Մինչ ՀՀ-ում ժողովրդավարական ուժերի հարթակն առաջարկում է ԵՄ-ին անդամակցության հարցով հանրաքվե անցկացնել, ռադիկալ ընդդիմությունն էլ
հեգնում ու ժամանակավրեպ, վտանգավոր է համարում նման «եվրո-օրակարգը», Մարիա Զախարովան
էլ հրապարակավ արտահայտում է իր հոգեկան ցնցումները,
որոնց հարուցման պատճառը ԵՄ-ի կողմից ՀՀ-ին 10 միլիոն դոլարի ռազմական օգնության տրամադրումն է, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը շարունակում
է իր եվրովոյաժը հեռավոր Բելգիայի Թագավորությունում։
Ինչպես ավետում է ՀՅԴ պաշտոնական կայքը՝
ընկեր Իշխանը աշխատանքային այցով այս օրերին Բրյուսելում հանդիպումներ է ունեցել ԵՄ
օրենսդիր, գործադիր տարբեր պաշտոնատար անձանց, ինչպես նաև քաղաքական շրջանակների հետ։
Ընդդիմադիր գործիչը հանդիպել է մասնավորապես Հայաստանի հետ բարեկամության խմբի նախագահ,
Եվրոպայի Ժողովրդական կուսակցության քաղաքական խմբի անդամ Լուկաս Ֆուրլասի,
Սոցիալ-դեմոկրատական քաղաքական խմբի անդամ Կոստաս Մավրիդեսի, Եվրոպայի պահպանողականների
և կոնսերվատիվների քաղաքական խմբի անդամ Չարլի Վայմերսի հետ, շնորհակալություն հայտնել «Հայաստանին ու Արցախին առնչվող
խնդիրների վերաբերյալ տարիներ շարունակ դրսևորած սկզբունքային դիրքորոշման համար»:
«Ընդգծելով Ադրբեջանի կողմից Հայաստանին ուժի սպառնալիքով միակողմանի զիջումների պարտադրման շարունակական քաղաքականության անընդունելի լինելու հանգամանքը՝ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը ներկայացրել է տարածաշրջանի համար նման քաղաքականության ապակայունացնող ազդեցությունները»,-Սաղաթելյանի եվրոպական այցի վերաբերյալ մասնավորապես նշել է
ՀՅԴ պաշտոնական կայքը և հավելել՝ Սաղաթելյանը խոսել է նաև Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ազատ արձակման խնդրի մասին և այդ հարցում կարևորել «Ադրբեջանի վրա միջազգային ճնշում բանեցնելու անհրաժեշտությունը»։
Հատկանշական է, որ դաշնակցական գործիչը, որի
կուսակցությունն ու ռադիկալ ընդդիմությունն առհասարակ գուժում են առաջիկայում
ՀՀ-ին պատուհասելիք մարտահրավերների՝ ընդհուպ պատերազմի մասին, և խոստանում են աշնանը վերսկսել
փողոցային պայքարը, հայրենիքի դարդ ու ցավերը շալակել, «ցուպը ձեռքն առել» ու հասել
է ոչ թե ռազմավարական դաշնակից ՌԴ, այլ...
Եվրոպա և ԵՄ խորհրդարանականների հետ է կիսվել «մեզ տանջող
ցավերով», նրանցից ակնկալել միջամտություն ու ճնշումներ Ադրբեջանի վրա։
Դավադրապաշտական տեսության սիրահարները, ենթադրաբար, սա կմեկնաբանեին որպես ՀՅԴ-ի
«վեկտորալ փոփոխություն», ՌԴ-ի հետ հարաբերությունները փչացնելու անհեռատեսություն
և նման այլ՝ անհեթեթ որակումներ կտային։
Ակնհայտ է, որ Արցախում ռուսական ներկայության
թողտվությամբ տեղի ունեցած էթնիկ զտումից և
Արցախի հանձնումից հետո նույնիսկ անուղղելի պրոռուսական սուբյեկտներն
են ստիպված ընդունել, որ հայ-ադրբեջանական
հարաբերությունների կարգավորման հարցում պետք է միջնորդական ջանքեր ակնկալել ոչ թե «տավարիշչ» Պուտինից, այլ՝ ԵՄ-ից և հավաքական Արևմուտքից։ ՌԴ-ն, ընկեր
Իշխանն ու նրա կուսակցությունն էլ կհամաձայնեն, չունի կամք և կարողություն
Ադրբեջանի վրա ազդելու, առավել ևս՝ որևէ հարցով ճնշումներ բանեցնելու, այդ թվում և
իր անգործության հետևանքով Ադրբեջանի
կողմից առևանգված՝ Արցախի ռազմաքաղաքական
ղեկավարության ազատ արձակման։ Հետաքրքիր է՝ ՀՀ վերադառնալուց հետո ընկեր Իշխանին
կհրավիրե՞ն Կոպիրկինի ընդունարան՝ այցի
տպավորություններով կիսվելու, ինչու չէ՝ նաև բացատրություններ տալու համար։