«Թեպետ Լաչինի միջանցքով Կարմիր խաչի միջազգային կոմիտեն առաջնային անհրաժեշտության դեղորայքի ներկրում ու ծանր հիվանդների տեղափոխում է իրականացնում, ինչպես նաև ռուս խաղաղապահները հնարավորինս հումանիտար բեռների տեղափոխում են կատարում, բայց դա բավարար չէ, Արցախում վիճակը մնում է նույնը՝ դրական տեղաշարժ չկա»,- Civic.am-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ «Միասնական հայրենիք» խմբակցության պատգամավոր Սեյրան Հայրապետյանը։
Արցախի ԱԺ պատգամավորը հավելեց, որ եղանակային պայմանների հետ կապված բնակարանների, դպրոցների և հիվանդանոցների ջեռուցման հարցն է սրվել, քանի որ Արցախ մտնող գազատարը երեկ նորից փակել է ադրբեջանական կողմը: «Սա նաև հոգեբանական ճնշում է բնակչության նկատմամբ։ Կրթության պրոցեսը դադարել է, մեր երեխաները նաև կրթության իրավունքից են զրկված։ Տեղային գեներատորների, ՀԷԿ-երի շնորհիվ ինչ-որ ձև ապահովվում է էլեկտրաէներգիան, բայց երկարատև հովհարային անջատումներով»,- նշեց Սեյրան Հայրապետյանն ու հավելեց, որ Ադրբեջանն այս քաղաքականությամբ փորձում է ճնշում գործադրել և Արցախի, և Հայաստանի իշխանությունների վրա։
Պատգամավորն ընդգծեց, որ սնունդը խանութներում համալրվում է եղած պաշարների հաշվին, համատարած սով չէ, բայց կտրոններով են տրամադրվում ապրանքները, իսկ առաջնային ապրանքների խիստ պահանջարկ կա, բանջարեղեն ու միրգ էլ տևական ժամանակ է՝ ընդհանրապես չկա խանութներում։
«Այսօր քաղաքացիների հետ հանդիպում եմ ունեցել, ասում էին՝ լավ, դիմանանք, մի քիչ մրսենք, թերսնվենք, կրթության հարցը տանը հնարավորինս կազմակերպենք՝ պարապենք երեխաների հետ, բայց վերջնանպատակն է կարևոր։ Ասում են՝ Արցախի անկախությունն այլընտրանք չունի, ու մենք պետք է այդ ուղով գնանք, թեկուզ դժվարություններին դիմակայենք»,- պատմեց Սեյրան Հայրապետյանն ու մեկնաբանեց. «Հայաստանի ու Արցախի կառավարությունների կողմից պետք է այնպիսի արտաքին քաղաքականություն վարվի, որ Արցախը հասնի իր ինքնորոշման իրավունքին»։
Սիրիայում ու Թուրքիայում օրեր առաջ տեղի ունեցած երկրաշարժը մեծ աղետ է 2 երկրների համար, կան հազարավոր զոհեր, այդ թվում՝ ազգությամբ հայեր, ու տասնյակ հազարավոր վիրավորներ։ Հայաստանը թե Սիրիային, թե Թուրքիային հումանիտար օգնություն է ուղարկել, ինչպես նաև հայ փրկարարներ են ժամանել այդ երկրներ քաղաքացիներին փլատակների տակից դուրս բերելու համար։ Արցախի պատգամավորից հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս է դիտարկում Հայաստանի կառավարության կողմից թե Սիրիային, թե Թուրքիային հավասարաչափ օգնելու մոտեցումը։
«Սիրիայում կա բավական մեծ հայկական համայնք, որը նաև պահպանում է իր հայկականությունը, նրանց մեծ մասը Թուրքիայից է փախել Սիրիա՝ Հայոց ցեղասպանության ժամանակ։ Սիրիային աջակցելը, կարեկցելը, օգնություն ցուցաբերելը, որը նաև մեր հայրենակիցներին է բաժին հասնելու, ճիշտ մոտեցում է, իսկ Թուրքիային աջակցելուն չեմ ուզում անդրադառնալ, դա շատ ցավոտ է, Թուրքիան իր անմիջական աջակցությամբ ցեղասպանել է մեր որդիներին, եղբայրներին ու զրկել մեզ պատմական հողերից»։
Հիշեցնենք, որ մոտ 2 ամիս է՝ Ադրբեջանի կեղծ բնապահպանները փակել են Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը՝ Արցախում առաջացնելով հումանիտար աղետ։ «Բնապահպանների» առաջնային նպատակը թեպետ Կաշենի հանքավայրում ստուգումներ անցկացնելն էր՝ շրջակա միջավայրի անվտանգության նկատառումներով, սակայն Արցախի կառավարության այն առաջարկը, որ հանքավայրում միջազգային մասշտաբի ստուգումներ լինեն՝ Ադրբեջանը մերժել է։
Նարա Մարտիրոսյան