ՀՀԿ-ի կառավարման օրոք՝ «մանդատագող», ՔՊ-ի իշխանության օրոք՝ «քաղբանտարկյա՞լ». Ինչո՞ւ Մամիկոն Ասլանյանի «բախտին» չեն արժանացել ՔՊ-ին հաղթած մյուս համայնքապետերը

Երբ բավարարվեց Վանաձորի նախկին ՀՀԿ-ական (անդամությունը սառեցրած) համայնքապետ (2016-2021 թթ.) Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցն, ու նա ազատվեց կալանքից,  ինչպես և սպասվում էր, ընդդիմության որոշ ներկայացուցիչներ նրանից փորձեցին  քաղբանտարկյալի, եթե կուզեք՝  «քաղհետապնդյալի»  կերպար կերտել,  այսինքն՝ մեկին, որը ճգնավորի կյանքով է ապրել, համարյա՝ սրբի, իսկ  նրան, ահա,  չար ու նենգ իշխանությունը բռնել ու կալանավորել է միայն այն բանի համար, որ...


ՀՀԿ-ական, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար  Հայկ Մամիջանյանն, օրինակ, «Վարդաշեն» ՔԿՀ-ի դիմաց  պատիվ  ունեցավ  իրեն հատուկ ոճով այսպես բացատրել «բռնել-կալանելու» մոտիվը. «Մամիկոն Ասլանյանն արել է աններելի մի բան, Վանաձորում հաղթել է ՔՊ-ին, հաղթել է հստակ, ու դրա համար իրեն պատժել են 2,5 տարվա ազատազրկման՝ որպես քաղաքական բանտարկյալ: Մամիկոն Ասլանյանը 2,5 տարի անցկացրել է բանտում ՔՊ-ին հաղթելու, ժողովրդի ձայնը ստանալու, քաղաքապետ ընտրվելու համար»։


ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանն էլ, հավատարիմ  Մամիջանյանի քարոզչական գծին, ազդարարեց՝ Ասլանյանն ու նրա օրինակով այլ՝ կալանքի տակ գտնվող մի շարք անձինք (մասնավորապես Նարեկ Մալյան, Արմեն Աշոտյան, Դավիթ Տոնոյան) «Նիկոլ Փաշինյանի անձնական վրեժխնդրության զոհերն են»։  «Մամիկոն Ասլանյանը ձերբակալվել, երկու տարի յոթ ամիս կալանքի տակ էր ուղղակի մեկ բանի պատճառով՝ էս իշխանության քիմքին ոչ հաճո կարող է համայնքի ղեկավար լինել»,- ծոր տվեց  ընկեր Գեղամն ու միաժամանակ «սրան զուգահեռ առկա մի ողբերգության» մասին աղաղակեց՝ «ՀՀ-ում չկա քաղհասարակություն, էդ տարիներով ձևավորված իրավապաշտպան կազմակերպություններից գրեթե ծպտուն չի լսվում, ու գումարած եվրոպական կառույցների լիակատար թողտվությունը՝ Հայաստանը ժողովրդավարության բաստիոն ա գովքն անելով, որովհետև ունեն քաղաքական շահեր այս իշխանությունների հետ կապված»։ Փաստորեն, Նիկոլ Փաշինյանն ունի միջազգային հանրության ունիվերսալ աջակցությունը. այդ աջակցությամբ նա 2018-ին հեղափոխություն արեց, այդ աջակցությամբ նա Ղարաբաղը հանձնեց, այդ աջակցությամբ նրա գլխավորած քաղաքական ուժը՝ ՔՊ-ն, 2021-ին հաղթանակ տարավ ընտրություններում, նույն այդ միջազգային հանրության աջակցության պատճառով էլ Փաշինյանը  չտրվեց ընդդիմության հերթական պարտադրանքին ու հրաժարական չտվեց,  ավելին՝ նույն այդ միջազգային հանրության աջակցության շնորհիվ է, որ նա քրեական գործեր է հարուցել տալիս և բանտերն է նետում նրանց, որոնց  նկատմամբ, փաստորեն, անձնական  վրեժխնդրությամբ է լցված։ Ենթադրում ենք՝  միջազգային հանրությունը Մանուկյանի սույն ցնդաբանությունը լսում և վերջինիս վերլուծական կարողությունների նկատմամբ խղճահարությամբ է լցվում։ Ինչևէ։


Մամիջանյան-Մանուկյան՝ «իրավապաշտպան զույգին», այսուհանդերձ, մի հարց ենք ուզում տալ՝ եթե Մամիկոն Ասլանյանի «մեղքն» այն էր, որ նա ընտրություններում հաղթել էր ՔՊ-ին, և կամ «վարչապետի քիմքին անհաճո համայնքապետ լինելու» կանխավարկածով է կալանավորվել, ապա ինչո՞ւ նույն այդ կանխավարկածով չեն ձերբակալվել ու կալանքի վերցվել ՏԻՄ  2021, 2022 թթ. ընտրություններում ՔՊ-ին հաղթած այլ համայնքապետեր (Ասլանյանը «Մամիկոն Ասլանյան» դաշինքով  մասնակցել է 2021-ի ՏԻՄ ընտրություններին )։ Հատուկ Գեղամ Մանուկյանի ու Մամիջանյանի համար թվենք այդ  համայնքներից մի քանիսը, որտեղ 2021 թ. ՏԻՄ ընտրություններին  մասնակցած տարբեր քաղաքական ուժեր ու անհատներ հերիք չի հաղթել են ՔՊ-ին, դեռ այդքանից հետո էլ, ի հեճուկս վրեժխնդիր վարչապետի, ազատության մեջ են, հանգի՜ստ կառավարում են իրենց համայնքն ու աշխատում կառավարության ղեկավարի հետ։ Մասնավորապես Սյունիքի Մեղրի համայնքում  հաղթել է «Հանրապետություն» կուսակցության թեկնածուն, Կապանում՝ «Շանթ» դաշինքը,  Գյումրիում՝ «Բալասանյան» դաշինքը, Մասիսում՝ «Դավիթ Համբարձումյան» դաշինքը, Ապարանում՝ «Կարեն Եղիազարյան» դաշինքը, Գավառում՝ «Գուրգեն Մարտիրոսյան» դաշինքը, Չարենցավանում՝ «Միասնական համայնք»-ը, Աբովյանում՝ ԲՀԿ-ն, Քաջարանում՝ «Դեպի Միասնություն»-ը...


Ի դեպ, Մամիկոն Ասլանյանի նկատմամբ քրեական հետապնդումը հարուցվել է դեռ նախքան 2021-ի ՏԻՄ ընտրությունները՝ 2021 թվականի սեպտեմբերին,  ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչության պետական ծառայության ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժնի պետի տեղակալ Մ. Միքայելյանի որոշմամբ։ Նախաքննության մարմնի 2021 թվականի դեկտեմբերի 15-ի որոշմամբ Մամիկոն Ասլանյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել:


Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 16-ի որոշմամբ մեղադրյալ Մամիկոն Ասլանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը 2  ամիս ժամկետով:


ՏԻՄ ընտրությունները Վանաձորում, որտեղ էլ Ասլանյանը հաղթել է, նկատենք, կայացել են դեկտեմբերի 5-ին։


Այսինքն՝ իշխանությունը Ասլանյանի և նրա ենթականերից մի քանիսի վերաբերյալ  ՏԻՄ ընտրություններից երեք ամիս առաջ  «նա վսյակի» քրեական գործ է հարուցել (https://civic.am/news/49285-mamikon-aslanyany-kmna-kalanqi-tak), այն կանխատեսմամբ, որ այդ ընտրություններում Ասլանյանը հաղթելու է, այն ենթադրությամբ, որ նա հաղթելու պարագայում լինելու է ՀՀ կառավարության քիմքին անհաճո համայնքապետ, և քանի որ իրականացել են իշխանության կանխատեսումները, որոշել են վրեժխնդիր լինել 2016-ին սկանդալի ուղեկցությամբ քաղաքապետ դարձած Ասլանյանից և... կալանքի տանել։  


Հարցին՝ համարո՞ւմ եք, որ ապօրինի՞ եք  եղել կալանքի տակ, Ասլանյանն  արձագանքել է. «Իհարկե, ՀՀ-ում կա՞ իմ կարգավիճակում և էդ քրեական ալմանախի մեջ գտնվող որևէ մեկը, որը երկու տարի յոթ ամիս եղել է անազատության մեջ՝ առանց դատական որոշման»։


Փաստորեն, Ասլանյանը իր և իր պես ընդդիմադիրների չափումներով ոչ միայն ՔՊ-ին հաղթելու համար քաղբանտարկյալ դարձած գործիչ է, այլև ամենաերկարակյաց ու  դիմադրողունակ  կալանավորը։ Մի խոսքով՝ «герой, повстанец, арестант»։


 

Հիշեցնենք՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն  Մարուքյանի եղբայրը՝ Քրիստ Մարուքյանը, 2016 թ. հոկտեմբերի 2-ի ընտրություններում գլխավորում էր հիշյալ  կուսակցության նախընտրական ցուցակը, սակայն նրան այդպես էլ բախտ չվիճակվեց դառնալ ՀՀ երրորդ քաղաքի քաղաքապետը: Ավագանու 5 խմբակցությունների անդամների տխրահռչակ քվեարկության արդյունքում քաղաքապետ դարձավ (https://www.azatutyun.am/a/28784732.html) ՀՀԿ-ական Ասլանյանը։ Այդ դեպքից հետո նրան ԼՀԿ-ն  մկրտեց «մանդատագող» մականվամբ։  


Հ.Գ. Հարկ է նշել, որ հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանը քանիցս  այցելել է Վանաձոր,  համայնքապետ-կառավարություն հարաբերություններն էլ  այս ընթացքում ծավալվել են բնականոն հունով։ Փաշինյանը, նկատենք, 2020թ. հունիսի 30-ին իր ֆեյսբուքյան էջում կիսվել էր Վանաձորում կառուցապատման վերաբերյալ  հոլովակով՝ կցելով ԿառուցենքՀայաստանըՆորովի հեշթեգը։ Փաշինյանի այս հրապարակմամբ կիսվել էր նաև Ասլանյանը։ 2016-ին էլ Ասլանյանը մասնակցում էր Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցությանը, որի ընթացքում քննարկվել էր Վանաձորի զարգացման ծրագիրը:

 

Հ. Մանուկյան