«Հանուն Արցախի» հանրահավաք՝ առանց քաղաքական ասելիքի․ Թիվ 1 խնդիր հռչակել են գլխավոր բանակցողի փոփոխությունը՝ արանքում մոռանալով Արցախն էլ, Հայաստանն էլ․ տեսանյութ
Նոյեմբերի 5-ին խորհրդարանական ընդդիմությունը հերթական հանրահավաքն իրականացրեց։ Սոչիում եռակողմ հանդիպումից առաջ ընդդիմությունը համազգային հանրահավաք անելու մասին հայտարարեց, Իշխան Սաղաթելյանն էլ մամուլի ասուլիս հրավիրեց, որտեղ կոչ արեց բոլոր ընդդիմադիր ուժերին մի կողմ դնել բոլոր տարաձայնություններն ու ներկայանալ հանրահավաքին։ Միասնության, համախմբման կոչ անող Սաղաթելյանը, սակայն, ընթացքում մոռանալով իր նախորդ կոչը՝ Լևոն Տեր-Պետրոսյանին, ըստ էության, կապիտուլյանտ անվանեց, ապա չմոռացավ անդրադառնալ նաև Էդմոն Մարուքյանին և Արամ Սարգսյանին։ Մինչ ողջ հասարակությունը քննարկում էր «Վալդայում» Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ասածներն ու նոյեմբերի 3-ի Սոչիի հանդիպումը, հանրահավաքի ժամանակ ընդդիմությունը զբաղված էր կենացներ ասելով, մեղադրանքներ հնչեցնելով, ներքաղաքական պայքարով, աթոռակռվով։ Արցախի փրկության լոզունգով հանրահավաքի դուրս եկած ընդդիմությունը որևէ կերպ չանդրադարձավ բանակցային գործընթացին։ «Վալդայում» Պուտինը ասել էր, որ Հայաստա՛նը պետք է ընտրի, թե ինչպես լուծել Ղարաբաղի հարցը, իրենք կողջունեն ցանկացած տարբերակ, որը խաղաղություն կբերի։ Միաժամանակ ակնարկել էր, որ իրենք ավելի լավ առաջարկ ունեն Հայաստանի համար, քան, այսպես կոչված, վաշինգտոնյանն է։ Միաժամանակ մեղադրանքներ էր հնչեցրել Հայաստանի նախկին և ներկա իշխանություններին՝ մինչև 2020 թվականի պատերազմը կարգավորման տարբերակները մերժելու համար։ 

Այս ելույթից հետո խորհրդարանական ընդդիմությունը հայտարարեց, որ կողմ են ռուսական տարբերակին։ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ դեմ են վաշինգտոնյան տարբերակին, և իրենց համար ընդունելի է ռուսական տարբերակը։ Սա այն դեպքում, երբ վաշինգտոնյան առաջարկ, որպես այդպիսին, չկա էլ, և հայտնի չէ, թե ինչ է առաջարկում Արևմուտքը։ Իսկ Ռուսաստանը, ինչպես ցույց տվեց Սոչիի հանդիպումը, չի կարողանում համոզել կամ ստիպել Ադրբեջանին ստորագրել որևէ փաստաթուղթ, որտեղ կա Ղարաբաղ անվանումը։ Կարգավիճակի մասին խոսելն անգամ այս իրավիճակում ավելորդ է։ Մերձընդդիմադիր տարբեր խոսափողներ էլ աղաղակում էին, թե գործող իշխանությունը չի ցանկանում ստորագրել ռուսական տարբերակը, որով Արցախի հարցի լուծումը թողնվելու էր անորոշ ապագային, փոխարենը պատրաստվում են ստորագրել վաշինգտոնյան տարբերակը՝ հրաժարվելով Արցախից։  Այս ամենը արվում էր այն ֆոնին, որ վարչապետ Փաշինյանը, արձագանքելով Պուտինի ասածներին, Թվիթերում գրառում էր կատարել՝ նշելով, որ ինչպես դեռ սեպտեմբերին է ասել՝ այնպես էլ հիմա հայկական կողմը համաձայն է ստորագրել ռուսական առաջարկը, եթե Ռուսաստանը կարողանա այն համաձայնեցնել Ադրբեջանի հետ։ Սոչիում ստորագրված փաստաթղթում, սակայն, Ղարաբաղի մասին որևէ խոսք չկար։ 

Նոյեմբերի 5-ի հանրահավաքում ենթադրվում էր, որ ընդդիմությունը քաղաքական ելույթներով հանդես կգա, կմանրամասնի, թե որ տարբերակին են իրենք կողմ կամ թե ինչո՞ւ են կողմ մեկին և դեմ մյուսին, գուցե իրենց աջակիցներին և մյուս քաղաքացիներին բացատրեին, թե ինչո՞վ են, իրենց ասած, վաշինգտոնյան և ռուսական կարգավորման տարբերակները իրարից տարբերվում և այլն։ Սրան մոտ ելույթ ունեցավ միայն Անդրանիկ Թևանյանը՝ նշելով, որ հարցը պետք է լուծվի Երևան-Մոսկվա-Բաքու եռանկյունում, բայց թե ինչո՞ւ Մոսկվայում պետք է լուծվի հարցը, այլ ոչ այն տարբերակով, որը ավելի շատ կսպասարկի հայկական շահը, Թևանյանը չմանրամասնեց։ Կարևորը՝ լուծվի Մոսկվայում։ Հանրահավաքին ներկա էր նաև Բագրատ Սրբազանը, ով կաթողիկոսի օրհնությունն էր բերել Ֆրանսիայի հրապարակ։ Կրկին միասնականությունից, խաղաղությունից խոսող հոգևորականը, Մայր Աթոռի ներկայացուցիչը չմոռացավ նաև ներքաղաքական երանգներ տալ ելույթին։ Մնացած ելույթները ևս որևէ նոր բան չէին պարունակում՝ մեղադրանքներ, կենացներ, ցանկություններ և այլն։ Ընդդիմությունը սևեռված է իշխանափոխության վրա։ Թիվ մեկ խնդիր հռչակել են գլխավոր բանակցողի փոփոխությունը՝ արանքում մոռանալով Արցախն էլ, Հայաստանն էլ։ Հերթական, ոչնչի մասին հանրահավաքն ավարտվեց երթով։ 
Մանրամասն՝ տեսանյութում 

Վովա Հակոբյան