Կովկասում բանակցությունների հարցերով ԱՄՆ պետքարտուղարի ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լյուիս Բոնոն այս պաշտոնում առաջին անգամ կայցելի տարածաշրջան։
Ուղևորությունը կկայանա հաջորդ շաբաթ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը։
Ինչպես նշել է Փրայսը, Վաշինգտոնը հույս ունի, որ ավագ խորհրդականի այցերը Հարավային Կովկասի երկրներ կանոնավոր կլինեն։
«Բոնոն նախատեսում է հանդիպել երկրների առաջնորդների հետ՝ աջակցելու համար հայ-ադրբեջանական խաղաղ գործընթացին և հայտնելու համար մեր չփոփոխվող հանձնառությունը Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը: Ինչպես արդեն ավելի վաղ նշել եմ, իր այցի ընթացքում նա կայցելի Հարավային Կովկասի բոլոր երեք երկրները: Նա կմեկնի Բաքու, Երևան և Թբիլիսի՝ այս հերթականությամբ»,- ասել է դիվանագետը։
Փրայսի խոսքով՝ Վաշինգտոնը կարծում է, որ այցը տարածաշրջան թույլ կտա Բոնոյին շարունակել երկխոսությունը, որը տեղի է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում։
«Մենք, ինչպես արդեն հայտարարել ենք եռակողմ բանակցությունների ավարտին, ոգևորված ենք խաղաղ գործընթացի արդյունավետ մասնակցության հարցում Հայաստանի և Ադրբեջանի վերջին ջանքերով»,- ասել է ամերիկացի դիվանագետը։
Նա հավելել է, որ առաջիկա հանդիպումների ժամանակ Բոնոն կընդգծի, որ Միացյալ Նահանգները հակված է Հարավային Կովկասում խաղաղ, ժողովրդավարական և բարգավաճ ապագա կառուցելուն։