դա լավ նշան կլիներ թե՛ Հայաստանի, թե՛ այն վիճակի, որում հիմա Հայաստանն է։ Մեր պարտականությունն այն է, որ հարցերը լուծենք, ոչ թե անտեսենք կամ թշնամությամբ վերաբերվենք։ Իմ ներկայությունն այս գագաթնաժողովին չի նշանակում, որ ես համաձայն եմ Հայաստանի կառավարության վարած ամբողջ քաղաքականության հետ։ Հարցեր կան, որ պետք է համագործակցենք, պետք է երկխոսություն ունենանք։
-Դուք որպես գագաթնաժողովի բանախոս ի՞նչ մեսիջ եք ուղարկել հայ ժողովրդին։
Հայ ժողովուրդը չպետք է համաձայնի, որ Արցախը կորսված է, չհամաձայնի, որ Արցախի քաղաքացիները պետք է ընդունեն Ադրբեջանի քաղաքացիություն։ Հայ ժողովուրդը պետք է դիմանա, ինչպես 90-ականներին դիմացավ։
-Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության պայմանագիր կնքելու բանակցությունների փուլում են, այդ օրակարգում ներգրավված են թե ԱՄՆ-ն, թե Բրյուսելը, թե Ռուսաստանը։ Ձեր կարծիքով Հայաստանը ո՞ր ուղղությամբ պետք է գնա։
-Ռուսաստանը պետք է բացատրություններ տա Հայաստանին՝ ինչու՞ անտեսեց ռազմական դաշնակցի իր պարտավորությունը, երբ Ադրբեջանը մտավ Հայաստանի տարածք։ Պատկերացրեք, որ ՆԱՏՕ-ն այդ ձև վարվեր, ոչ, Ռուսաստանը պետք է Հայաստանի կողմից լիներ՝ դաշինքի համաձայն։ Սակայն, Ռուսաստանը միջամտող դարձավ, բայց նա չէր կարող միջամտող լիներ, քանի որ Հայաստանի հետ դաշինք ուներ և հիմա հարցը հետևյալն է՝ կարո՞ղ է Հայաստանը վստահել Ռուսաստանին։ Եթե Ռուսաստանը հարգեր Հայաստանի հետ դաշնակից լինելը Ադրբեջանը չէր հարձակվի, բայց Ադրբեջանը իմացավ, որ Ռուսաստանը չի օգնելու Հայաստանին և դրա համար էլ հարձակվեց։ Ռուսաստանը հիմա կարծես և Ադրբեջանի դաշնակիցն է, և Հայաստանի։
Նարա Մարտիրոսյան
Մանրամասն՝ տեսանյութում