Հայ առաքելական Ուղղափառ Սուրբ եկեղեցու Վիրահայոց թեմի Թբիլիսիի Սուրբ Գեւորգ առաջնորդանիստ եկեղեցում այսօր՝ հունվարի 1-ին, Սուրբ պատարագ է մատուցվել։ Civic.am-ի թղթակիցը ներկա է գտնվել պատարագին։ Թեմի առաջնորդ տեր Կիրակոս վարդապետ Դավթյանը պատարագին ներկա հավատացյալ հայորդիներին հղած իր ուղերձում նշել է, թե, ցավալիորեն, մեր հայրենակիցներից ոչ բոլորն են կարողացել ըստ պատշաճի նշել Ամանորը՝ նկատի ունենալով մասնավորապես Արցախում ապրող հայորդիներին, որոնք դեկտեմբերի 12-ից Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի հետեւանքով գտնվում են շրջափակման մեջ։ «Մի պահ հիշեք այն մանուկներին, որոնք մնացին առանց նվերների։ Ձեր վառած մոմերից մեկը թող լինի նվիրված այն զինվորներին, ովքեր այս պահին, այս ցրտին կանգնած են դիրքերում եւ պատրաստ են իրենց կյանքի գնով պաշտպանել մեր հայրենիքը, մեր հայրենյանց սահմանները»,- պատգամել է Թեմի առաջնորդը՝ հավելելով․ «Թող Աստված 2023 թվականին այս բոլոր արհավիրքներից, դժվարություններից եւ մարտահրավերներից զերծ պահի մեր ազգին, հզորացնի մեր ժողովրդին, հզորացնի մեր հայրենին, մեր եկեղեցին, որպեսզի հաջորդ տարի առիթ չունենանք բարեմաղթանքի հետ միասին նաեւ այդպիսի տխուր բանից խոսել։ Թող Աստված օրհնի մեր զույգ հայրենիքները՝ Վրաստան եւ Հայաստան հանրապետությունները, զերծ պահի ամեն տեսակի պատերազմական գործողություններից, ամեն տեսակի հիվանդությունններից եւ համավարակներից։ Թող 2023 թվականը դառնա ձեռքբերումների տարի մեր զույգ հայրենիքների համար։ Մեր ընտանիքների, մեր ժողովուրդների համար։ Եւ թող մենք 2023 թվականին մեկս մյուսին հանդիպելով միշտ առիթ ունենանք միմյանց մի բարի լուր փոխանցելու։ Ասելու, որ ահա այսպիսի լավ բան է կատարվել իմ կյանքում։ Ահա այսպիսի լավ եւ գեղեցիկ բան է կատարվել մեր համայնքային, ազգային կյանքում, մեր եկեղեցական կյանքում։ Թող Աստծո ուժը, կարողությունը, շնորհը լինի մշտապես մեզ վրա եւ ձեզ վրա․․․»։
Նշենք, որ Սուրբ Գևորգը Թբիլիսիի հնագույն հայկական եկեղեցիներից մեկն է, որը տևական ժամանակ քաղաքի հայ համայնքի գլխավոր եկեղեցին է եղել։ Միջնադարյան սկզբնաղբյուրներում կոչվում է Կաթողիկե Սուրբ Աստվածածին և Գևորգ Զորավար:
Ավելի ուշ, տեղագրական դիրքը՝ հայտնի հրապարակի վրա գտնվելու հանգամանքը նկատի ունենալով, անվանվել է Մեյդանի Սուրբ Գևորգ կամ Բերդի Մեծ եկեղեցի։
2012-2015–ական թվականներին Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի և հայտնի գործարար և բարերար, Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի նախաձեռնությամբ ստեղծվեց Սուրբ Գևորգ եկեղեցու վերականգնման հիմնադրամ, որին իրենց մասնակցությունը բերեցին մի խումբ բարերարներ։
Հիմնադրամի միջոցներով իրականացվեց Եկեղեցու նորոգումն ու նրա որմնանկարների վերականգնումը:
2015 թվականի հոկտեմբեր 31-ին տեղի ունեցավ եկեղեցու վերաօծման հանդիսավոր արարողությունը:
Եկեղեցու մոտ են հուղարկավորվել հայ ականավոր գործիչներ։ Մասնավորապես հուղարկավորված անձանցից ամենանշանավորը ոչ միայն հայ, այլև վրաց հասարակության մեջ մեծապես գնահատված, նշանավոր աշուղ-բանաստեղծ, Հերակլ թագավորի արքունական երգիչ Սայաթ-Նովան է (1722-1795)։
Սայաթ-Նովայի գերեզմանի կողքին ամփոփված է մեծանուն նկարիչ Գևորգ Բաշինջաղյանի աճյունը:
Հ․Մ․