«Գործ ունենք կոնկրետ գործակալների հետ․ փորձում են ամեն գնով երկրում հեղաշրջում իրականացնել՝ արդարադատությունից խուսափելու համար»․ Արթուր Հովհաննիսյան․ Տեսանյութ
Civic.am-ի հյուրը ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն է։ 

Սյունիքում կատարվող դեպքերին անդրադառնալով, Հովհաննիսյանը նշեց, որ պետք է դեպքերին անդրադառնալիս հղում կատարել բացառապես պաշտոնական աղբյուրներին։ Իսկ գործընթացներում, ըստ Հովհաննիսյանի, կան դրական միտումներ։

«Մայիսի 14-ից ադրբեջանական ինչ-որ խմբեր արդեն դուրս են եկել տարածքից և պրոցեսը շարունակվել է նաև երեկ և հույսեր կան, որ այսօր էլ գործընթացը կշարունակվի, իսկ չորեքշաբթի օրը բանակցությունների հաջորդ փուլն է, որի ընթացքում մենք հույս ունենք, որ խնդիրը կհանգուցալուծվի։ Բայց քանի որ իրավիճակը մեծ հաշվով չի փոխվել՝ ադրբեջանական զինվորականները շարունակում են մնալ ՀՀ տարածքում, մենք շարունակում ենք գործարկել ՀԱՊԿ-ի գործիքակազմը, այդ թվում նաև հայ-ռուսական դաշնակցային պայմանագրերի գործիքակազմը, շարունակում ենք աշխատել նաև միջազգային կառույցների հետ՝ մեծացնելու համար ճնշումները ադրբեջանական իշխանության նկատմամբ», - ասաց Արթուր Հովհաննիսյանը։
 
Անդրադառնալով տեղեկատվական դաշտում տեղի ունեցողին, Հովհաննիսյանը նշեց, որ «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը դաշտ է նետել Ալիևը, և Հայաստանում ինչ-որ «ընդդիմադիր» շրջանակնների ներկայացուցիչներ՝ նախկին վարչապետ, նախկին մարզպետ, պատգամավորական ինչ-որ թևեր՝ սկսել են ևս խոսել այդ մասին։

«Ստացվում է, որ ադրբեջանական կողմը ինչ-որ թեզ է դաշտ նետում և փոխանցումներով մեր ներհայաստանյան ինչ-որ շրջանակներ սկսում են տիրաժավորել այդ թեզը։ Այսինքն՝ անվճար հիմունքներով, կամ միգուցե՝ վճարովի, ես չգիտեմ, կատարում են ադրբեջանական քարոզչամեքենաների դերը և, ըստ էության, Ադրբեջանին,այս գործիչների առկայության պարագայում, ոչ հետախուզություն է պետք, ոչ էլ՝ պրոպագանդիստներ։ Այսինքն՝ մենք գործ ունենք կոնկրետ գործակալների հետ՝ մեր երկրում», - ասաց Հովհաննիսյանը։
 
Արթուր Հովհաննիսյանը նշեց, որ խնդիրը աշխարհաքաղաքական է և մեր ցանկացած գործողություն կարող է շղթայական ռեակցիաներ տալ՝ ամենտարբեր հետևանքներով։

«Հաշվի առնելով մեր իրավիճակը, պետք է շատ նուրբ գործենք,սառնասիրտ,և իհարկե,մեր գլխավոր առաջադրանքը ՀՀ սահմանների անձեռնամխելիությունն է ինչ գնով էլ,որ դա լինի», - նշեց պատգամավորը։
 
Ըստ Արթուր Հովհաննիսյանի, մեր Զինված ուժերը վերահսկում են ադրբեջանական ԶՈՒ-ին, նրանց տեղաշարժերը, կապուղիները ամբողջությամբ մեր զորքերի վերահսկողության տակ են, որտեղ ադրբեջանցիների համար կան սննդի, ջրի խնդիրներ։ 

«Եթե մենք խոսում ենք խնդրի ռազմական եղանակով լուծման մասին, ապա հնարավորությունների առումով՝ հնարավոր է, բայց հետևանքների առումով՝  անկանխատեսելի է», - նշեց Հովհաննիսյանը։

Անդրադառնալով մեր զորքերի շրջափակման մեջ գտնվելու մասին տարածվող լուրերին, Հովհաննիսյանը նշեց, որ իր տեղեկությունները ստանում է իրավասու մարմիններից, և նման տեղեկություններ չկան, իսկ նմանօրինակ տեղեկություններ տարածողները դասվում են նույն մարդկանց շարքին, որոնք տեղեկություններ էին տարածում վիրավորների մասին, հենակետերի շրջափակման մեջ գտնվելու մասին, միջանցքի մասին և այլն։

«Մարդիկ պարզապես փորձում են ազգային անվտանգության, մարդկանց առողջության և կյանքի հաշվին քաղաքական դիվիդենտներ շահել։ Հիմա ամեն ինչ անում են, որպեսզի ամեն գնով երկրում հեղաշրջում իրականացնեն և խուսափեն արդարադատությունից», - ասաց Հովհաննիսյանը։
 
Մանրամասները՝ տեսանյութում:
 
Վովա Հակոբյան