30-ամյա Հեղինե Գրիգորյանը իր երկու անչափահաս աղջիկների հետ արդեն մեկ ամիս ապրում է մի դոմիկ-տնակում, որի պատուհանները ցելոֆանապատ են, ջուր ու հոսանք չկա, անգամ մահճակալ չունեն, սրտացավ մարդկանց օգնության շնորհիվ կարողացել է անկողին ու վառելափայտ ձեռք բերել, իսկ երբ վառելափայտ չի լինում, հարևաններից է խնդրում կամ ինքն է հավաքում։
30 տարի առաջ Հեղինեին լքել են ծնողները, և նա հայտնվել է մանկատանը: Մինչ օրս չգիտի՝ ովքեր են իր ծնողները, և ինչու է ինքը եղել մերժելի։ Նրա մանկության սկզբնական մասը անցել է «Զատիկ» մանկատանը։ Սովորել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում, նույնիսկ ընդունվել է համալսարան, սակայն ուսումը չի շարունակել ֆինանսական խնդիրների պատճառով։ Այնուամենայնիվ, բախտը Հեղինեին չի լքել միշտ, երբեմն բարեհաճ է եղել։ Հեղինեին որդեգրել է մի ընտանիք, նրանց հետ է ապրել որոշ ժամանակ։
Հեղինեի ասելով՝ երկրորդ անգամ իրեն որբ ու մենակ է զգացել, երբ կորցրել է խորթ հորը։ Չարաբաստիկ 2015 թվականն էր։
Նա չի ցանկանում կամ չի կարողանում բառերով ձևակերպել, բայց չասվածի մեջ, տողատակերում ցանկանում էր անընդհատ ասել, որ իր կյանքը չի ստացվել, անցել է ծանր փորձությունների միջով և հասել է այս թշվառ վիճակին՝ որբության, անտերության պատճառով... Ամեն ինչ կարող էր այլ կերպ դասավորվել, եթե այլ ընտրության հնարավորություն ունենար։
Ծնողներից լքվելուց հետո Հեղինեի կյանքի մեծ հարվածը եկել է նախկին ամուսնուց։ Նրա խոսքով՝ իր ամբողջ ճակատագիրն է փոխվել երեխաների հոր՝ իր կողակցի վարքի պատճառով, որովհետև վերջինս եղել է հարբեցող, թմրամոլ, «կործանված մարդ, ով անընդհատ բռնության է ենթարկել իրեն, երեխաներին»։ Հեղինեն առանց հուզմունքի ու զայրույթի չի կարողանում հիշել այդ մասին։ Նա պատմում է, որ հղիության ընթացքում ամուսնու հերթական ծեծի պատճառով քիչ է մնացել երեխային կորցնի։ Հրաշքով չի կորցրել, բայց երեխան խնդիրներով է ծնվել։
2,5-ամյա Անգելինան տառապել է կալցիոնոմա թոքի քաղցկեղային հիվանդությամբ, անցել է քիմիաթերապիաների փուլով, և հիմա շնորհիվ Հեղինեի ջանքերի, զրկանքների երեխայի հիվանդությունը մի կերպ կարողացել են կայունացնել. քաղցկեղը բուժվել է, սակայն երեխան շարունակում է դեղորայքային բուժումը, որի համար անհրաժեշտ գումարը Հեղինեն մեծ դժվարությամբ է կարողանում հայթայթել. հիմնականում անհատ բարեգործները և բարեգործական հիմնադրամներն են օգնել։ Նա հուզված նշում է՝ ամեն ինչ կաներ, որ իր երեխաներն իր նման անհայր, որբ չմեծանային, բայց չստացվեց խուսափել ճակատագրի դառը կրկնությունից։ Այնուամենայնիվ, ի տարբերություն իրեն լույս աշխարհ բերած մոր՝ ինքը հավաստիացնում է՝ պատրաստ է շատ զրկանքների միջով անցնել, զոհողությունների գնալ, սակայն երեխաներին երբեք չի թողնի բախտի քմահաճույքին, երբեք չի մատնի անտերության։ Նա սարսափում է այն մտքից, որ իր զավակին կարող է վիճակվել իր ցավալի ճակատագիրը։ Նրա նախկին ամուսինը, ցավոք, պաշտոնապես չի ճանաչել երեխաներին. Հեղինեի խոսքով՝ եթե անգամ ճանաչեր, դա նրան չէր ստիպի իր պարտավորությունները կատարել։ Երեխաների հայրը հիմա էլ հրաժարվում է օգնել որևէ բանով, մեկ-երկու անգամ է տեսել երեխաներին։
Սակայն խնդիրները դրանով, ցավոք, չեն ավարտվում։ Անգելինան լիարժեք բուժօգնություն չի կարողանում ստանալ, որովհետև նա չունի Հայաստանի քաղաքացիություն։ Հեղինեն 7 տարի ապրել է Վրաստանում, երեխային ցանկացել է Հայաստանում ծննդաբերել, սակայն կորոնավիրուսի տարածվածության ժամանակ տեղաշարժի սահմանափակումների պատճառով փոքրիկին Վրաստանում է ծննդաբերել։ Որոշ հիվանդանոցներ, անկախ նրանից, որ փոքրիկ Անգելինան ՀՀ քաղաքացի չէ, անվճար սպասարկել են հարկ եղած դեպքերում, իսկ անվճար դեղորայք ստանում են Վրաստանից, սակայն հնարավոր չէ երեխայի համար Հայաստանում անվճար թերապիաներ ստանալ։ Նշենք նաև, որ ոչ միայն փոքր Անգելինան է հիվանդ, մյուս դպրոցահասակ աղջիկը ևս առողջական խնդիր ունի՝ խրոնիկ բրոնխիտ, և նրան ևս անհրաժեշտ է շարունակական բուժում, սակայն դեղերը միշտ չէ, որ կարողանում է գնել։ Այս ամիս, օրինակ, դեղերի մի մասն է միայն հասցրել գնել։
Խնդիրը կարող էր թեթևանալ և լուծելի լինել, եթե այս ծանր կացության մեջ որևէ պետական օգնություն, նպաստ ստանար, բայց առայժմ Հեղինեի համար այս հնարավորության դուռն էլ է փակ. Երևանում գրանցում չունենալու պատճառով որևէ պետական աջակցություն չի ստանում։ Դրա փոխարեն՝ կան օգնող, սրտացավ հարևաններ, բարերարներ, որ վառելափայտ են տրամադրում, նույնիսկ տնակ-դոմիկը վարձով տվել է իր հարևանը։
Բացի դրանից՝ իր ընտանիքին օգնել է նաև Շահումյանի վարչական շրջանի թաղապետարանը:
Մինչ փոքրիկ Անգելինան, կիսաբաց պատուհաններից ներս թափանցող ցուրտը անտեսելով, խաղում էր իր խաղալիքով, Հեղինեն պատմում էր, որ վատառողջ երեխաներին հիվանդություններից պաշտպանելու համար հարևանների տանն է առայժմ թողնում նրանց, բայց հասկանալի է՝ դա երկար չի կարող տևել։ Երկու վատառողջ երեխաներին հակացուցված է այստեղ ապրելը։ Երեխային խնամող չունենալու պատճառով Հեղինեն հնարավորություն չունի աշխատելու, իսկ առանց կողքից օգնության ընտանիքը պարզապես չի կարող ապրել այս տնակում։
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թաղապետարանից մեզ հայտնեցին, որ իրենց հնարավորությունների սահմաններում Հեղինեին ու երեխաներին մշտապես աջակցել են՝ սնունդով, վառելանյութով, տնտեսական ապրանքներով, սակայն որպեսզի ընտանիքը կարողանա որևէ պետական նպաստ ստանալ, պետք է նրա անդամները ժամանակավոր գրանցում հաստատեն այն հասցեում, որտեղ բնակվում են։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից մեզ հայտնեցին, որ քաղաքացուն պետք էր սոցիալական խորհրդատվություն ցուցաբերել, որ օգնություն ստանալու համար վերջինս պետք է գրություն ուղարկի միասնական սոցիալական ծառայություն, ներկայացնի անհրաժեշտ փաստաթղթերը, որից հետո տարածքային շրջանի աշխատակիցները կմոտենան, կարիքները կգնահատեն. «Եթե քաղաքացին չափորոշիչներին համապատասխանի, պետք է ընդգրկվի սոցիալական անապահովության համակարգում և ստանա ընտանեկան սոցիալական նպաստ։ Սակայն չափորոշիչներին համապատասխանելու համար պետք է ունենա իր բնակության հասցեում հաշվառում, որի համար պետք է դիմել Ոստիկանության համապատասխան բաժին»,- ընդգծեց նախարարության մամուլի խոսնակ Զառա Մանուչարյանը։
Օգնության համար կարող եք զանգահարել Հեղինե Գրիգորյանին 093352013 հեռախոսահամարով։
Հաշվեհամարներ՝ ՎՏԲ 2204300101521007,
Իդրամ՝ 4318290092772488
Թամարա Ղազարյան