ՀՀ-ի հետ քննարկումներում մեր կողմից որևէ ծանր փոխզիջում անելու հարց ամերիկյան կողմը չի բարձրացրել
Հայաստանի հետ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկի մասին հարցը մտել է Եվրոպական միության խորհրդի կամ նախարարների խորհրդի նիստերի օրակարգ, որը կքննարկվի և կորոշվի երկուշաբթի օրը։ Եթե այն հաստատվի, ապա դրանից հետո միայն կսկսվի վիզաների ազատականացման երկխոսությունը, իսկ բուն ազատականացումը տեղի կունենա երկխոսության ավարտից հետո։ Այս մասին Civic.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը։ Հայաստանը պետք է մի շարք չափանիշների համապատասխանի։ Մասնավորապես՝ բիոմետրիկ անձնագրեր պետք է ունենան քաղաքացիները, նաև՝ սահմանների նկատմամբ ամբողջական և պատշաճ վերահսկողություն։ Նաև պետք է խտրական վերաբերմունքը բացառող համապատասխան գործող օրենքներ լինեն։ Ահա այս բոլորից հետո ևս մեկ նիստ կլինի, և նոր միայն կկայացվի վիզաների ազատականացման մասին որոշում։   Անդրադառնալով Պետդեպի խոսնակ Մեթյու Միլլերի՝ ծանր փոխզիջումների մասին հայտարարությանը՝ Արման Եղոյանը նշել էր, որ այս հայտարարությունն, ամենայն հավանականությամբ, ՀՀ-ին չի վերաբերում։ Իսկ ի՞նչ ծանր զիջումներ պետք է անի Ադրբեջանը՝ ըստ ԱՄՆ-ի։ Եղոյանը չցանկացավ մեկնաբանել Միլլերի հայտարարությունը, միաժամանակ հայտարարեց, որ հայկական կողմի հետ քննարկումներում մեր կողմից որևէ ծանր փոխզիջում անելու հարց ամերիկյան կողմը չի բարձրացրել։ Նաև նշեց, որ հայկական կողմը բոլոր այն կետերում, որտեղ կարող էր ճկունություն ցուցաբերել, արել է։  Ադրբեջանի կողմից ՀՀ Սահմանադրությունը փոխելու պահանջը Եղոյանը պատրվակ է համարում խաղաղության պայմանագրի ստորագրումը ձգձգելու համար։ Ըստ նրա՝ եթե անգամ Ադրբեջանը մտավախություն ունի, որ ՀՀ մեկ այլ իշխանություն կարող է հետագայում խաղաղության պայմանագիրը տանել Սահմանադրական դատարան ու այնտեղ այն Սահմանադրությանը հակասող որակել, ապա այդ նույն իշխանությունը հետագայում կարող է կրկին փոխել Սահմանադրությունը։ Այսինքն՝ այդ մտավախությունն ընդամենը պատրվակ է։  Մանրամասն՝ տեսանյութում Վովա Հակոբյան