Երեկ ՀՀ կառավարությունը որոշեց փրկարարական ջոկատներ ուղարկել Սիրիա և Թուրքիա՝ աջակցելու ավերիչ երկրաշարժի հետևանքով տուժած շրջաններում իրականացվող որոնողափրկարարական աշխատանքներին: Այս որոշումից հետո հայ հանրության որոշակի շրջանակներ սկսեցին սոցցանցերում վիրավորանքներ հնչեցնել Թուրքիա մեկնած փրկարարների հասցեին։ Ինչպես հայտնի է՝ Թուրքիայում և Սիրիայում գրանցված երկրաշարժերի արդյուքնում արդեն 10 հազարից ավելի զոհ կա ու բազմաթիվ ավերածություններ։
Այս առնչությամբ Civic.am-ը զրուցել է ազատամարտիկ, ՀԱԿ վարչության անդամ, Աշտարակի նախկին ոստիկանապետ Վարդան Մալխասյանի հետ։ «Իմ հոգեկերտվածքը այնպիսին է, որ ես իմ ուրախությունը կամ երջանկությունը, թեկուզ թշնամու դժբախտության վրա՝ չեմ կառուցում։ Եթե մարդկային տեսակետից ենք մոտենում, մենք իհարկե պետք է վշտակցենք։ Բայց մի բումերանգ բան կա այս աշխարհում, ինչ որ ցանել ես կյանքում, միշտ այն էլ հնձում ես։ Սա վերաբերում է բոլորիս, միայն թուրքերին չէ, եթե դու արցունք ես ցանել, վիշտ ես ցանել, տառապանք ես ցանել, մեղքեր ես ցանել, վերջում նույնն էլ պիտի հավաքես, եթե դու մատնել ես՝ վերջում քեզ էլ կմատնեն։ Մի հանճարեղ գրող կա ֆրանսիացի Վիկտոր Հյուգոն, ասել է՝ «ամեն ինչ ավերակների ու սգի մեջ է, այստեղից թուրքերն են անցել։ Հիմա այդ ավերակներն ու սուգը Թուրքիայում է, բայց դրանից մենք չպետք է ուրախանանք։ Այն մարդիկ, որոնք ուրախանում են, լիարժեք կայացած մարդիկ չեն»,- տեսակետ հայտնեց Մալխասյանը։
Նրա խոսքով, եթե ՀՀ իշխանությունը որոշել է օգնել, դա վատ ժեստ չէ, մանավանդ, որ մենք քրիստոնյա ենք, աշխարհում առաջինը քրիստոնեությունն ընդունած ազգ ենք, իսկ քրիստոնյան նախևառաջ պիտի մարդասեր լինի։ Վարդան Մալխասյանի խոսքով՝ մենք կարող ենք ազգային լինել, բայց եթե ազգայնամոլ լինենք, գնում ենք սխալ ուղղությամբ։
Ինչպես հայտնի է՝ երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ և ցավակցություն ու զորակցություն է հայտնել Թուրքիայի նախագահին և ժողովրդին՝ երկրի հարավարևելյան շրջաններում տեղի ունեցած հուժկու երկրաշարժի հետևանքով բազմաթիվ զոհերի կապակցությամբ: Ռեջեփ Թայիփ Էրդողանն էլ ՀՀ վարչապետին շնորհակալություն է հայտնել զորակցության համար և նշել, որ Թուրքիայի կառավարությունը բարձր է գնահատում Հայաստանի աջակցությունը՝ կարևորելով այդ քայլը նաև երկու երկրների միջև հետագա երկխոսության խորացման տեսանկյունից:
Այս առնչությամբ Վարդան Մալխասյանը կարծում է, որ բարիդրացիությունը, հաշտությունը և խաղաղությունը դրանք աշխարհի ամենակարևոր բաներն են։ «Չեմ ասում՝ հավերժական թշնամիներ լինենք, թուրքերի հետ։ Բայց ուզում եմ ասել, որ թուրքը թող իր մեղքերը ճանաչի, մենք հաշտվենք իր հետ»,- ասաց մեր զրուցակիցը։
Նա նաև հիշեցրեց, որ Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ Թուրքիան բացել էր սահմանը, և Մարգարայի կամրջով ալյուր էր մտնում Հայաստան։ «Լևոն Տեր-Պետրոսյանը, քանի որ մեծ տրամաչափի գործիչ է, կարողացել էր այնպիսի դիվանագիտություն առաջ տանել, որ այդ պատերազմի ժամանակ Թուրքիան չխառնվեց, եթե օգնում էր Ադրբեջանին, ապա շատ քողարկված, կամ չնչին ձևերով։ Եվ Տեր-Պետրոսյանը հենց այդ մոտեցումն էր առաջ քաշում, որ քանի որ մենք չորս կողմից շրջապատված ենք թուրքերով, պետք է մի լուծում գտնենք։ Եթե դու Իսրայելի նման հզոր պետություն լինես ու կարողանաս քո կամքը թելադրել, այն ժամանակ ուրիշ տեսանկյունից կխոսես, թշնամու կամ հակառակորդի հետ»,- նշեց Վարդան Մալխասյանը։
Լիլիթ Թադևոսյան