Հայաստանում հաստատվել է գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակի վիրուսի հարուցիչ
Հայաստանում դետքային համաճարակաբանական հսկողության շրջանակներում շարունակաբար իրականացվող լաբորատոր հետազոտությունների արդյունքում հաստատվել է գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակի վիրուսի հարուցիչ՝ հայտնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:
 
Գրիպով չհիվանդանալու, ինչպես նաև հիվանդության հետագա բարդություններից խուսափելու լավագույն միջոցը պատվաստումն է։ Նշենք, որ հանրապետության բոլոր պոլիկլինիկաները/ամբուլատորիաները և շարժական պատվաստումային կետն ապահովված են սեզոնային գրիպի դեմ պատվաստանյութով, և բոլոր նրանք, ովքեր դեռ չեն ստացել սեզոնային գրիպի դեմ պատվաստում, անկախ հաշվառման վայրից կարող են դիմել և պատվաստվել: Պատվաստումները կատարվում են կամավորության սկզբունքով, անվճար, պետական պատվերի շրջանակներում՝ առաջնահերթություն տալով ռիսկի խմբերին, մասնավորապես՝ հղիներ, 6 ամսականից մինչև 5 տարեկան երեխաներ, 65 տարեկանից բարձր տարիքի անձինք, քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք, բուժաշխատողներ, զորակոչի ենթակա անձինք, փակ կազմակերպություններում գտնվող անձինք և սպասարկող անձնակազմ:
 
Սուր շնչառական վարակներով և գրիպով չհիվանդանալու, ինչպես նաև հիվանդության բարդություններից խուսափելու նպատակով՝ առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ հորդորում է.
 
• պատվաստվե´ք սեզոնային գրիպի դեմ,
 
• խուսափե´ք գրիպանման երևույթներով հիվանդների հետ շփումից,
 
• եթե հիվանդ եք՝ մնացե´ք տանը,
 
• եթե հիվանդ եք, հրավիրե՛ք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին և մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ,
 
• մի´ օգտագործեք հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի և սուր շնչառական վարակների բուժման համար,
 
• հագնվե´ք եղանակին համահունչ,
 
• պահպանե´ք հազի և փռշտալու վարվելակարգը,
 
• օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկներ,
 
• հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները,
 
• հետևե´ք անձնական հիգիենային։