«Հոդված 3» ակումբում այսօր անդրադարձ է կատարվել գերությունից ազատված զինվորներին հապճեպ զինծառայության վերադարձնելու, նրանց ֆիզիկական և հոգեբանական համալիր վերականգնման խնդիրներին: Քննարկման բանախոսներն են՝ իրավապաշտպան Արթուր Սաքունցը, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ից Աննա Մելիքյանը, ՀՔԱՎ գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան, ՄԻՊ աշխատակազմի Քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Հրանտ Ջիլավյանը:
Իրավապաշտպան Արթուր Սաքունցը, խոսելով 2020 թվականի պատերազմի հետևանքով հարյուրավոր վերադարձաձ գերիների հանդեպ պետության վերաբերմունքի և վերականգնողական խնդիրների մասին, ընդգծեց՝ թեև դրանք մեծածավալ դրսևորում ունեցել են 2020-ի պատերազմի հետևանքով գերեվարված անձանց դեպքերում, սակայն խնդիրը եղել է մշտապես: Բացի դրանից՝ Սաքունցի համար անընդունելի է խնդիրը դիտարկել դեպքերի քանակի վրա հիմնվելով, որովհետև թեկուզ մեկ զինծառայողի հանդեպ պատկան մարմինների վերաբերմունքը կարևոր նշանակություն ունի: Այս առիթով իրավապաշտպանը հիշեց տարիներ առաջ եղած համանման մի դեպք, երբ գերեվարված Հակոբ Ջուղուզյանը գերեվարությունից վերադառնալուց շատ կարճ ժամանակ անց նորից ուղարկվեց զինվորական ծառայության՝ առանց հաշվի առնելու նրա ֆիզիկական և հոգեբանական աջակցության կարիքները և պատրաստվածությունը:
«Վերջին՝ ամենաթարմ դեպքը, որով մենք զբաղվում ենք, այն է, որ տվյալ անձին (անունը չեմ ցանկանում տալ) ռազմական հոգեբանի կողմից տրվել է 25-օրյա բուժման ժամկետ, ինչից ապշել են անկախ հոգեբան փորձագետները, որովհետև 25 օրվա ընթացքում հնարավոր չէ հոգեբանական, երբեմն նաև՝ ֆիզիկական վիճակը վերականգնել: Իրականում գերությունից հայրենադարձված զինվորներին հոգեբանորեն վերականգնվելու համար անհրաժեշտ է շատ ավելի երկար ժամանակ՝ առնվազն 5-6 ամիս»,- նշեց իրավապաշտպանը:
Ըստ բանախոսի՝ իր ասածի հիմնավոր լինելու մասին է վկայում նաև այն իրողությունը, որ երբ Եվրոպական դատարան դիմումներ են ներկայացվում 39 կանոնադրությամբ՝ գերիներին թե՛ հոգեբանական, թե՛ ֆիզիկական բռնության ենթարկելու, խոշտանգումների հիմքերով, և երբ կարիք է առաջանում իրականացնելու դատահոգեբանական, բժշկական փորձաքննություն, արդյունքում հստակ արձանագրվում է՝ գերիների կտտանքների հետևանքները վերացնելու համար բավականին ժամանակ է պետք:
Այս վերաբերմունքով պետությունը, նրա կարծիքով, խախտում է մարդու իրավունքները մի քանի դրույթներով. «Առաջինը՝ զինվորական ծառայության պիտանելիության որոշումը, առողջական խնդիրներով պայմանավորված, անկյունաքարային լինելու կետը: Այսինքն՝ անգամ ոչ գերության մեջ, այլ զինվորական ծառայության ընթացքում, եթե տվյալ անձը ձեռք է բերել առողջական խնդիրներ, դրա հիման վրա պետք է քննարկվի ընդհանրապես նրա հետագա ծառայության պիտանելիության հարցը, բայց զարմանալիորեն և՛ առողջական խնդիրներ ունեցող զինծառայողների, և՛ ռազմագերիների վերականգնման ընթացքի ապահովումը այն մակադակի վրա չի, որ վստահ ասենք՝ չի խախտվում նրանց իրավունքները»:
Սաքունցի դիտարկմամբ՝ պետության կողմից նման վերաբերմունքի միտումը ցույց է տալիս, որ Զինված ուժերի համալրումը, քանակի ապահովումը լուծում են առողջական խնդիրներ ունեցող ծառայողների հաշվին: Լավ է, որ թվաքանակը մեծ չէ, բայց հարց է առաջանում՝ նման անձանց ծառայության ուղարկելով՝ ռազմական ի՞նչ խնդիր են լուծում: Այսինքն՝ հարցերն ավելի շատ են, պատասխանները՝ քիչ, և կարծում եմ, որ պետությունը այս հարցերում առաջին հերթին շատ մեծ ջանքեր պետք է գործադրի մարդու առողջության վերականգնման համար, քան առաջնային համարի նրա՝ շուտափույթ վերադարձը բանակ:
Բանախոս Աննա Մելիքյանը խնդրի քննարկման համատեքստում նախ՝ ցանկացավ անդրադառնալ գերեվարվածների հանդեպ պետության վերաբերմունքի մեջ գրանցված առաջընթացին՝ նշելով, որ դրական հանգամանքն այն է, որ գերության մեջ գտնվելու ժամանակահատվածում գերեվարված զինվորների վարձատրությունը պահպանվում է, ինչը որոշակի սոցիալական երաշխիքներ է ստեղծում նրանց ընտանիքների համար: Սակայն, մյուս կողմից, համաձայնելով Սաքունցի հետ՝ հաստատեց, որ խնդիրները առաջանում են գերությունից վերադառնալուց հետո: «Շատ կարևոր է, որ հայրենադարձվելուց հետո ժամկետային թե պարտադիր ծառայողները անցնեն պատշաճ վերականգնողական բուժում, և դրանից հետո միայն որոշվի նրանց զբաղվածությունը ԶՈՒ-ում»,- ասաց նա:
Այնուհետև Մելիքյանը ներկայացրեց այլ երկրների՝ այս խնդրին տրված լուծումների փորձը: «Օրինակ՝ Ուկրաինայում այս սեպտեմբերին օրինագիծ ընդունվեց, որով առաջնություն է տրվում գերությունից վերադարձած զինվորի ցանկությանը՝ շարունակի՞ ծառայությունը բանակում, թե՞ ազատվի: Ճիշտ է, ծառայությունը դադարեցնելու նման հիմք չկա, բայց բոլորը գիտակցում են, որ գերությունն ինքնին տրավմա է, ավելի բարդ է, երբ խոշտանգման ենթարկման փաստը կա: Այս օրենքով եթե տվյալ զինվորը չի ցանկանում շարունակել ծառայությունը, նույնիսկ համընդհանուր մոբիլիզացիա հայտարարվելիս ազատվում է պարտադիր զորակոչվելուց»,- ներկայացրեց բանախոսը և հավելեց, որ նման մոդել է գործում նաև ԱՄՆ-ում:
Մելիքյանը այնուհետև նշեց, որ մեզանում բավականին լուրջ խնդիր կա նաև քրեական պատասխանատվության ենթարկելու կամ ծառայողական քննություն իրականացնելու հարցում. «Քրեական օրենսգրքով վաղուց է նախատեսված քրեական պատասխանատվություն՝ կամովին գերի հանձնվելու, մարտադաշտը լքելու համար, սակայն իրականում խնդիրն այն է, թե արդյոք մեր զինծառայողները ունե՞ն բավարար գիտելիքներ՝ իրավիճակը համարժեք գնահատելու համար և հասկանալու՝ դա հանցակա՞զմ է, թե՞ մարտական գործողությունների հանգամանքներով պայմանավորված՝ կյանքը փրկելու համար գերի հանձնվել և այլն: Այլ երկրներում էլ անցկացվում են համապատասխան ծառայողական քննություններ, սակայն մեր դեպքում կա իրազեկվածության պակաս և՛ զինծառայողների շրջանում, և՛ ընդհանուր հասարակության մեջ, որը լրացուցիչ լարվածություն է ստեղծում»,- շեշտեց նա:
Բացի դրանից, Մելիքյանի դիտարկմամբ՝ զինծառայողները, զրկված լինելով ընտրության հնարավորությունից և վերականգնվելու համար սուղ ժամանակ ունենալով, կրկնակի սթրես, ընկճախտ են ապրում, ու շատ հավանական է, որ կարող է վերահարմարվելու զոհ դառնան, լուրջ խնդիրներ ունենան, եթե նորից ակտիվ ծառայության անցնեն անպատրաստ վիճակում:
ՄԻՊ աշխատակազմի Քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Հրանտ Ջիլավյանի կարծիքով՝ հարցին պետք է անդրադառնալ մի քանի ասպեկտով. «Նախ՝ ՀՀ ներպետական օրենքը սահմանում է՝ եթե գերությունից հայրենադարձված զինվորի առողջական վիճակը թույլ է տալիս, պետք է շարունակի ծառայությունը, որևէ արգելք չկա: Սակայն այս դեպքում պետք է առանձին գնահատման ենթարկվի այս անձանց հետագա ծառայությունը շարունակելու նպատակահարմարության հանգամանքը, թե ինչ ռազմական խնդիր է լուծվելու, ինչպես նաև ծառայությունը շարունակելու դեպքում հնարավոր վտանգները»:
Հաջորդը, ըստ նրա, այս անձանց պատշաճ փորձաքննության հարցն է, որին առնչվել է վերջերս:
ՄԻՊ գրասենյակի աշխատակիցները, օրինակ, այցելել և առանձին տեսակցել են Ադրբեջանի վերջին ագրեսիայի հետևանքով գերեվարված 17 անձանց. «Եվ ասեմ՝ նրանց մի մասը հայտնում էր, որ ունի հոգեբանական աջակցության կարիք: Մեր և հասարակական կառույցների աջակցությամբ նրանք հոգեբանական փորձաքննության են ենթարկվել, որի արդյունքում նրանց մի մասի վերաբերյալ մասնագետները տվել են եզրակացություն, որ այս վիճակում գտնվող անձանց ծառայությունը նպատակահարմար չէ, մարդիկ ունեն ինտենսիվ հոգեբանական բուժօգնության կարիք»:
Վերջինս հայտնեց նաև, որ այս հարցով իրենք ՊՆ-ին են դիմել՝ նշելով, որ պետք է պատշաճ փորձաքննություն կատարել և այդ արդյունքների հիման վրա որոշել այդ զինվորի հետագա ծառայության նպատակահարմարությունը:
«Սակայն խնդիրն այն է, որ այս ամենը չպետք է լինի ՄԻՊ-ի կամ հասարակական սեկտորի աջակցությամբ, այլ պետության, որն ունի պոզիտիվ պարտականություն այդ բոլոր հայրենադարձված զինծառայողների, ընդհանրապես բոլոր զինվորների առողջության պատշաճ փորձաքննություն իրականացնելու, մանավանդ, որ այս մարդիկ դաժան, անմարդկային տանջանքների են ենթարկվել: Այդ սարսափելի դրվագները տեսել ենք բազմաթիվ տեսանյութերից»,- ընդգծեց Ջիլավյանը: