Ալավերդիի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցությունը ևս մեկ անդամ լքել է. Խմբակցությունը բոյկոտել է աղետից հետո հրավիրված 2-րդ նիստը

Ալավերդի համայնքի ավագանին երեկ արտահերթ  նիստ է գումարել, որին մասնակցել են ավագանու 16 անդամ՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները, ՀԱԿ խմբակցության անդամ Տիգրան Պապոյանն ու ավագանու երկու անկախ անդամները՝ Սիմոն Զախարովը և Նարինե Թորոսյանը։ Վերջինս, ի դեպ, «Ապրելու երկիր» խմբակցությունից էր և, ինչպես պարզեցինք, մոտ երեք ամիս առաջ լքել է այն։ Զախարովը նույնպես հիշյալ խմբակցությունից էր և նախորդ տարի այս օրերին է դուրս եկել «Ապրելու երկիր»-ից։ Փաստորեն,  նախկին համայնքապետ Արկադի Թամազյանի գլխավորած խմբակցությունը մեկ տարվա մեջ արդեն երկու անդամի կորուստ ունի։ 


Հատկանշական է, որ ավագանու՝ երեկ տեղի ունեցած նիստը երկրորդն էր մայիսի 26-ին համայնքին պատուհասած  աղետից հետո, և ենթադրվում էր, որ քաղաքական տարաձայնություններն ու փոքրոգությունը մի կողմ դնելով՝ Թամազյանն ու յուր խմբակցությունը կվերանայեն ավագանու նիստերն արդեն կես տարուց ավելի  բոյկոտելու իրենց որոշումն ու կմասնակցեն ավագանու աշխատանքներին՝ հանուն համայնքի և աղետից տուժած բնակիչների բարօրության։ Ավագանու նախավերջին նիստը, հիշեցնենք, հունիսի  25-ին էր, որին նույնպես ներկա է եղել ավագանու 16 անդամ։  Աղետից հետո նախկին համայնքապետ Թամազյանը ֆեյսբուքյան գրառում էր արել՝ «Ալավերդիում և հարակից բնակավայրերում աղետի հետևանքները հսկայական են։ Մեր վշտակցությունն ու զորակցությունն ենք հայտնում աղետից տուժած ընտանիքներին»։ Աղետի «հսկայական հետևանքները», փաստորեն, նրան ու ավագանու անդամ ԱԵ-ականներին չեն հետաքրքրում։


Նշենք, որ  ավագանու հուլիսի 15-ին տեղի ունեցած արտահերթ նիստի օրակարգային հարցերից էին մասնավորապես Ալավերդի համայնքի 2024 թվականի բյուջեի երկրորդ եռամսյակի կատարման ընթացքի մասին, Ալավերդի համայնքի հողային հաշվեկշիռը 2024 թվականի հուլիսի 1-ի դրությամբ հաստատելու, Ալավերդի համայնքին սեփականության իրավունքով պատկանող մի քանի հողամասեր օտարելու մասին հարցերը։


Հիշեցնենք, որ ՔՊ խմբակցությունը 2023 թ. դեկտեմբերի 5-ին անվստահություն հայտնեց Արկադի Թամազյանին և  նոր համայնքապետ ընտրեց  ՔՊ խմբակցության ղեկավար Դավիթ Ղումաշյանին։ Անվստահություն հայտնելու գործընթացն ուղեկցվեց Թամազյանի և նրա թիմակիցների, այդ թվում՝ Երևանից ժամանած,  կողմից հրահրված սկանդալոով, ինչից հետո նախկին համայնքապետը դիմեց վարչական դատարան՝ վիճարկելով իրեն անվստահություն հայտնելու և նոր համայնքապետ ընտրելու ավագանու որոշումը։  Գործն այժմ վճռաբեկ դատարարանում է՝ Թամազյանը բողոքարկել է ստորադաս դատարանների որոշումը։   


Ի դեպ, Թամազյանը վարչական դատարան ներկայացված միջնորդության մեջ մի շարք հիմնավորումներ ու հանգամանքներ է մատնանշել, մասնավորապես՝ ներկայումս ապօրինի կերպով զրկվելով իր՝ որպես Ալավերդի համայնքի ղեկավարի պարտականությունները կատարելու իրավական հնարավորությունից, զրկվել է իր միակ ապրուստի միջոցից՝ որպես համայնքի ղեկավար ստացվող վարձատրությունից՝ հայտնվելով ծանր ֆինանսական վիճակում։ «Եվ տվյալ դեպքում ոչ միայն առկա է հիմնավոր կասկած, այլև միանշանակ առկա է հստակ համոզմունք, որ զրկվելով իր միակ ապրուստի միջոցից՝ աշխատանքի դիմաց վարձատրությունից, կրելու է էական վնասներ և չի կարողանալու ապահովել բավարար ու պատշաճ պայմաններ իր և իր ընտանիքի համար, քանի որ վերջիններիս (կնոջը և երկու երեխաներին) ապրուստի միակ միջոցն ու կարիքների բավարարման միակ աղբյուրը հանդիսացել է աշխատանքի դիմաց իր՝ որպես համայնքի ղեկավարի վարձատրությունը»։   


Գործարար Ռուբեն Վարդանյանի կողմից հովանավորվող կուսակցության քաղխորհրդի անդամ հանդիսացող նախկին համայնքապետը, փաստորեն,  աշխատավարձով ապրող պաշտոնյա է եղել, ինչպես ժողովուրդն է ասում՝ «կողմնակի եկամուտ» չի ունեցել։
Ուսումնասիրելով Թամազյանի՝ որպես ավագանու անդամ,  Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած  2024 թ. տարեկան հաշվետվությունը՝  պարզեցինք, որ Թամազյանը 2023 թ. մայիսին իր ունեցվածքը հարստացրել է ևս մեկ գույքով՝  բնակարան է գնել Ալավերդիում  (համատեղ սեփականություն)։  Եվ բացի դրանից հայտարարագրել է մասնավորապես 10 հողամաս Ալավերդիում, որոնցից երկուսը՝ միանձնյա սեփականությամբ իրեն պատկանող, մյուսները՝ համատեղ սեփականությամբ, որոնք ձեռք է բերել 2003  և 2013 թվականներին,  հայրենի Ճոճկանում գտնվող մեկ անհատական բնակելի տուն, որն իրեն է պատկանում համատեղ սեփականությամբ, մեկ միանձնյա սեփականությամբ իրեն պատկանող անհատական բնակելի տուն Ալավերդիում, որը գնել է 2006-ին, նույն՝ Ալավերդի համայնքում գտնվող արտադրական նշանակության մեկ շինություն, որը ժառանգություն է ստացել 2007-ին, նույն համայնքում գտնվող բազմամյա տնկի, որը ձեռք է բերել 2003-ին։ 


 
Հայտարարագրի՝ «հայտարարատուի կողմից տվյալ տարվա ընթացքում 90 օրից ավելի փաստացի տիրապետվող անշարժ գույք կամ հայտարարատուի անունից, օգտին կամ հաշվին ձեռք բերված, երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույք կամ անշարժ գույք, որից փաստացի օգուտ է ստանում կամ այն տնօրինում է հայտարարատուն»   բաժնում Թամազյանը Ալավերդիում գտնվող երեք միավոր  հողամաս է նշել, որոնց մակերեսը պաշտպանված է։
 


Նշենք, որ ՏԻՄ օրենքը սահմանում է, որ մեծամասնական ընտրակարգով ընտրված ավագանու անդամի լիազորությունները կարող են վաղաժամկետ դադարել կամ դադարեցվել, մասնավորապես նաև հետևյալ դեպքում՝ եթե  նա  մեկ տարվա ընթացքում անհարգելի պատճառով բացակայել է ավագանու նիստերի կամ քվեարկությունների, կամ մշտական հանձնաժողովի նիստերի (որը պետք է արտացոլված լինի իր մասնակցությամբ ավագանու նիստերի ընթացքում ընդունված փաստաթղթերի ստորագրություններով) ավելի քան կեսից։ Այս տարի Ալավերդիի ավագանին գումարել է 8 նիստ, որից 4-ը՝ արտահերթ։ Դավիթ Ղումաշյանի՝ համայնքի ղեկավար ընտրվելուց հետո էլ՝ 2023-ին (դեկտեմբերի 18-ին և 26-ին),  ավագանին երկու նիստ է գումարել՝ մեկ հերթական և մեկ արտահերթ, որոնց նույնպես  ԱԵ-ականները չեն մասնակցել։


Հ. Մանուկյան