Ուկրաինան ապացույցներ չի ներկայացրել Ռուսաստանի զինված ուժերի կողմից իբր իրանական անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) կիրառման վերաբերյալ։ Այս մասին CNN-ին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։
«Մենք զենք չենք մատակարարում (հակամարտության) ոչ այս, ոչ այն կողմին»,- հայտարարել է Իրանի ԱԳՆ ղեկավարը՝ նշելով, որ ռուսական հատուկ ռազմական գործողության սկզբից ի վեր Թեհրանը պնդում է, որ պետք է գնալ «քաղաքական երկխոսության»։ Պնդումներն առ այն, թե Իրանը, իբր, Ռուսաստանի Դաշնությանը մատակարարում է ԱԹՍ-ներ Ուկրաինայում կիրառելու համար, Աբդոլլահիանը կեղծ է անվանել։
Իրանի ԱԳ նախարարի խոսքով՝ իրանցի փորձագետները «ուսումնասիրել են լուսանկարները», որոնք տրամադրել է ուկրաինական կողմը, և եկել են այն եզրակացության, որ «այդ լուսանկարները ոչ մի կերպ կապված չեն Իրանի հետ»։
«Արդեն չորս ամիս է՝ մենք սպասում ենք բանակցությունների երկրորդ փուլին և ակնկալում ենք, որ նրանք (Ուկրաինայի իշխանությունների ներկայացուցիչները) կգան և կներկայացնեն իսկական փաստաթղթեր։ Ուկրաինացիները կրկնում են, որ (դա տեղի կունենա) երկու շաբաթից, շուտով, բայց մինչ այժմ ոչինչ տեղի չի ունեցել»,- ասել է Իրանի արտգործնախարարը: