Քաղաքականությունը կառավարությունների փոփոխմամբ չի փոխվում, մենք եղել ենք ՀՀ-ի բարեկամը, կանք և կլինենք․Իրանի դեսպան

Իրանի Իսլամական հանրապետությունում ընթանում է նախագահական 14-րդ ընտրությունների երկրորդ փուլը։ Ընտրատեղամաս է բացվել նաև Երևանում տեղակայված իրանական դեսպանատանը, որտեղ հայաստանաբնակ հայրենակիցների հետ իր սահմանադրական պարտքը կատարեց նաև Հայաստանում ԻՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։ 


«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ իր խոսքում դեսպան Սոբհանին նշեց, որ առավոտյան ժամը 08։00-ից մեկնարկել է Իրանի Իսլամական հանրապետության նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։ Այդ առթիվ հայաստանաբնակ իրանցիների համար բացվել է երեք ընտրատարածք․ առաջինը՝ դեսպանատանը, մյուսը Կապույտ մզկիթում և երրորդը՝ Կապանում տեղակայված հյուպատոսարանում։ Կլինի նաև շարժական քվեատուփ։


«Իրանի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ սկզբունքային է։ Մեր նպատակն է զարգացնել և ընդլայնել համագործակցությունը հարևան պետությունների՝ այդ թվում Հայաստանի հետ։ Քաղաքականությունը կառավարությունների փոփոխմամբ չի փոխվում։ Նախագահի բոլոր թեկնածուներն իրենց ելույթներում ընդգծել են հարևանների հետ հարաբերությունները զարգացնելու անհրաժեշտությունը։ Իրանն ունի մեծ բնակչություն, որտեղ ապրում են տարբեր ազգերի ներկայացուցիչներ, սակայն բոլորն էլ հաշվի են առնում Իրանի կառավարության կողմից իրականացվող սկզբունքային քաղաքականությունը։ Մենք եղել ենք Հայաստանի բարեկամը, կանք և կլինենք։ Երկկողմ հարաբերությունները նոր ստեղծվող կառավարության շրջանակում առավել կզարգանան։ Յուրաքանչյուր երկրի համար սկզբունքային քաղաքականությունը հիմնված է ազգային փոխադարձ շահերի վրա, ինչը բեկման ենթակա չէ»,- ասաց Սոբհանին։


Դիվանագետը հավելեց, որ նախագահական ընտրությունների երկրորդ փուլում կանխատեսվում է ավելի բարձր մասնակցություն։ Այն քաղաքացիները, ովքեր ինչ-ինչ պատճառներով չեն մասնակցել հունիսի 28-ի քվեարկությանը, երկրորդ փուլում կկատարեն իրենց սահմանադրական պարտքը՝ քվեարկելով իրենց նախընտրած թեկնածուի օգտին։  


«Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ երկրորդ փուլի նկատմամբ իրանցիների հետաքրքրությունն անհամեմատ մեծ է, հետևաբար կգրանցվի քվեարկողների բարձր մասնակցություն։ Այս օրերին բազմաթիվ քաղաքացիներ կդառնան չափահաս և հնարավորություն կունենան առաջին անգամ մասնակցել համապետական ընտրություններին՝ ավելացնելով քվեարկողների քանակը։ Իրանի ժողովուրդը դրսևորում է զարմանահրաշ կեցվածք և այս ընտրություններում անպայման կդրսևորի իր բնավորությունը»,- հայտնեց Սոբհանին։


Դեսպանը երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում կարևորեց Իրանի ու Հայաստանի միջև Հյուսիս-Հարավ միջանցքի լիարժեք շահագործումը։


«Նշված միջանցքի այն հատվածը, որն անցնում է Հայաստանի տարածքով, մեզ համար լուրջ այլընտրանքային տարբերակ է, ինչը հնարավորություն է ընձեռում դեպի Սև ծով դուրս գալ ավելի կարճ ճանապարհով։ Շինաշխատանքները Ագարակ-Քաջարան հատվածում արդեն սկսվել են։ Շուտով կհայտարարվի Քաջարանի թունելի շինաշխատանքների հետ կապված մրցույթը։ Մոտ ապագայում ակնկալվում է նաև, որ կհայտարարվի Քաջարանից դեպի Սիսիան տանող ճանապարհի շինարարության մրցույթի մասին։ Դա հստակ ծրագիր է, որն անպայման պետք է իրականացվի։ ՀՀ կառավարությունը բավականին լուրջ միջոցներ է հատկացրել պետբյուջեից՝ երկրի հարավում շինաշխատանքներն իրականացնելու համար, ինչը միանշանակ դրական քայլ է և մեծապես կդյուրացնի երթևեկությունը Հայաստանի ու Իրանի միջև՝ ընդլայնելով ապրանքաշրջանառության ծավալները։ Տարածաշրջանային ճանապարհները չեն գործարկվի մեկը մյուսի փոխարեն, այլ կփոխլրացնեն միմյանց»,- նշեց դեսպանը։