Սահմանադրական փոփոխությունների միջոցով Արցախը ՌԴ մաս դարձնելու մտավախություններն անլուրջ են. ՌԴ-ում գրկները լայն բացած մեզ չեն սպասում. Արցախի ԱԺ պատգամավոր
Արցախում նախատեսվող սահմանադրական փոփոխությունները այլևս պահանջված օրակարգ է նոր իրականությունում, որը մեզ բաժին հասավ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտնի եռակողմ համաձայնագրի հետևանքով: Այս փոփոխությունների միջոցով կկարողանանք համարժեքորեն արձագանքել առկա մարտահրավերներին»,- Civic.am-ի հետ զրույցում Արցախում նախատեսվող սահմանադրական փոփոխությունների մասին այսպիսի կարծիք հայտնեց Արցախի ԱԺ անկախ պատգամավոր Կարեն Հովհաննիսյանը, որը վերջերս է հրաժարվել «Արդարություն» խմբակցության պատգամավորի մանդատից:  

Նրա կարծիքով՝այս նախաձեռնությունը հնարավորություն կտա պահպանելու պետական կենսունակությունը ֆորսմաժորային իրավիճակներում. «2025 թվականից հետո, երբ կլրանա գործող ԱԺ-ի և ԱՀ նախագահի լիազորությունների ժամկետը, և եթե, անկախ մեր ցանկություններից, առնչվենք մի իրավիճակի, երբ հնարավոր չի լինի կազմակերպել համապետական ընտրություններ, որը կբերի քաոսի և անիշխանության, շմիգուցե փորձենք առաջ անցնել իրողություններից և կառավարելի դարձնենք վտանգները։ Եվ, իսկապես, այս հետպատերազմյան ճգնաժամային իրականությունում անհրաժեշտ է կառավարման առավել օպերատիվ գործիքակազմ, որի կիրառման համար միակ հնարավոր տարբերակը սահմանադրորեն արձագանքելն ու կարգավորելն է։ Իսկ ուրիշ ինչպե՞ս կամ ի՞նչ եղանակներով առկա իրողություններում պահպանենք պետության կենսունակությունը»,- նշեց պատգամաավորը:  

Հովհաննիսյանը համաձայն չէ քննադատությունների հետ, որ Սահմանադրությունը փոփոխության է ենթարկվում, ամենայն հավանականությամբ, կոնկրետ անձի իշխանության գալու համար «կոստյում» վերաձևելու նպատակով, որովհետև ԱԺ-ն լիազորություն է ստանում՝ փոխելու ղեկավարի ընտրության կարգը: Սակայն պատգամավորը  չբացառելով նման հեռանկարը՝ հավաստիացրեց՝ հենց գործող Սահմանադրությունը, մեղմ ասած, մրցունակ չէր առկա անվտանգային խնդիրներին արձագանքելու տեսանկյունից, ինչը պարզ երևացել է պատերազմի ժամանակ:  

Իսկ ինչ վերաբերում է մտավախություններին, թե այս նախագծի հետևանքով ոչ միայն ժողովրդի չնախընտրած թեկնածուն կարող է ղեկավար դառնալ, այլև արդյունքում հնարավոր է՝  Արցախի համար շատ վնասակար, բախտորոշ իրադարձություններ տեղի ունենան, օրինակ՝ լուրջ մտահոգություն կա, որ կարող է ՌԴ կազմ մտցնելու որոշում կայացվի, պատգամավորը դրանք  փոքր-քիչ անլուրջ է համարում՝ հիմնավորելով, որ այդպիսի որոշում  միայն Արցախի ժողովուրդը կարող է  կայացնել: 

Բացի այդ, նրա խոսքով, «այնպես չէ, որ ՌԴ-ում գրկները լայն բացած մեզ են սպասում, առավել ևս ՌԴ- Ադրբեջան հայտնի ռազմավարական մեծ պայմանագրի կնքումից հետո»։  Դիտարկմանը թե, ինչպես Արցախի ԱԺ վերջին հայտարարությունը դժգոհություն առառջացրեց արցախահայության շրջանում,այնպես էլ հետագայում ԱԺ-ի որոշումները կարո՞ղ են հակասել Արցախի շահերին, չարտահայտել կամ խեղել բնակչության կամքը, Հովհաննիսյանը պատասխանեց՝ թեև անհատները կարող են սխալվել, բայց նման մտավախություն չունի.   «Միանշանակ, անհատները մեծ սխալներ անելու ընդունակություն ունեն, բայց անհատներ էլ կան, որ պատմություն են կերտում։ Կոնկրետ այս պարագայում ԱԺ-ն մեկ մարդ չի, այլ տարբեր խմբակցություններում ընդգրկված գործիչներ ու հաստատ ոչ երկրի թշնամի»,- շեշտեց նա, ապա շարունակեց․  
 
«Ուղղակի հարցեր կան, որոնք հաճախ Հայաստանում այլ ձև են ընկալվում, իսկ այստեղ՝ Արցախում, գոյապահպանության անմիջական վտանգ կա, և խոսքը հաճախ այլ ձևով է ընկալվում։ Ներկա ժամանակահատվածում պիտի ընկալելի լինի յուրաքանչյուրիս, որ մենք չարաբաստիկ նոյեմբերի 9-ից հետո ապրում ենք լրիվ այլ իրականությունում: Ու այդ իրականությունը այնքան էլ գունագեղ չէ, ընդհակառակը՝ վտանգները ու սպառնալիքները բազմաթիվ են, ու այդ խութերը հաղթահարելու համար անհրաժեշտ է մեծ զգոնություն ու համբերատարություն , որովհետև նժարին դրված են մարդկային կյանքեր, երկրի ճակատագիր: Ուստի դեպքեր կան, երբ լռելը ավելի ճիշտ է, քան խոսելը: Իսկ իրականում ժողովուրդը մտածում է այնպես, ինչպես ասենք՝ Վանաձորի մի մրգավաճառ կամ Եղեգնաձորի մի գինեգործ»:  

Հովհաննիսյանը, անդրադառնալով Ալիևի վերջին հոխորտանքներին և մասնավորապես ռուս խաղաղապահական առաքելության շարունակմանը, նաև Արցախի խնդրի շուրջ Արցախի  հետ բանակցություններին հանդեպ բացասական դիրքորոշմանը  և  Արցախի անվտանգության ապահովման խնդիրներին, ապագային, նշեց, որ արցախահայության գոյապահպանության համար անհրաժեշտ է բազմաշերտ անվտանգային համակարգ, որի մեջ պիտի դիտարկել և´ միջազգային խոշոր խաղացողների երաշխիքները, և´ ՌԴ խաղաղապահների ներկայությունը, և «ամենակարևորը՝ միասնական շաղախով շաղախված հայության կամքը՝ հանուն մեր երեխաների ապագայի, հանուն երկրի անկախության, պետականության ապագայի, նաև պայքարը մեր ինքնության որոշման իրավունքի համար, որը տրված է ի վերուստ, այնպես ինչպես բոլոր ժողովուրդներին այս մոլորակի վրա»։ 

«Այնուամենայնիվ, հիմա Արցախում հայության գոյապահպանության հարցն է դրված և պետք է կարողանանք որպես առաջնային խնդիր լուծել այդ հարցը: Եթե ժողովուրդ չապրի Արցախում, չի լինի նաև մնացած հարցերը, ինչին ամեն գնով ձգտելու է ներկայիս Ադրբեջանը։ Այս մասին բազմիցս եմ ասել թե´ իմ հանրային խոսքում, թե´ տարբեր ձևաչափի քննարկումներում, և ուրախ եմ, որ այդ տեսակետը ունի բազում համախոհներ»,- հավելեց Հովհաննիսյանը: Նշենք, որ Արցախի ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց հանրության և արտախորհրդարանական ուժերի, որոշ փորձագետների կողմից ոչ միարժեք գնահատականների արժանացած սահմանադրական փոփոխությունների նախագիծը: Այժմ Արցախի Գերագույն դատարանը պիտի հատատի դրա սահմանադրականությունը, որից հետո սահմանված ժամկետում կնշանակվի հանրաքվե: Նախատեսվող  փոփոխությունները, մասնավորապես ԱԺ-ին կառավարելու մեծ լիազորություններ տալը, որոշ քաղաքական գործիչներ համոզմամբ, պարունակում է բավականին մեծ վտանգներ Արցախի համար, և ժողովուրդը պետք է մերժի այն: 

Քննադատողների համոզմամբ՝ այս սահմանադրական փոփոխությունները նախաձեռնողները արտակարգ, ճգնաժամային իրավիճակներում կառավարման անվերահսկելիությունից խուսափելու անվան տակ իրականում կոնկրետ անձի իշխանության գալու համար «կոստյում են ձևում», և անհայտ է, թե ինչ կենսագրությամբ և     ինչ նպատակներով անձ կնշանակվի և արդյունքում Արցախի համար ինչ բախտորոշ նշանակություն կարող է ունենալ, հատկապես այնպիսի կարևոր հարցերում, ինչպիսիք են՝ Արցախի  սուբյեկտայնության, ինքնորոշման, կարգավճակի, անվտանգային հարցերը: Ասել է թե ընդհանուր անհայտ է՝ այդ փոփոխությունները կծառայե՞ն Արցախի շահերին: Ամենաթարմ օրինակը Արցախի ԱԺ-ի վերջին հայտարարությունն էր, որը չգոհացրեց հանրահավաքին մասնակցած հարյուրհազարավոր մարդկանց զգալի մասին: 

Հիշեցնենք՝ նախագծով նախատեսվում է կառավարման նախագահական համակարգից անցում կատարել կիսանախագահականի, այսինքն՝ կառավարությունը կազմված կլինի վարչապետից ու նախարարներից։ Ըստ նոր հայեցակարգի՝ վարչապետին նշանակելու է նախագահը՝ Ազգային ժողովի համաձայնությամբ, իսկ նախագահին ու Ազգային ժողովին ընտրելու է ժողովուրդը, իսկ եթե արտակարգ իրավիճակներ լինեն, ժամանակից շուտ դադարեցվեն նախագահի լիազորությունները, ԱԺ-ն չի ցրվելու, հակառակը՝ստանձնելու է նախագահին ընտրելու կամ անհրաժեշտության դեպքում անվստահություն հայտնելու գործառույթը: Այսպիսով՝ նախագծով սկզբում խորհրդարանական ընտրություններ են անցկացվելու, հետո նախագահական, որպեսզի ֆորս մաժորի դեպքում օրենսդիր մարմինը գործադիր ձևավորելու, իշխանություն վերցնելու հնարավորություն ունենա: Փոփոխությունների առաջնային նպատակը ոչ համապետական ընտրություններով ղեկավար նշանակելու այլընտրանքային տարբերակ ընդունելն է:    

Ուշագրավ է, որ նախագծով հանրաքվեի ինստիտուտը պահպանվելու է միայն «Արցախի Հանրապետության իրավազորության սահմանները» որոշելու հարցում, մնացած հանրաքվեի ենթակա հոդվածների ճակատագիրը որոշելու է ԱԺ-ն, որոնց թվում են նաև՝ «Հանրապետության նախագահի կարգավիճակը», «Հանրապետության նախագահի ընտրության կարգը և ժամկետները», «Հանրապետության նախագահի անձեռնմխելիությունը», ինչպես նաև ԱԺ-ն լիազորություն է ստանալու՝փոփոխելու երկրի ղեկավարի պաշտոնում ընտրվող անձի՝ Արցախում բնակվելու ժամկետները, օրինակ՝ ներկայիս 10 տարի ժամկետը անհամեմատ կրճատելով:  

Թամարա Ղազարյան