«Սրբազան» կոչվող շարժման «դիվանագիտական գրասենյակը»՝
ի դեմս Դիվանագետների համահայկական խորհրդի, որոշել էր հուլիսյան շոգը հաղթահարել զով
ու ապահով վայրում՝ կլոր սեղան-քննարկում կազմակերպել, որի շրջանակներում հավաքվածները,
մասնավորապես «դիվանագիտական սերուցքը» պետք
է մասնագիտական խոսք հնչեցներ այն մասին, թե
«ինչպես չկորցնել և ձեռք բերել դաշնակիցներ»։
Համաձայնեք, ինտրիգային օրակարգ է, սակայն
մասնակիցների կազմն ու նրանցից ոմանց ելույթները
ցրեցին ինտրիգի, սենսացիայի ակնկալիքը՝ ստիպելով
հիշել երբեմնի գերիշխող ուժի՝ կոմկուսի մասին հայտնի անեկդոտը։ Թե՝ կոմունիստներն
իրենց պլենումների ժամանակ խոսում էին այն մասին, ինչի մասին արդեն գիտեին, հաջորդ
օրն էլ թերթերի «նորություններ»-ի բաժնում կարդում էին այն մասին, ինչի մասին խոսել
էին պլենումի ժամանակ և ինչի մասին արդեն գիտեին։ Ոչ մի ինտրիգ, ոչ մի սկանդալ, ոչ մի սենսացիա, քանի
որ «կրկնությունը գիտության մայր է»։ Արդ,
«սրբազան պայքարի» հետևորդ «ժողգործիքների
անսամբլն» էլ հիշյալ քննարկման ժամանակ վերստին երգեց նույն երգը, որը երգում է արդեն
մի քանի տարի, լսեց իր երգածն ու բավարարվեց իր իսկ կատարմամբ։ Այն է՝ ՀՀ իշխանությունները
վարում են «վտանգավոր արտաքին քաղաքականություն», «Հայաստանի իշխանության կողմից որդեգրված
«խաղաղության օրակարգը» ձախողվում է», «Հայաստանի
կողմից շարունակվում է շեշտադրված ձևով և արագ քայլերով վեկտորի փոփոխության
քաղաքականություն դեպի Արևմուտք, որտեղ ՀՀ-ին... չեն սպասում»։ Այս վերջին միտքն, ի
դեպ, արտաբերել է ոչ թե տնայնաբույծ վերլուծաբան,
անպատասխանատու քաղաքական գործիչ, այլ... երկար տարիներ դիվանագետ աշխատած մեկը՝ ԱԳՆ նախկին գլխավոր քարտուղար, արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Մելիքյանը, որը, հիշեցնենք, իր
դիմումի համաձայն պաշտոնը լքել է 2021 թ. հուլիսին։ Հարգելի հանդիսատեը, ներեցեք՝
ընթերցողը, վստահ ենք, այս բանդագուշանքները՝ «կործանվող» ու արտաքին խաղացողներից որևէ մեկին «պետք չեկող»
Հայաստանի մասին, լսել է քանիցս, երիցս, բազմիցս, այնպես որ, որևէ նորություն լսածում
չկար, ինչպես որ կոմկուսի պլենումների մասին «Իզվեստիա»-ի նորությունների
բաժնում։
Նկատենք, որ հիշյալ օրակարգով «կլոր սեղանը» պատահական չէ, որ տեղի ունեցավ հենց այժմ, ՀՀ-ի՝ ԵՄ-ին անդամակցելու մասին հանրային-քաղաքական քննարկումների ֆոնին։ Տպավորություն էր, որ միջոցառումը կանխարգելիչ նպատակով է տեղի ունենում՝ տեղ հասցնելու հետևյալ կարևոր միտքը՝ «ո՜վ հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը ոչ թե ԵՄ-ին անդամակցության, այլ «Իվանի պոչից պինդ բռնելու» մեջ է»՝ Իվան ասելով նկատի ունենալով ՌԴ-ին՝ ի դեմս գոսպոդին Պուտինի։
Հատկանշական էր
մասնավորապես նաև ԱԳ փոխնախարարի «խրամատը» ՀՀ-ի համար վճռական շրջանում՝ 2021-ին,
ԱԺ արտահերթ ընտրություններից առաջ, լքած Ավետ
Ադոնցի ելույթը։ Դիվանագետ մարդ մը, որն
իր խոսքի սկզբում դիմեց մանիպուլյացիայի, թե՝ «վերջերս մենք ականատեսը եղանք այն
հայտարարությանը այս իշխանության, որ Հայաստանում, այսինքն՝ ռեֆերենդում
անցկացնելու մասին, մասնավորապես Եվրամիությանը անդամակցելու հետ կապված։ Եվ այս
հայտարարությունը արվեց մի իրավիճակում, երբ աշխարհը իրար ա գալիս, ...երբ աշխարհը
բաժանվել է սևի ու սպիտակի կամ՝ արևելքի և արևմուտքի»։
Նախ շեշտենք, որ ՀՀ
իշխանությունը նման առաջարկ՝ ռեֆերենդումի մասին, չի արել, հետևապես պարոն դեսպանը,
մեղմ ասած, կեղծում է։ Այդ առաջարկն արվել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի
ու քաղաքացիական հասարակության մի շարք ներկայացուցիչների
կողմից, ԱԺ-ում էլ այդ թեմայով տեղի են ունեցել լսումներ։ Խորհրդարանական երկրի ԱԺ-ում նման լսումների փաստը, փաստորեն, պարոն Ադոնցի «լայն աշխարհայացքը» ընկալում է
որպես ռեֆերենդումի՝ «ՀՀ իշխանության կողմից արված առաջարկ»։ Մինչդեռ իշխանությունը ամենաբարձր մակարդակով՝ ի
դեմս Նիկոլ Փաշինյանի, օրերս հայտարարեց՝ ԵՄ-ին անդամակցելու հարցով հանրաքվե
անցկացնելու անհրաժեշտություն չի տեսնում, քանի որ «գիտի ժողովրդի կարծիքը»։ Վարչապետի
խոսքով՝ հանրաքվե անցկացնելու հիմնական խնդիրն այն է, որ չունի հարցի պատասխանը՝ Եվրամիությունը
պատրա՞ստ է ընդունել Հայաստանին, թե՞ ոչ։
Ի դեպ, Ադոնցի մտքերի
(խառնիճաղանջ, փնթի, դիվանագետին չսազող) հետագա ընթացքը է՛լ ավելի ցնցող է՝ հատկապես հաշվի
առնելով այն հանգամանքը, որ դրա հեղինակը ոչ միայն ստաժավոր դիվանագետ է, այլև 1998-2001 թթ. եղել է Եվրամիությունում ՀՀ առաքելության
խորհրդական, ապա արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար, եղել է նաև Եվրոպական
միությունում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչության ղեկավար (պաշտնից
ազատվել է (https://president.am/hy/decrees/item/1220) 2014-ին: Ըստ
Ադոնցի՝ «ՀՀ իշխանությունը, խոսելով ԵՄ-ին անդամակցության ռեֆերենդումի» մասին,
առաջարկեց «մեջքով կանգնել քաղաքական քարտեզի մի մասին, այսինքն՝ էս դեպքում
ՌԴ-ին, Պարսկաստանին և այլն, և այլն, և դեմքով՝ Արևմուտքին։ Եվ սա նորից տեղի է
ունենում միջազգային շատ գերլարված պայմաններում։ Եթե շարունակեմ միտքս, ապա դեմքով
կանգնել դեպի ԵՄ-ն, այսինքն՝ փորձել պատրաստել հանրությանը այն ռեֆերենդումին այն
պայմաններում, երբ ԵՄ-ն որևէ կերպ չի
սպասում, որևէ պատգամ Եվրամիությունից այդ մասին չի եղել, ես նկատի ունեմ այդ կառույցին
Հայաստանի անդամակցության հեռանկարը։ Եվ
երրորդը՝ հաշվի առնելով այսօրվա մեր մարտահրավերները, որ վերաբերում են հիմնականում
անվտանգության օրակարգին, որ այդ օրակարգով ԵՄ-ն որևէ գործիքակազմ չունի՝ այս կամ այն՝
անվտանգությանը վերաբերող օրակարգում խորապես ներգրավվելու պրակտիկ առումով։ Լավ հիշում ենք ուկրաինական զարգացումները,
Մայդանը, այդ ամենը, ինչը տեղի ունեցավ Ուկրաինայում ԵՄ-ի հետ Ասոցացման
համաձայնագրի բանակցությունների արդյունքում, բայց երբ որ այնքան հարցը «եփվեց» և
հասավ այն կետին, որը որ արդեն վերաբերում է անվտանգության օրակարգին, ապա հենց
այդ րոպեին ԵՄ-ն մեկ-երկու քայլ հետ կանգնեց, և առաջ եկավ այն երկիրը, որը որ
կարող է անել և հիմնական խաղացողներից մեկն է. ես նկատի ունեմ ԱՄՆ-ին»։ Կարճ ասած, պարոն դեսպանն այսքանը մի
կերպ ծամեց, ծամծմեց՝ մի բան հասկացնելու համար՝ «եթե ժողովուրդը՝ իշխանության գլխավորությամբ,
նստի կոճղին, ուտի կարկանդակ, ապա մեզ մոտ էլ «Եվրամայդան» տեղի կունենա՝ դրանից բխող արյունալի
հետևանքներով։ Ադոնցն, ի դեպ, մի
նախադասություն էլ արտաբերեց, որը մերկացրեց այս շարժման հուշարարներին, որոնց
«մեթոդիչկայով» էլ հրավիրվել էր
վերոհիշյալ քննարկումը։ Ըստ այդմ՝ Հայաստանը
որևէ կերպ պատրաստ չէ նույնիսկ հնչեցնելու ԵՄ-ին անդամակցելու ամբիցիան, և «Եվրամիությունը
Հայաստանի այսօրվա իշխանության այդ ամբիցիան մաքսիմալ օգտագործելու է իր
շահերն առաջ տանելու համար, մասնավորապես աշխարհաքաղաքական շահերը, հակառուսական,
հակաիրանական այն օրակարգը, որն այսօր իրականացվում է միջազգային ասպարեզում։ Եվ
ցավոք սրտի, ՀՀ-ն դարձել է այն պլացդարմը, որտեղ բախվում են այդ բոլոր շահերը,
չնայած այն բանին, որ տարիներ ի վեր մենք չէինք թույլ տալիս, որպեսզի ՀՀ-ում տեղի ունենան
այն զարգացումները, որոնց հետ մենք առերեսվում ենք այստեղ»։
Ենթադրում ենք, որ
այս ելույթից հետո ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան խրախուսական
հեռագիր կուղարկի հայազգի իր կոլեգային՝ ռուսական ագիտպրոպի թեզերը՝ ԵՄ-ի «քըխ»
լինելու, ՌԴ-ին տարածաշրջանից դուրս մղելու մասին, ջանադրաբար
թութակելու համար։ Կարելի է պատկերացում կազմել «կռվի» այն որակի մասին, որը պարոն
Ադոնցը տվել է իր՝ դեսպան աշխատած
ժամանակ, որպեսզի ՀՀ-ն «պլացդարմ» չդառնա տարատեսակ շահերի բախման համար։ Համոզված
ենք, այդ կռվի ընթացքում նա առաջնորդվել է մեկ սկզբունքով՝ ամեն ինչ անել,
որպեսզի ՀՀ-ն շարունակեր մնալ ու լինել
միայն մեկ երկրի՝ ՌԴ-ի «պլացդարմը»։
Հիշեցման կարգով
մեջբերենք Ադոնցի համախոհ տիկին Զախարովայի՝
«տավուշյան շարժման» օրերին արած հետևյալ հայտարարությունը,
թե՝ ակնհայտ է այն փաստը, որ
Վաշինգտոնն ու Բրյուսելը նպատակ են դրել քանդել Ռուսաստանի և Հայաստանի միջև բոլոր
կապերը։ «Արևմտյան երկրները ձգտում են վիճաբանություն առաջացնել Հարավային
Կովկասում մերձավոր հարևանների միջև, ընդ որում Հայաստանն ընդամենը գործիք է, որի
միջոցով ԱՄՆ-ն և ԵՄ-ն ծրագրում են նոր մեծ հրդեհ բռնկել»։
Հ.Գ. Ի դեպ, ժամանակին, երբ Ադոնցը ԱԳ նախարարությունում էր աշխատում, ըստ մամուլի հրապարակման, մականուն ուներ՝ «Դոդենց»։ Պատճառն այն էր, որ Ադոնցը դեսպանի պաշտոնում նշանակվելուց առաջ մեկ այլ մականունավոր գործչի՝ Գագիկ Ծառուկյանի ԲՀԿ քվոտայով պատգամավոր էր ընտրվել և, կարելի է ասել, հենց նրան էր պարտական դեսպանի պաշտոնը ձեռք գցելու համար։
Հ. Մանուկյան