Իշխանությունը ես հանձնել եմ Կարեն Կարապետյանին. Սերժ Սարգսյան
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել Արմնյուզ հեռուստաընկերությանը։

«Ես երբեք չեմ համաձայնում այն մտքի հետ, որ հիմա Դուք արտահայտեցիք, որ ես նրանց հանձնել եմ իշխանությունը։ Ոչ, նախ՝ իշխանությունը ես հանձնել եմ Կարեն Կարապետյանին: Ես հասկանում եմ, որ մարդիկ իրավունք ունեն այդպես կարծելու, որ ես իշխանությունը հանձնել եմ սրանց։ Տեսեք՝ ինչպիսի իրավիճակ էր ստեղծվել. ես, ելնելով աշխարհաքաղաքական իրողություններից և այն համոզմունքից, որ եթե փոխվի գլխավոր բանակցողը, ապա բանակցային պրոցեսում տեղի են ունենալու այնպիսի փոփոխություններ, որոնք ճակատագրական էին լինելու մեր երկրի համար։ Հիմա հարցազրույցի ընթացքում մենք դրան տարբեր ասպեկտներից կանդրադառնանք։ Հենց այդ պատճառով ես համաձայնեցի ընտրվել վարչապետ, և որևէ մեկը չէր կարող կանխատեսել, որ Հայաստանում կարող է այդ շարժումը, նախաձեռնությունը ստանալ այդպիսի ընթացք»,- ասել է Սերժ Սարգսյանը:

«Խոսակցությունն այդպես ուղիղ էլ եղել է։ Բացի դրանից՝ ես ապրիլի 23-ին վարչապետ էի, Կարեն Կարապետյանը՝ առաջին տեղակալ, և վարչապետի հրաժարականից հետո երկրի կառավարումն անցնում է առաջին տեղակալին, դա միանշանակ է, այստեղ որևէ կասկած չկա։ Ես նորից եմ կրկնում՝ իմ ասածի մեջ որևէ միտում չկա, որ սրանց իշխանության գալու մեջ ես որևէ մեղք կամ հանգամանք չունեմ։ Ոչ, ես ուղղակի ասում եմ իրականությունը ու նորից եմ կրկնում՝ ուղիղ եմ ասում՝ չմեղադրելով Կարեն Կարապետյանին»,- միտնքն ավարտել է ՀՀ երրորդ նախագահը: