Հանցագործությունների մասին անանուն ներկայացված հաղորդումները լավագույն միջոցներից են կանխելու հանցագործությունները՝ կոռուպցիան պետական, տեղական ինքնակառավարման մարմիններում ու կազմակերպություններում: Քաղաքացիները ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակով հանցագործության մասին անանուն հաղորդում ներկայացնելու դեպքում որևէ պատասխանատվություն չեն կրում:
Civic.am-ի հետ զրույցում Գլխավոր դատախազության ավագ դատախազ Աշոտ Ժամկոչյանը շեշտեց, որ azdararir.am կայքի միջոցով տրված անանուն հաղորդման դեպքում քաղաքացու ինքնությունը գաղտնի է պահվում, և եթե նույնիսկ որևէ պետական պաշտոնյա փորձի բացահայտել հաղորդում ներկայացրած անձի ինքնությունը, ապա կենթարկվի պատասխանատվության:
«Չունենք պարզելու հնարավորություն, թե ով է հաղորդում ներկայացրած անձը, հետևաբար նա չի կարող ներգրավվել որևէ վարույթում:
2022թ. azdararir.am կայքով 116 հաղորդում է ներկայացվել, որից 9-ի դեպքում քրեական վարույթ է նախաձեռնվել: Ոչ բոլոր ազդարարումներն են վերաբերում հանցագործություններին, կան էթիկայի, շահերի բախմանը վերաբերող և այլ ազդարարումներ: 116 ազդարարումներից կան նաև այնպիսիք, որոնք դեռևս գտնվում են օպերատիվ ստուգման ներքո: Եղել են ազդարարումներ, որոնց ստուգման արդյունքում պարզվել է, որ այդ նույն հանգամանքի վերաբերյալ առկա են արդեն քրեական գործեր»,- պարզաբանեց Աշոտ Ժամկոչյանը:
Ավագ դատախազի խոսքով՝ ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի վարումը միայն Գլխավոր դատախազության տիրույթում է: «Կայքում հանցագործության մասին անանուն հաղորդում ներկայացնելու դեպքում անձի ինքնությունը չի բացահայտվում, դա կարող է լինել միայն այն պարագայում, երբ տվյալ անձը այդ մասին այլ մարդկանց տեղեկացնի»,- հավելեց նա:
Աշոտ Ժամկոչյանը վստահեցրեց, որ օրենքով երաշխավորված է անանուն ազդարարման գաղտնիությունը, ինչպես նաև օրենքը երաշխավորում է պաշտպանել ազդարարին հետագայում իր ինքնությունը բացահայտելու պայմաններում որևէ խնդիր ունենալու պարագայում: «Անանուն ազդարարումների պարագայում ազդարարողի ինքնությունը բացահայտելու որևէ հնարավորություն չկա:
Այսինքն՝ եթե որևէ պաշտոնատար անձ փորձի բացահայտել ազդարարողի ինքնությունը, կենթարկվի պատասխանատվության, որովհետև դա օրենքով ուղիղ արգելված է: Օրենքը նաև հստակ պաշտպանության միջոց է նախատեսել ազդարարի նկատմամբ, այսինքն՝ ազդարարը իր ազդարարման հետ կապված որևէ վնասակար հետևանքի առաջ կանգնելու դեպքում պետությունը պարտավոր է լինելու այդ հետևանքները վերացնել»,- ասաց Գլխավոր դատախազության ներկայացուցիչն ու մեկնաբանեց, որ օրենքը թույլատրում է հենց դատական հայցերի միջոցով, պետական մարմիններին դիմելու միջոցով այդ հետևանքները վերացնել. «Օրինակ՝ եթե մեկը ազդարարել է հանցագործության մասին, այնուհետև այլ մարդկանց մոտ այդ մասին խոսելու միջոցով բացահայտվել է, որ ազդարարել է, և դրա պատճառով փորձում են իրեն կամ մերձավորին աշխատանքից ազատել, ապա «Ազդարարման մասին» օրենքը հստակ հնարավորություն է տալիս դատական միջամտության եղանակով այդ խախտումը վերացնել, և այդ անձն անպայման կվերականգնվի աշխատանքի, կամ կկիրառվի պաշտպանության միջոց, օրինակ՝ եթե նրա կյանքի համար սպառնալիք լինի»:
Աշոտ Ժամկոչյանի դիտարկմամբ՝ հանրային իրազեկվածության խնդիրը կա. «Երբեմն մարդիկ խառնում են azdarar.am ու azdararir.am կայքերը: Առաջինը ծանուցման մասին է, իսկ երկրորդը՝ azdararir.am-ը, արդեն իմ նշած կայքն է: Հանրային իրազեկումը բարձրացնելու միջոցով, կարծում եմ, կհասնենք նրան, որ այն անձը, ով չի ցանկանում որևէ ձևով ներգրավվել հանցագործության բացահայտման իրավական գործընթացներում, ունի տեղեկատվություն որևէ իրավախախտման վերաբերյալ ու պարզապես ցանկանում է այդ տեղեկատվությունը տալ և այլևս չխառնվել որևէ ընթացքի, անկախ նրանից՝ դա քրեական, թե այլ ընթացք կստանա, այս կայքով կոռուպցիայի դեմ պայքարը մի քանի անգամ ավելի արդյունավետ կարող է դառնալ»:
Գլխավոր դատախազության ներկայացուցիչը նշեց, որ թեև օրենքը նախատեսում է, որ azdararir.am կայքում քաղաքացիները ներկայացնեն պետական, տեղական ինքնակառավարման մարմիններում և այլ կազմակերպություններում իրավախախտումների դեպքերը, սակայն ցանկացած հանցագործությանն ականատես լինելու կամ տեղեկություն ունենալու դեպքում քաղաքացիները կարող են նաև այս տարբերակով իրազեկել պետությանը:
Ընդգծենք, որ azdararir.am կայքի միջոցով հնարավոր է ներկայացնել հանցագործության մասին հաղորդումներ նաև տվյալները ներկայացնելու եղանակով: Սակայն այս պարագայում արդեն քաղաքացին զերծ չի մնա նախաձեռնվող քրեական վարույթներում ներգրավվելուց:
Նարա Մարտիրոսյան