«Ամենօրյա մեր կյանքում ականատես ենք լինում, որ հատկապես Երևանում և խոշոր համայնքներում հաճախ սննդամթերքը և այլ ապրանքներ վաճառվում են բացօթա, առևտրի համար չնախատեսված վայրերում՝ խախտելով օրենքով և իրավական այլ ակտերով ամրագրված պահանջները»,- այսօր՝ փետրվարի 9-ին, ԱԺ նիստում հայտարարեց ՏԿԵ փոխնախարար Վաչե Տերտերյանը:
Նրա խոսքով՝ ՏԻՄ-երին տրամադրված այսօրվա գործիքակազմը բավարար արդյունավետ չէ. «Եվ առաջարկում ենք այսօրվա գործիքակազմի մեջ ներառել նոր լրացուցիչ գործիքակազմ, այն է՝ այդ ծառայությունների մատուցման ընթացքում առարկաների նկատմամբ թույլատրվի նաև բռնագրավում, որովհետև միայն տույժերով և տուգանքներով այս արատավոր երևույթի դեմ պայքարելը, համենայնդեպս մինչև հիմա, շատ արդյունավետ չի եղել»:
Փոխնախարարն ընդգծեց, որ հակասանիտարական, հակահիգիենիկ պայմաններում վաճառվում է նաև արագ իր հատկությունները կորցնող սննդամթերք:
Նա նշեց, որ նաև մրցակցությունը խաթարող իրավիճակ է, երբ օրինական գրանցված և սահմանված իրավակարգավորումների դաշտում գործող տնտեսական սուբյեկտների հետ զուգահեռ մեծ ծավալ են կազմում նաև ընդհանրապես այդ դաշտից դուրս գործող սուբյեկտները: