Հաշվետվության մեջ, որը հրապարակվել է երեկ,
Իրավունքի և արդարադատության եվրոպական կենտրոնը (ECLJ) արբանյակային լուսանկարների
հիման վրա մանրամասն նկարագրել է 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի
վերահսկողության տակ անցած տարածաշրջանում հայկական ժառանգության հուշարձանների՝
անհանգստություն պատճառող անհետացումները կամ ոչնչացումը:
Լեռնային Ղարաբաղի հազարամյա ժառանգությունը սպառնալիքի տակ է: Սա ոչ միայն 100.000 հայերի մտավախությունն է, ովքեր լքել են իրենց հողերը 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի ռազմական գործողություններից հետո, այլև եզրակացություն, որն արել է Իրավունքի և արդարադատության եվրոպական կենտրոնը:
Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում, որը անտիկ
ժամանակներից ի վեր գրեթե անընդմեջ բնակեցված է եղել հայերով, կա շուրջ 500
մշակութային օբյեկտ, որոնք պարունակում են հայկական ժառանգության մոտ 6000
մասունքներ: 2020 թվականի դրությամբ 44-օրյա պատերազմի հետևանքով Լեռնային
Ղարաբաղի տարածքի գրեթե 70%-ն արդեն անցել էր Բաքվի լծի տակ։ Այդ ժամանակից ի վեր,
երբ 2023 թվականի սեպտեմբերին ամբողջ տարածքը անցավ Ադրբեջանի վերահսկողության
տակ, Ադրբեջանը հետևողականորեն մերժել է օտարերկրյա դիտորդների հասանելիությունը
մշակութային օբյեկտներին՝ չնայած Հայաստանի և միջազգային կազմակերպությունների
բազմաթիվ խնդրանքներին։
Այսպիսով, հենց արբանյակային լուսանկարների օգնությամբ, որ հավաքել են
հետազոտողներն ու կազմակերպությունները, ECLJ-ն կարողացել է ստեղծել ավերված
եկեղեցիների, անհետացած արձանների կամ ավերված գերեզմանոցների ճշգրիտ ցուցակը: