Արմավիրում լայն թափով ընթանում են շինարարական աշխատանքներ՝ ինչպես համայնքային, պետական, այնպես էլ սուբվենցիոն ծրագրերով։ 30 տարվա դադարից հետո Արմավիր համայնքի բոլոր բնակավայրերը շուտով մանկապարտեզներ կունենան։ Այգեվան, Նորավան և Լենուղի գյուղերում՝ Քաղաքաշինության կոմիտեի պատվերով, ՀՀ պետական բյուջեի միջոցներով, կառուցվում են մոդուլային տիպի մանկապարտեզներ: Այգեվանի մանկապարտեզը շահագործման կհանձնվի այս տարի, իսկ Նորավանի և Լենուղու մանկապարտեզները՝ մինչև 2025 թվականի սկիզբ: Ծրագրերի արժեքները մոտ 700-800 մլն դրամ են։ Բացի շենքի կառուցումից՝ նախատեսվում է նաև ամբողջական կահավորում նոր, ժամանակակից գույքով, բակային հատվածի բարեկարգում, խաղահրապարակի կառուցում: Այս գյուղերը տասնամյակներ շարունակ չեն ունեցել մանկապարտեզներ, բայց շուտով երեխաները կունենան հնարավորություն՝ հաճախելու մանկապարտեզներ հենց իրենց բնակավայրերում։ Բացի Այգեվանից՝ մանկապարտեզներ են կառուցվում նաև Խանջյան բնակավայրում։ Այստեղ սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվում է գյուղի մանկապարտեզը, որն անկախությունից հետո երբևէ չի գործել։ Մանկապարտեզի շինարարության ավարտը, ըստ աշխղեկի, նախատեսված է 2025 թվականի փետրվարին։ Խանջյանում, բացի մանկապարտեզի կառուցումից, վերջին 2-3 տարիների ընթացքում նաև այգի է կառուցվել, որը, ինչպես նշեց քաղաքապետ Վարշամ Սարգսյանը, ամբողջապես փոխել է բնակավայրի միջավայրը։ Բացի Այգեվանից, Խանջյանից՝ մանկապարտեզ է կառուցվում նաև Արաքսում, որը ևս շահագործման կհանձնվի այս տարի։ Իսկ Լենուղի բնակավայրում, որտեղ նույնպես անկախությունից ի վեր մանկապարտեզ չի եղել, ևս 144 երեխայի համար մանկապարտեզ է կառուցվում։ Քաղաքապետի խոսքով՝ բուռն շինարարական աշխատանքները նաև աշխատատեղերի խնդիր են լուծում համայնքում։ Համայնքում նաև բազմաթիվ ճանապարհներ են հիմնանորոգվել։ Այս պահին Արմավիր քաղաքի Շահումյան փողոցն է հիմնանորոգվում։ Ծրագրի արժեքը 575 250 624 դրամ է, որի 65 տոկոսը տրամադրել է համայնքը, 35-ը՝ կառավարությունը։ Ծրագրով նախատեսված է իրականացնել 1730 գծմ երկարությամբ ճանապարհի երթևեկելի մասի ասֆալտապատում, մայթերի սալիկապատում, բազալտե եզրաքարերի փոխարինում, ջրատար առուների կառուցում, գծանշման և երթևեկության նշաններով կահավորման աշխատանքներ։ Այս պահին ընթանում են փողոցի երթևեկելի մասի ասֆալտի ներքին շերտի տեղադրման աշխատանքներ։
Մյասնիկյան գյուղում էլ շահագործման է հանձնվել բացօթյա ունիվերսալ մարզադաշտ՝ մինիֆուտբոլի, բասկետբոլի և վոլեյբոլի համար։ Ծրագիրն իրականացվել է Արմավիրի համայնքապետարանի և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի համագործակցության արդյունքում։ Մարզադաշտերի կառուցումը, ինչպես նշեց Սարգսյանը, սպորտային ժամանց է ապահովելու համայնքի պատանիների և երիտասարդների շրջանում, ինչպես նաև նոր հետաքրքրություններ է առաջացնելու երեխաների շրջանում՝ հետագայում պրոֆեսիոնալ կերպով սպորտով զբաղվելու համար։