Ում է արդարացրել և վճիռը ուշ տրամադրելով՝ տուժողին զրկել բողոքարկման հնարավորությունից Սերժ Սարգսյանի գործով դատավորը
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երեկ ԲԴԽ-ն բավարարեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Միսակյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին ՀՀ արդարադատության նախարարության ներկայացրած միջնորդությունը և նրան նկատողություն հայտարարեց։

Դատավոր Վահե Միսակյանի վարույթում են պետբյուջեից կես մլրդ դրամ հափշտակության գործով մեղադրյալ Սերժ Սարգսյանի և նրա յուրայինների մի շարք դատական գործեր, այդ թվում՝ Սաշիկ Սարգսյանի որդի Նարեկ Սարգսյանի՝ Ֆրանկլին Գոնսալեսի, «Ֆլեշ»-ի սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի, ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանի, նաև՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի վերաբերյալ գործերը։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Միսակյանի նկատմամբ կարգապահական վարույթը հարուցվել է ՀՀ արդարադատության նախարարության կողմից՝ գործերից մեկով արդարացման դատական ակտը կողմերին ուշ տրամադրելու համար, ինչի հետևանքով, ըստ նախարարության, վաղեմության ժամկետներն անցել են։ Ասել է թե՝ տուժող կողմը դատավորի անգործության պատճառով զրկվել է արդարացման դատավճիռը բողոքարկելու հնարավորությունից, իսկ դատավոր Միսակյանը շարունակել է հանգիստ պաշտոնավարել։ 

Civic.am-ը պարզեց, որ խոսքը նախկին կնոջը ծեծի ենթարկած տղամարդուն արդարացնելու և ծեծված կնոջը բողոքարկման հնարավորությունից  զրկելու գործի մասին է։  Ըստ քրգործի նյութերի՝ 2019 թ.-ին Արմեն Ավանէսին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով, այն բանի համար, որ նա 2019 թվականի մայիսի 16-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Հալաբյան փողոցի 41Ա հասցեում գտնվող ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության «Հեքիաթային» սենյակում որդու՝ Ալեքսանդր Ավանէսի հետ հերթական անգամ տեսակցելու ժամանակ վերջինիս հետ գնացել է նշված սենյակում գտնվող սանհանգույց, ինչից հետո սանհանգույցի մուտքի դռանն է մոտեցել նախկին կինը՝ Թամմի Ավանէսը, ով գտնվել է սանհանգույցի մուտքի դռան և դռան շրջանակի միջնամասում, դա նկատելով՝ Ա. Ավանէսը դիտավորությամբ սանհանգույցի դուռը փակելու եղանակով 3 անգամ հարվածել է նրան՝ վերջինիս առողջությանը պատճառելով թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ, որոնք արտահայտվել են ձախ ազդրի ս/3-ի դրսային մակերեսի, ձախ ազդրի մ/3-ի հետին մակերեսի, ձախ քունքակողմնային մազածածկ հատվածի արյունազեղումների ձևով: 

Քրեական գործն ըստ մեղադրանքի Արմեն Համլեթի Ավանէսի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով, Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազության դատախազ Գ. Ադոնցի կողմից հաստատված մեղադրական եզրակացությամբ ուղարկվել էր Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (դատարանում շնորհվել է ԵԴ/1067/01/19 քրեական գործի համարը), և նշված քրեական գործը վարույթ է ընդունվել նույն դատարանի դատավոր Վ. Միսակյանի կողմից:

Արդարացման դատավճռում դատարանը համարել է, որ մեղադրական եզրակացության հիմքում դրված ապացույցների համակցությունը բավարար չէ Ա. Ավանէսին մեղսագրվող հանցավոր արարքի սուբյեկտիվ կողմը հաստատված համարելու այն ծավալով, որը կբացառի դրա ապացուցվածության վերաբերյալ ցանկացած ողջամիտ կասկած, իսկ հանցագործության համար դատապարտումը չի կարող պայմանավորված լինել անձի հավանական մեղավորության վերաբերյալ հետևություններով կամ ենթադրություններով, այլ պետք է բխի նրա կողմից տվյալ արարքը կատարելու հարցում դատարանի համոզմունքից, որպիսին սույն քրեական գործով ձեռք բերված և պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում հետազոտված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ գնահատման արդյունքում դատարանի մոտ չի ձևավորվել:

«Հետևաբար դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Ա. Ավանէսի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման, և այդ մեղադրանքում նա պետք է արդարացվի՝ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ»,- գրել է դատավորը՝ հավելելով, որ «նշված հիմնավորումներով պետք է ճանաչել և հռչակել Ա. Ավանէսի անմեղությունը»։ 

Վճռով դատարանը Արմեն Ավանէսին արդարացրել է առաջադրված մեղադրանքում հանցակազմի բացակայության հիմքով և վճռում գրել, որ դատավճիռը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան հրապարակվելու օրվանից հետո մեկամսյա ժամկետում:

Հենց այս ժամկետն էլ խախտել է դատավորը՝ 1 ամսում վճիռը չուղարկելով կողմերին և տուժողին զրկելով բողոքարկման իրավունքից։ 

Եթե այս գործը ՄԻԵԴ հասնի, շատ հստակ գնահատական կստանա, և կարձանագրվի դատավորի կողմից իրավունքի խախտումը։ 

Մարինե Խառատյան