Բաքուն շատ ավելի լավ է սպառազինվել. Մակրոնը՝ Հայաստանի հետ ռազմական համագործակցության մասին

Ինքնապաշտպանության համար գործընկերներին զենք-զինամթերք մատակարարելը նորմալ է։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Լոնդոնում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում կայացած մամուլի ասուլիսում՝ մեկնաբանելով Հայաստանին սպառազինության մատակարարումների վերաբերյալ ադրբեջանցի լրագրողի հարցը։


«Ինքնիշխան երկրի խնդրանքին պատասխանելը, որը ցանկանում է սպառազինվել՝ զգալով, որ կարող է ագրեսիայի ենթարկվել մեկ այլ պետության կողմից, նորմալ է: Եվ ես երբեք չեմ լսել վարչապետ Փաշինյանից, որ նա պատերազմի կամ ագրեսիայի ինչ-որ ծրագիր ունենա»,- ասել է Ֆրանսիայի նախագահը և հավելել. «Սահմանների սահմանազատման շուրջ բանակցությունները դեռ շարունակվում են։ Ես հպարտ եմ, որ մենք Պրահայում ստորագրեցինք սահմանների սահմանազատման մասին հուշագիր՝ Ալմաթիի հռչակագրի հիման վրա։ Հուսով եմ, որ բանակցությունները հաջողությամբ կավարտվեն»:


Ինչպես նկատել է Մակրոնը, վերջին տասնամյակի ընթացքում Ադրբեջանը զինվել է շատ ավելի լավ, քան Հայաստանը։


«Եթե նայեք, ապա վերջին տասնամյակում Ադրբեջանը կարծես շատ ավելի լավ է սպառազինվել, քան Հայաստանը: Եվ եթե հիշողությունս չի դավաճանում (ուղղեք ինձ, եթե սխալվում եմ), Ադրբեջանն է 2020 թվականին սարսափելի պատերազմ սկսել»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահը:


Նա ընդգծել է, որ եթե Երևանն ու Բաքուն ավարտին հասցնեն խաղաղության պայմանագրի նախապատրաստումը, Փարիզը կաջակցի դրան։


«Ես կարծում եմ, որ ռազմական տեսակետից ցանկացած երկրի հետ համագործակցությունը միանգամայն նորմալ երևույթ է միջազգային պրակտիկայում: Հայաստանի հեռանկարը խաղաղությունն է, Ֆրանսիայի հեռանկարը խաղաղությունն է։ Իսկապես հուսով եմ, որ Ադրբեջանի հեռանկարը նույնպես խաղաղությունն է: Եվ եթե երկու երկրներն ավարտեն աշխատանքը խաղաղության համաձայնագրի շուրջ, մենք կաջակցենք դրան»,- եզրափակել է Մակրոնը։