2023 թվականի համար Արմավիր համայնքը ներկայացրել է 2,5 միլիարդ դրամ արժողությամբ սուբվենցիոն հայտեր։ Նախորդ տարի սուբվենցիոն հայտերի արժեքը կազմել էր 800 միլիոն դրամ, և այդ հայտով ներկայացված աշխատանքների զգալի մասն արդեն ավարտված է, մյուս մասն ընթացքի մեջ է, ինչը դեռևս կշարունակվի 2023 թվականին։ Այս մասին մեզ հետ զրույցում ասաց Արմավիր համայնքի ղեկավար Դավիթ Խուդաթյանը։
Սուբվենցիոն ծրագրերով որոշ բնակավայրերոմ տեղադրվել է ջրամատակարարման նոր համակարգ, կառուցվում, վերանորոգվում և ամբողջությամբ նոր գույքով են համալրվում մանկապարտեզներ, ասֆալտապատվում փողոցներ։
«Մասնավորապես մեծ ծավալի աշխատանքներ ենք իրականացրել խմելու ջրի ցանցի բարելավման տեսանկյունից, Այգեվան և Լենուղի գյուղերում ամբողջությամբ փոխվել է խմելու ջրի համակարգը։ Սա կարևոր է երկու գյուղերի համար, կենսական նշանակություն ունեցող խնդիր է»,- ասաց Դավիթ Խուդաթյանը։
Համայնքապետի խոսքով՝ Արմավիր քաղաքում շարունակվում է գերմանական KFW բանկի միջոցով Հայաստանի կառավարության ֆինանսավորմամբ իրականացվող ջրագծերի փոփոխության ծրագիրը, որը ներառում է Արմավիր քաղաքի մոտավորապես 40 տոկոսը։
«2023 թվականին ևս մի ծրագիր ենք պլանավորել իրականացնել, որով գրեթե 100 տոկոսով կփոխենք քաղաքի ջրամատակարարման համակարգը և հետո կանցնենք մեր բոլորի համար հրատապ խնդրին՝ խմելու ջրի որակի բարելավման աշխատանքներին։ Երեք մանկապարտեզներում սուբվենցիոն ծրագրի շրջանակներում կապիտալ հիմնանորոգում է իրականացվում, խոսքը Արաքս գյուղական բնակավայրի Սարդարապատի և Արմավիր քաղաքի թիվ 2 մանկապարտեզի մասին է, այստեղ նաև 2023 թվականին նախատեսել ենք, համապատասխան վարչապետի հանձնարարականի, ամբողջությամբ փոխել նաև գույքը, տեխնիկան, բարեկարգել բակերը։ Այս մանկապարտեզներից յուրաքանչյուրում աշխատանքի ծավալը գերազանցում է 200 միլիոն դրամը։ Աշխատանքները երեքում էլ մեկնարկել են, և 2023 թվականի տարեվերջին մանկապարտեզները կշահագործվեն, ինչն աննախադեպ է, մանավանդ Արաքսի համար, որովհետև հետխորհրդային տարիներին երբեք մանկապարտեզ չի եղել շահագործման մեջ։ Պլանավորված է կառուցել ևս 3 նոր մուդուլային տիպի մանկապարտեզներ՝ նախատեսված 144 երեխայի համար, ամբողջովին պետական ֆինանսավորմամբ»,- ասաց համայնքապետը։
Խոսելով նաև զբոսաշրջիկների մասին՝ Դավիթ Խուդաթյանն ասաց, որ Արմավիր համայնքում ևս զբոսաշրջիկների աճ է նկատվում։
Նա նշեց, որ Արաքս բնակավայրում է գտնվում Հայաստանի կարևոր զբոսաշրջային կետերից մեկը՝ Սարդարապատի հերոսամարտին նվիրված հուշահամալիրը, որն այստեղ է բերում զբոսաշրջիկների բավականին մեծ հոսք։
Համայնքապետի խոսքով՝ իրենց համար հետաքրքիր զբոսաշրջային ուղղություն է դարձել նաև ագրոտուրիզմը։
Նշենք նաև, որ այս տարի ևս Արմավիրը բավականին գեղեցիկ ամանորյա զարդարանք է ստացել, ըստ համայնքապետի՝ որոշ հատվածներում օգտագործել են նախորդ տարիներից մնացած զարդարանքը, որոշ հատվածներում ամբողջովին նոր լույսեր և զարդարանք է տեղադրվել։
Համայնքում նախատեսված են նաև բազմաթիվ տոնական միջոցառումներ։
Մենք զրուցել ենք նաև համայնքի բնակիչների հետ, որոնք դրական են գնահատում իրենց քաղաքապետի կատարած աշխատանքը, ինչպես նաև գոհ են քաղաքի ամանորյա տեսքից։
Մանրամասները՝ տեսանյութում
Լիլիթ Թադևոսյան