Հայաստանի շախմատի ֆեդերացիան ամփոփել է մրցաշրջան-2022-ի արդյունքները
Հայաստանի շախմատիս ֆեդերացիան ամփոփել է մրցաշրջան-2022-ի արդյունքները: Ինչպես նշում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, անցած տարին լի է եղել բազմաթիվ հաղթանակներով և նվաճումներով Հայաստանի շախմատի համար:

«2022թ-ը սկսվեց հաղթանակներով: Մեր Գաբրիել Սարգսյանը տարեսկզբին նվաճեց Եվրոպայի շախմատի անհատական առաջնության արծաթե մեդալը: Ապա հաղթանակների շարքը շարունակեց Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը (Գաբրիել Սարգսյան, Հրանտ Մելքումյան, Ռոբերտ Հովհաննիսյան, Սամվել Տեր-Սահակյան, Մանուէլ Պետրոսյան, գլխավոր մարզիչ՝ Արման Փաշիկյան), Հնդկաստանի Չենայ քաղաքում կիսելով 1-2-րդ հորիզոնականները, նվաճեց օլիմպիադայի արծաթե մեդալը:

Փայլուն հաղթանակ գրանցեց Մարիամ Մկրտչյանը, որը մինչև 18 տարեկանների աշխարհի առաջնությանը 11-ից 11 հաղթանակ տանելով՝ նվաճեց ոսկե մեդալ: Սակայն սրանով չսահմանափակվեց Մարիամի հաջողությունները. նա, զբաղեցնելով առաջին հորիզոնականը Եվրոպայի պատանեկան առաջնությունում, Թուրքիայում ծածանեց եռագույնը և երկիր վերադարձավ ոսկե մեդալով: Թուրքիայում Եվրոպայի պատանեկան առաջնությանը եռագույնը ծածանեցին նաև մեր տղաները՝ Մամիկոն Ղարիբյանը (Մ18, բրոնզե մեդալ), Էմին Օհանյանը (Մ16, բրոնզե մեդալ), Բենիկ Ագասարովը (Մ14, բրոնզե մեդալ):

Տարին փայլուն եզրափակեցին Շանթ Սարգսյանը, որը նվաճեց Եվրոպայի կայծակնային շախմատի բրոնզե մեդալը, և Հայկ Մարտիրոսյանը, որը դեկտեմբերի 30-ին դարձավ ՖԻԴԵ-ի աշխարհի կայծակնային շախմատի բրոնզե մեդալակիր» -նշված է ՀՇՖ-ի ֆեյսբուքյան էջում: