Ադրբեջանին շնորհավորող միջազգային գործընկերները պետք է պարզեն, թե որտեղ են Շուշիում, Հադրութում ապրող հայերը․ Մարուքյան
Միջազգային գործընկերները, որոնք այսօր շնորհավորում են Ադրբեջանին, պետք է փորձեն պարզել, թե որտեղ են այժմ Շուշիում, Հադրութում, այլ գյուղերում ապրող հայերը: 

Այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանի Հանրապետության հատուկ հանձարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։

Գրառման մեջ նաև ասված է․ 

«Նրանք պարզապես պետք է հասկանան, որ իրականում շնորհավորում են Ադրբեջանին էթնիկ զտումների համար՝ այդպիսով օրինականացնելով դա»։

Ավելի վաղ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն էր անդրադարձել Ադրբեջանի կողմից Շուշի քաղաքի բռնազավթման երկրորդ տարելիցին, ու մասնավորապես գրել․

«Տարբեր առիթներով միջազգային պատվիրակություններ տանելով Շուշի՝ Ադրբեջանը փորձում է լեգիտիմացնել իր ագրեսիան։ Բոլոր նրանք, ովքեր այցելում են Շուշի, իրենց քայլով հանցակից են դառնում մարդկանց տեղահանությանը և լեգիտիմացնում ուժի կիրառումը, ագրեսիան և օկուպացիան։

Այսօրվա բռնազավթումը չի փոխում Շուշիի կարգավիճակը, այն եղել ու շարունակելու է մնալ Արցախի Հանրապետության անբաժանելի մասը»,- նշված է Արցախի ՄԻՊ-ի գրառման մեջ»: