Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության
նախաձեռնությամբ հուլիսի 26-ին, ժամը 14:00-ին, ավագանու արտահերթ նիստ կգումարվի։
Այս մասին հայտնել է խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանը։ Օրակարգում մեկ հարց
է լինելու՝ պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայցեր ներկայացնելու մասին
հարցը։
Բանն այն է, որ ՀՀ դատախազության կողմից Գյումրի
համայնքի ավագանուն ներկայացվել են առաջարկություններ՝ Գյումրու համայնքի ղեկավարի
24 որոշում անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու մասին պահանջներով
ՀՀ վարչական դատարան հայցադիմումներ ներկայացնելու վերաբերյալ։ Օրակարգում տեղ գտած
երկու տասնյակից ավելի հայցերը, ինչպես տեղեկացնում է Հարությունյանը, վերաբերում են
Գյումրու նախկին քաղաքապետներ Վարդան Ղուկասյանի և Սամվել Բալասանյանի ղեկավարության
տարիներին կայացրած որոշումներին։
«Ուսումնասիրության ընթացքում պարզվել է հետևյալը
(մեջբերեմ 2 օրինակ). ՀՀ կառավարության 1998 թվականի որոշմամբ ««Կումայրի» արգելոց-թանգարան»»-ը՝
որպես համայնքային գույք, փոխանցվել է Գյումրի համայնքին՝ որպես սեփականություն:
2001թ.-ին Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը արգելոց-թանգարանի Աբովյան 143 հասցեում
գտնվող շենքը՝ «Հոկտեմբեր» կինոթատրոնը, ուղղակի վաճառքով՝ 25.000.000 ՀՀ դրամով օտարել
է «Կինոթատրոն Մոսկվա» ՍՊԸ-ին: Կինոթատրոնի շենքը հանդիսանում է պատմամշակութային հուշարձան
և ենթակա չէր օտարման»:
Բացի դրանից՝ ՀՀ պաշտպանության նախարարությանն անհատույց
օգտագործման հանձնված Գյումրու Ղարսի խճուղի 2/7 հողամասը՝ «Սև Ղուլ» պատմական ամրոցն
ու հողամասը, 2018 թվականին Գյումրի համայնքին են փոխանցվել սեփականության իրավունքով՝
որպես բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման հողամաս: Այդ նույն տարում
քաղաքապետ Սամվել Բալասանյանի և ավագանու որոշումներով «Սև Ղուլ» պատմական ամրոցն օտարվել
է նախ՝ Սիրական Մկոյանին, այնուհետ՝ Սամվել Բալասանյանի որդուն՝ Խաչատուր Բալասանյանին:
Եվ սա այն պարագայում, երբ տարածքն ու հողամասը՝ որպես բնապահպանական հատուկ պահպանվող
հող, չէին կարող լինել սեփականության իրավունքով այլ անձի փոխանցման առարկա և ենթակա
չէին օտարման:
Չնայած դատախազության գրությունը ուղղված է եղել
ավագանու բոլոր խմբակցություններին, սակայն այս օրակարգով արտահերթ նիստ գումարելու
նախաձեռնությամբ հանդես է եկել միայն «Քաղաքացիական պայմանագիր»-ը։
«Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը
շահագրգիռ է համայնքային շահերի պաշտպանության հայց ներկայացնել դատարան՝ վիճարկելու
համայնքի ղեկավարների այն ապօրինի հրամաններն ու որոշումները, որոնց արդյունքում օտարվել
է համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույք՝ դրանք վերադարձնելով համայնքին»,-
գրել է Քնարիկ Հարությունյանը: