«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանին պատկանող ավտոմեքենայով հունվարի 10֊ին վրաերթի են ենթարկել մի կնոջ ու փախուստի դիմել. ո՞րն է մեքենան առգրավելու պատճառը
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը  ֆեյսբուքյան իր «լայվ»-ի ժամանակ երեկ հայտարարել է, թե Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյանը ազդանշան տալու համար իրավապահները եկել են, որպեսզի «տանեն իրեն պատկանող ավտոմեքենան»՝ իրեն հատուկ ոճով մի շարք մեղադրանքներ հնչեցնելով, որակումներ տալով իշխանությունների, մասնավորապես իրենց ծառայողական պարտականությունները կատարող իրավապահների հասցեին։   

Civic.am-ը  պարզաբանում ստանալու համար դիմեց  ՀՀ քննչական կոմիտե։ Ի պատասխան մեր այն հարցի՝ ո՞րն է պատգամավորի ավտոմեքենան առգրավելու  պատճառը, արդյոք  վերջինս կասկածվում  կամ մեղադրվում է որևէ հակաօրինական արարքի, մասնավորապես՝  ճանապարհատրանսպորտային կանոնների խախտում կատարելու մեջ՝ ՔԿ-ից պարզաբանեցին․ «Հայտարարության մեջ տրվող որակումները, արվող ակնհայտ քաղաքական բնույթի մեկնաբանությունները որևէ իրական հիմք չունեն։ Իրականությունն այն է, որ 2023թ. հունվարի 10-ին՝ ժամը 08։05-ին, Աստղիկ Բ/Կ-ից ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շերամի փողոցում տեղի է ունեցել վրաերթ, որի հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել և բուժօգնության դիմել մի կին։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ՃՏՀ քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի նախաքննության ընթացքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ անձը վրաերթի է ենթարկվել «Կիա» մակնիշի համապատասխան հաշվառման համարանիշով ավտոմեքենայի կողմից, որի վարարոդը դիմել է փախուստի։ Վարույթն իրականացնող մարմնի կողմից հանձնարարություն է տրվել հիշյալ ավտոմեքենան տեղափոխել ՀՀ ՆԳՆ ոստիկանության հատուկ պահպանվող տարածք։ Քննությամբ պարզվել է, որ այդ համարանիշով ավտոմեքենան հաշվառված է ՀՀ ԱԺ պատգամավորի անվամբ, և պարզապես Ոստիկանության աշխատակիցների կողմից իրականացվել են տրված հանձնարարության կատարումն ապահովելուն ուղղված գործողություններ։

Քննությունը դեռ նախնական փուլում է, դեպքի բազմաթիվ հանգամանքներ պետք է ստուգվեն, պարզվեն, այդ թվում նաև վրաերթի պահին ավտոմեքենայի վարորդի ինքնության պարզման առումով։ Այսինքն՝ դեռևս խիստ վաղաժամ է խոսել կոնկրետ անձի վերաբերյալ կասկածանքի առկայության մասին»։