2-ից 3-րդ խումբ տեղափոխված զինհաշմանդամները կշարունակեն ևս 3 տարի ստանալ 2-րդ խմբին տրամադրվող աջակցությանը մոտ գումարներ. ԱԺ հանձնաժողովը նախագծին դրական եզրակացություն տվեց
Ազգային ժողովի աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում քննարկվեց ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։

Հիմնական զեկուցող աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալը, ներկայացնելով նախագիծը, նշեց, որ առաջարկվում է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի խորհրդին լիազորել իր սահմանած կարգով և պայմաններով լրացուցիչ սոցիալական ծառայություններ մատուցել հիմնադրամի շահառուներին։ Անցումային շրջանի համար մինչև անձի ֆունկցիոնալության գնահատման մասին օրենքի ամբողջական կիրարկումը դրամական աջակցություն վճարել այն զինծառայողների համար, ովքեր ունեցել են առաջին կամ երկրորդ խմբի կամ ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակումով  հաշմանդամություն։ Այսինքն՝ եղել են հիմնադրամի շահառու և վերափորձաքննության արդյունքում ճանաչվել են  երրորդ խմբի կամ ֆունկցիոնալության  միջին աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն  ունեցող անձ։ 

«Դրամական աջակցության չափն առաջարկվում է սպայական կազմի զինծառայողներին՝ 75 հազար դրամ, պայմանագրային և զորահավաքային կազմի զինծառայողների կամավորականներին՝ 50 հազար դրամ, և պարտադիր ժամկետային կազմի զինծառայողներին՝ 25 հազար դրամ»,- ասաց նախարարության ներկայացուցիչը։  

Այս հնարավորությունը գործելու է 3 տարի, և մինչև 2026 թվականը եթե որևէ զինծառայող հայտնվի այս իրավիճակում, 3 տարի կօգտվի այս աջակցությունից։

Հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը նշեց, որ բացի սրանից, օրենքի նախագծով հիմնադրամին իրավունք է տրվում նաև  աջակցության այլ ձևեր մտածել՝ գուցե ոչ միայն դրամական, այլև, օրինակ, անուղղակի ծառայությունների մատուցում։

Վովա Հակոբյան