Ստեղծվել է «Եվրաքվե» ֆեյսբուքյան խումբը. Ո՞րն է նպատակը

Ժողովրդավարական ուժերի հարթակը սկսում է ԵՄ-ին Հայաստանի ինտեգրման հարցով հանրաքվե անցկացնելու վերաբերյալ ստորագրահավաք մեկնարկելու գործընթացը։ Հարթակն, ի դեմս «Ազատ քաղաքացի» ՀԿ ղեկավար Հովսեփ Խուրշուդյանի, այս մասին ազդարարել է այսօր տեղի ունեցած ասուլիսում։  Խուրշուդյանն այսօր մասնավորապես հայտարարել է նաև, թե քանի որ ստորագրահավաքը  ժամանակատար գործընթաց է, օրենքը  45 օր է նախատեսում, որի ընթացքում պետք է հավաքել 50 հազար ստորագրություն, ապա արդեն իսկ մեկնարկել են այդ  գործընթացի նախապատրաստական աշխատանքները, «որպեսզի հենց պատրաստ լինենք, դա սկսենք»։

 

Հարթակը, հանձինս «Հանրապետություն», «Հանուն Հանրապետության», Հայաստանի Եվրոպական կուսակցությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, օրերս է քննարկել  ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հանրաքվեի վերաբերյալ համապետական ստորագրահավաք անցկացնելու նպատակահարմարության հարցը, իսկ այսօր արդեն ստեղծվել է «Եվրաքվե» ֆեյսբուքյան խումբ, որը  համախմբում է Հայաստանի՝ Եվրոպական միությանը անդամակցելու կողմնակիցներին և միտված է այդ նպատակի շուտափույթ իրագործմանը։ Նշենք, որ խմբին, որը ստեղծվել է հուլիսի 22-ին,  արդեն իսկ միացել է մոտ 200 օգտատեր։

 

Հանրաքվեի մասին օրենքը սահմանում է՝ վերպետական միջազգային կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության անդամակցության հարցը դրվում է հանրաքվեի։