«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու, Սերժ Սարգսյանին կից «Հանրային խորհրդի» նախկին նախագահ, Հայաստանի չկայացած նախագահ Վազգեն Մանուկյանը, որը ՀՓՇ-ի խայտառակ ֆիասկոյից հետո կարծես ընդհատակ էր անցել ու մամուլի էջերն ու հանրային միջոցառումները չէր զարդարում իր խոսքով ու ներկայությամբ, հարցազրույց է տվել ռուսական «Московский Комсомолец»-ին։ Եվ, ինչպես կարելի էր ենթադրել, քար է նետել գործող իշխանության բոստանը՝ վերջինիս մեղադրելով այնպիսի զանցանքներում, որոնք կարող էին ծագել սյուրռեալիստական ոճում ստեղծագործողի գլխում միայն։ Մանուկյանը մասնավորապես նշել է, թե «Փաշինյանին չի հետաքրքրում Ղարաբաղը», և որ «նրա ամբողջ քաղաքականությունը առաջին իսկ օրվանից ուղղված էր նրան, որ ազատվի Ռուսաստանից: Դրա համար անհրաժեշտ է ազատվել Ղարաբաղի խնդրից: Եվ նա բազմիցս է հայտարարել, որ ղարաբաղյան հարցը խանգարում է Հայաստանի զարգացմանը»։
Քաղաքական գործիչներին, այն էլ՝ ստաժավոր, այն էլ՝ ճանապարհ անցած, պատշաճում է փաստերով խոսելն ու, եթե հնարավոր է, չստելը, որքան էլ ատելությամբ ու անհանդուրժողականությամբ լցված լինես օրվա իշխանության հանդեպ։ Պարոն Մանուկյանը եթե հարգանք է ակնկալում սեփական անձի ու խոսքի հանդեպ, ապա մերկապարանոց հայտարարությունների փոխարեն նվազագույնը երեք անառարկելի փաստ կվկայակոչեր առ այն, թե ինչպե՞ս և ի՞նչ հանգամանքներում է Նիկոլ Փաշինյանը փորձել «ազատվել Ռուսաստանից»։
Ռուսաստանը, նկատենք, հնամաշ վերարկու չէ, որից հնարավոր լինի ազատվել՝ նոր վերարկու գնելու որոշում կայացնելով, ոչ էլ «իդիոտ» որակված քաղաքական գործիչ, որից ազատվելու համար հարկ եղավ «Հանրային խորհուրդ» անունով կառույց ստեղծել, դրա նախագահ կարգել իշխանության հասցեին ռուսական լրատվամիջոցին բամբասող գործչին, այդ կառույցը տեղակայել Բաղրամյան 26-ի աչքից հնարավորինս հեռու՝ ՀՀ նախկին նախագահներից մեկին պատկանղ հյուրանոցի հարկաբաժիններից մեկում, տարին մեկ-երկու անգամ գնալ խորաթա անելու՝ տեսության, ընդ որում՝ այդ տեսություններից մեկը ավանդաբար տեղի էր ունենում տարեմուտին, խաշի սեղանի շուրջը, կենացների ուղեկցությամբ։ Ի դեպ, ուշագրավ է Մանուկյանի կողմից մատնանշված պատճառահետևանքայն կապը Ռուսաստանի և Ղարաբաղի հարցի լուծման միջև։ Ղարաբաղի հարց ասելով նախկին Պնախարարը, փաստորեն, հասկանում է Ռուսաստան, և որպեսզի ՀՀ-ն ազատվեր Ռուսաստանից, պետք է ազատվեր ԼՂ խնդրից, այսինքն՝ լուծեր այն։ Եվ ուրեմն, ըստ ՀՀ նախկին Պնախարարի, Ղարաբաղի հարցի չլուծած լինելու պատճառը ոչ թե Ադրբեջանն է, այլ Ռուսաստանը, որը, դատելով Մանուկյանի խոսքից, ոչ թե ԼՂ խնդրի կարգավորման միջնորդ էր, այլ ԼՂ խնդրի բաղադրիչը։ Չէր ուզում, որ այն լուծվի, քանի որ խնդրի լուծումը ենթադրում էր դրա բոլոր բաղադրիչների լուծում, այսինքն՝ ազատում նաև այդ բաղադրիչներից մեկից՝ ՌԴ-ից։
Ինչ վերաբերում է այն դիտարկմանը, թե, ըստ Փաշինյանի, «Ղարաբաղի հարցը խանգարում է Հայաստանի զարգացմանը», ապա ակնկալում ենք գեթ մեկ հղում Մանուկյանից, որը կապացուցի, որ Փաշինյանը այսինչ օրը այսինչ տեղում արել է նման հայտարարություն։ Եթե անգամ կա նման ընկալում, ապա արդյոք այն պատճառաբանված չէ՞։ Թե՞ «Ղարաբաղ» կոմիտեի անդամը կարծում է, որ Ղարաբաղի հարցի չլուծված լինելը շահեկան վիճակ է ստեղծում Հայաստանի և հենց Ղարաբաղի համար, այդ հարցի չլուծված լինելը նպաստում է Հայաստանի զարգացմանն ու բարգավաճմանը, երկնիշ տնտեսական աճին, կանխում է արտագաղթը, խթանում է ծնելիությունը, երաշխավորում է կայունություն և խաղաղություն ու ընդհանրապես բարիքի մշտաբուխ աղբյուր է։ Եվ ուրեմն պետք է ամեն ինչ անել՝ Ղարաբաղի հարցը ևս 25 տարի չլուծված թողնելու և խաղաղությանը կտրուկ «ոչ» ասելու համար։
Միջանկյալ երկու մեջբերում Ղարաբաղի հարցից և Ռուսաստանից «ազատվել փորձող» Փաշինյանի՝ նախկինւմ արած հայտարարություններից։ 2018 թվականի մայիսի 14-ին Սոչիում աշխատանքային այցով գտնվող ՀՀ վարչապետը հայտարարեց. «Շատ հաճելի է, որ վարչապետ նշանակվելուց տառացիորեն մի քանի օր անց հնարավորություն ունեմ հանդիպել Ձեզ հետ, քանի որ, կարծում եմ, քննարկելու հարցեր կան: Բայց ինչ-որ բան էլ կա, որ քննարկման կարիք չունի. Հայաստանի և Ռուսաստանի ռազմավարական, դաշնակցային հարաբերություններն են: Կարող եմ հավաստիացնել, որ այս հարցում Հայաստանում կա կոնսենսուս: Որևէ մեկը երբեք կասկածի տակ չի դրել և, կարծում եմ, չի էլ դնի հայ-ռուսական հարաբերությունների ռազմավարական կարևորությունը: Մենք տրամադրված ենք, մեծ էներգիա կա նոր խթան հաղորդելու մեր հարաբերություններին և՛ քաղաքական, և՛ առևտրատնտեսական ոլորտներում: Հույս ունենք զարգացնել մեր հարաբերությունները ռազմատեխնիկական ոլորտում և այլ բնագավառներում»: Սա նորաթուխ վարչապետի կողմից «Ռուսաստանից ազատվելո՞ւն» ուղղված հայտարարություն էր, թե՞ այդ երկրի հետ հարաբերություններն է՛լ ավելի սերտացնելու։
Ինչ վերաբերում է Ղարաբաղից ազատվելուն, ապա երևի «ազատման» նպատակով էր Փաշինյանը հայտարարում, որ «հակամարտության լիարժեք կողմերից մեկը՝ Արցախը, պետք է լինի բանակցությունների լիարժեք կողմ», որոշ ժամանակ անց էլ Մանուկյանի սիրելի ռուսական ԶԼՄ-ների հարցերին պատասխանելիս նշում, թե «Լեռնային Ղարաբաղի խնդիրը համար մեկ հարցն է Հայաստանի անվտանգության և մեր երկրի ու ժողովրդի ապագայի համար»:
Նման հայտարարությունները, որոնք, ի դեպ, տարբեր բառապաշարվ կրկնվում են նաև 44-օրյա պատերազմից հետո, ռուսակա՛ն առաջարկների հիման վրա Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելո՞ւ, Ղարաբաղից ազատվելո՞ւ, թե՞ Հայաստանի անվտանգությունն ու ապագան Ղարաբաղի հետ կապելու մասին են։
Ելենա Ազատյան