ՀՀ-ն մոտ է կանգնած խաղաղության պայմանագրին, ԱՄՆ-ն կօգնի այն իրագործելու հարցում․ Սամանթա Փաուեր

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը և ԱՄՆ-ն պատրաստակամ են օգնել Հայաստանին բարեկեցություն կառուցելու, ժողովրդավարությունն ամրապնդելու և Ադրբեջանի հետ խաղաղության հասնելու հարցերում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կառավարիչ Սամանթա Փաուերը։


«Այսօր այստեղ եմ, քանի որ Հայաստանը հնարավորության պատուհան ունի ՝ կառուցելու բարեկեցություն, ամրապնդելու իր ժողովրդավարությունը և հասնելու այն խաղաղությանը, որի մասին մարդիկ այսքան երկար ժամանակ երազել են։ ԱՄՆ ՄԶԳ-ն և ԱՄՆ-ն ընդհանրապես պատրաստակամ ենք օգնելու Հայաստանին հնարավորության այս պատուհանից առավելագույն արդյունք քաղելու հարցում


2018 թվականին, երբ հայ ժողովուրդը ոտքի կանգնեց և փոփոխություն պահանջեց, այդ ժամանակից ի վեր Հայաստանը զգալի առաջընթաց է արձանագրել, խորացրել ժողովրդավարական բարեփոխումները, որպեսզի կառավարությունը կարողանա ավելի արձագանքող լինել քաղաքացիների կարիքներին, ապահովել, ստեղծել տնտեսական հնարավորություններ, որոնք նախկինում կոռուպցիայի պատճառով անհնար էին»,- ասաց Սամանթա Փաուերն՝ ընդգծելով, որ Հայաստանը տնտեսական աճի առաջատարներից է տարածաշրջանում։


ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կառավարչի խոսքով՝ այսօր Հայաստանը մոտ է կանգնած խաղաղության պայմանագրին, որը կարող է վերջ դնել տասնամյակներ շարունակված հակամարտությանը։ «Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների ներկայացուցիչները շարունակում են բանակցություններն՝ ուղղված հաշտությանը։ ԱՄՆ-ն կանի իրենից կախված ամեն ինչ՝ օգնելու, որպեսզի Հայաստանը պատմական այս պահը օգտագործի»,-եզրափակեց Սամանթա Փաուերը։