Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովը ընդունեց «ԼՂ հայերի և ՀՀ տարածքային ամբողջականության վերաբերյալ» բանաձևը

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Քիչ առաջ Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովը ընդունեց «Լեռնային Ղարաբաղի հայերի և Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության վերաբերյալ» բանաձևը, որում մասնավորապես ասվում է.


Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ի հարձակումը, ավելի քան 100,000 հայերի բռնի տեղահանումը և Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության շարունակական խախտումները;


Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովը`


Կոչ է անում հարգել Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունն իր սահմաններում;


Խստորեն դատապարտում Է ադրբեջանական ռազմական ներխուժումը և Ադրբեջանի 2023 թվականի սեպտեմբերի 19-ի հարձակումը, Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության էթնիկ զտումը և հայկական մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացումը;


Աներկբա աջակցություն է հայտնում Հայաստանի անկախությանը և ինքնիշխանությանը;


Աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը՝ հիմնված տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա, ինչպես նաև՝ 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա սահմանների սահմանազատմանը, տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը՝ հիմնված ինքնիշխանության, ազգային իրավազորության, հավասարության և փոխադարձության սկզբունքների վրա և, այս համատեքստում, Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը։